«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2001-03-10 | #45, 2001-03-13 | #46, 2001-03-14


ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Այնթապի ավանդների պահպանման համար

Արարատի մարզի Այնթապ ավանի բնակիչներն ապրում են շարունակական հոգսերի հերթական ձմեռը: Այնթապի ինքնապաշտպանության հերոսամարտի կոթողը եւ վերջերս այնտեղ տեղադրված պայքարի կազմակերպիչներիՙ քարե արձանագրություններով ժամանակն ասես անշարժացնող կիսանդրիները հիշողության պարտադրանք են նաեւ:

Այնթապի թիվ 2 միջն. դպրոցը հուշահամալիրից մի փոքր հեռավորությամբՙ կառուցված 1975 թ. ամենամեծ տիպային դպրոցներից մեկն էՙ բաղկացած 7 մասնաշենքերից, 32 դասարաններից: Անցած 10 տարիների երկրի բարձիթողի վիճակը, բնականաբար, իր ավերիչ ազդեցություններն է թողել ինչպես հանրապետության շատ կրթօջախների, այնպես էլ այս դպրոցի վրա: Չնայած մասնակի վերանորոգչական աշխատանքներինՙ դպրոցի շենքի մի մասը ջարդված դռներով, ծեփաթափ, խարխուլ պատերով ու պատուհաններով բավականին խեղճ տպավորություն է թողնում: Սակայն այսօր դպրոցի 800 աշակերտներից մի մասին բախտ է վիճակվել սովորել հաճելիորեն բարեկարգ ու տաք դասասենյակներում, մյուսները դեռեւս զրկված են այդ հնարավորությունից:

Այնտեղ, որտեղ գործում են սրտացավ ու հոգու նվիրումով մարդիկՙ բացվում են հույսի դռները: Այդպես եղավ նաեւ Այնթապի թիվ 2 միջն. դպրոցում: Տիկին Ալլա Սահակյանը 1992 թ. դժվարին ժամանակներում ստանձնելով կրթօջախի տնօրինությունը, իր շուրջը համախմբելով բարձրորակ ուսուցչական կազմ, աշխատել է բծախնդիր պատասխանատվությամբ եւ ամենայն խղճմտանքով: Դպրոցի աշակերտների թիվը 600-ից հասել է 800-ի (ուրախությամբ նկատենք, որ ավանում արտագաղթ չկա), որոնցից շատերն ավարտելով դպրոցը, շարունակում են ուսումը հանրապետության բուհերում:

Դպրոցի բարենորոգ, գեղեցիկ տեսքին նպաստել է սփյուռքահայ բարերար Բյուզանդ Մարգարյանըՙ ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքից: Դպրոցի վերանորոգման աշխատանքների համար Բյուզանդ Մարգարյանիՙ ՀՍՆՀ-ին տրամադրած նշանակալի գումարն օգտագործվել է դպրոցի 3 մասնաշենքերի, մուտքի, մարզադահլիճի բարեկարգման նպատակով: Շինարարական աշխատանքներին անհրաժեշտ գումարի մյուս մասը տրամադրել է ՀՍՆՀ-ի տնօրեն Ա. Կիրակոսյանը: Դպրոցում շրջելիս թե՚ ուսուցիչներից, թե՚ աշակերտներից Բյուզանդ Մարգարյանի մասին լսում ես ամենաջերմ ու բարի խոսքերՙ իբրեւ հետեւողական, պատասխանատու, բծախնդիր, գործունյա, ազգանվեր մի մարդու, որ ապրել է «Հայրենիքին հավատավորի հավատքով պիտի օգնել միայն» սկզբունքով: Կրթօջախի ուսուցիչներն ու սաները ջերմորեն ու հարազատորեն են կապվել իրենց բարերարի հետ: Անցած տարի սեպտեմբերին ուսումնական հաստատությունն անվանակոչվեց Բյուզանդ Մարգարյանի անունով:

Ծնունդով Հալեպ քաղաքից, արմատներով բնիկ այնթապցի կրթասեր ծնողների զավակ Բյուզանդ Մարգարյանը գործարար մարդու դժվարին, բայց եւ օրինակելի ճանապարհ է անցել: Բեյրութում նա երկու գործարան է հիմնել, նախՙ երկաթե գործիքների, ապաՙ բնակարանային շինանյութերի արտադրության, որն իր տեսակի մեջ միակն էր Միջին Արեւելքում: Գործարանը վերաբացվեց երրորդ անգամ, սակայն պատերազմական դժվարությունների պատճառով արտադրությունը չարդարացրեց. նա տեղափոխվեց ԱՄՆ եւ սկսեց զբաղվել առեւտրական գործունեությամբ: 1995 թ. դադարեցրեց 50 տարիների արտադրական եւ առեւտրական գործունեությունըՙ նվիրվելով ազգային-հասարակական կյանքին: Բյուզանդ Մարգարյանը երիտասարդ տարիքից անդամակցել է ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերությանը, որի առաջատարներից է եղել երկար տարիներ: Նրա հայանպաստ գործունեությունը տարաբնույթ ու բազմակողմանի է եղել: Լինելով Ամերիկայի հայկական համագումարի անդամՙ նա մասնակցում է Հայաստանի օժանդակության աշխատանքներին:

1997 թ. այցելելով Հայաստանՙ Բյուզանդ Մարգարյանը լինում է նաեւ Այնթապ ավանի թիվ 2 միջն. դպրոցում եւ հանդիպելով տնօրեն Ալլա Սահակյանին, ծանոթանում դպրոցի դժվարին կացությանը եւ վստահում նրա ազնվությանն ու նվիրումին: Հայրենիքին սատարելու ցանկությունը կենտրոնանում է Այնթապի դպրոցին օգնելու մտահոգությունների մեջ: Իբրեւ հին այնթապցու զավակ Բյուզանդ Մարգարյանն իր մեջ մշտապես կրել է արմատների հիշողության ձայնը: Եվ քանի որ Այնթապը նշանավոր է եղել իր դպրոցներով, եւ այնթապցիներն իրենց կրթական ավանդները տեղափոխել են սփյուռք ու զարգացրել այնտեղ, Բյուզանդ Մարգարյանը փափագում է Այնթապի կրթական ավանդները վերածնված տեսնել նաեւ հայրենի հողի վրա: Դպրոցի նորոգումը կրթական մակարդակը բարձրացնելու միջոց եւ առիթ է, որին կարող է նպաստել դպրոցում ստեղծվելիք կրթության զարգացման ֆոնդը: Դպրոցում շուտով կստեղծվի թանգարանՙ հին Այնթապի պատմությանը, մշակույթին, դպրությանը, բնակչության նիստ ու կացին վերաբերող: Առանձին բաժին կտրամադրվի Բյուզանդ Մարգարյանին, նրա անցած կյանքի ճանապարհին, որն էապես ուծացման դեմ պայքարի պատմություն է:

Հեռավոր Ամերիկայից իր մշտատեւ եւ հետեւողական հետաքրքրությամբ Բ. Մարգարյանն այժմ էլ շարունակում է արձագանքել դպրոցում կատարվող յուրաքանչյուր նորույթին: Բյուզանդ Մարգարյանի հայրենասիրությունը եւ այն ջերմ հարաբերությունները, որ զարգացել են նրա եւ ուսումնական հաստատության աշխատակիցների, աշակերտության միջեւ, վկայում են նրանց հետագա համագործակցության մասին: Հուսանք, որոնք նրա երազած նոր Այնթապըՙ մշակույթով, տնտեսությամբ ծաղկուն, առեւտրական շուկայով, զբոսաշրջության եւ տեղեկատվական կենտրոնով, լավագույն վարժարանով, եկեղեցով, մեծ թատերասրահով, կխորհրդանշի «պատմական Այնթապի եւ այսօրվա Այնթապի հայրենակիցների տեսիլքը»ՙ դառնալով հայրենի հողի վրա պատմական Այնթապի հին ու բարի ավանդների պահպանման եւ շարունակման գործընթաց:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4