«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2001-03-10 | #45, 2001-03-13 | #46, 2001-03-14


ԲԱՑ ՆԱՄԱԿ... Ո՞ՒՄ

Հասարակությա՞նը, մեր ժողովրդի՞ն, իշխանությա՞նը, թե՞ Օհան Դուրյանին: Նամակիս առնչությամբ, այո, բոլորն են հասցեատեր, նաեւՙ Սփյուռքը: Բայց ում եւ ինչի մասին էՙ պարզ ու միանշանակ պատասխան ունի...

1936 թ. հոկտեմբերի 6-ին մեր հազարամյա պատմության քառուղիների ամենամեծ դեմքերից Ակսել Բակունցը տաժանակիր բանտից, որտեղ ֆիզիկական ու հոգեւոր անլուր հավատաքննության էր ենթարկվում, ՀԿԲԿ կենտկոմի քարտուղար Ամատունուն եւ ներքին գործերի ժողկոմիսարիատի ահ ու սարսափ Մուղդուսուն դիմում է խնդրանքով, ոչ պաշտոն ստանալու համար, այլ միամտաբար կարծելով, թե իրեն, ինչպես շատերին, աքսորելու են հայրենիքից եւ ոչՙ գնդակահարելու, նրանց հիշեցնելով, որ ինքը հայ գրող է, աղերսում է. «Ինձ գրելու եւ կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատիտ տվեք... Ինձ ուղարկեք Հայաստանի որեւէ հեռու շրջան, գյուղ կամ խորհրդային տնտեսություն, միայն թե լսեմ կենդանի խոսք... Թողեք, որ մնամ... Հայաստանի դռան հավատարիմ շունը»:

Ես այս տողերն անմիջապես հիշեցի մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ դիտելով վաստակաշատ մաեստրո Օհան Դուրյանի ու նրա դատապաշտպանների հրավիրած մամլո ասուլիսը: Մի քանի տասնյակ լրագրողների առջեւ, իրականումՙ հայ ժողովրդի, մաեստրոն ձեռքը տարավ ծոցագրպանը, հանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացու իր անձնագիրը եւ, իբրեւ բողոք իր դեմ գործված անարդարության ձեռնաթափ եղավ նրանից կամ իրեն ոչ սազական ամբոխավարությամբ սպառնաց, թե կհրաժարվի, առանց դիրիժորության, անտեր թողնելով մեզ ու մեր մշակույթը: Խոստովանեմ, նրա հանդեպ տածած երկար տարիների իմ սերն ու պատկառանքը մի զգալի չափով հօդս ցնդեցին:

Ընթերցողիս հակիրճ հիշեցնեմ ասուլիսի նախապատմությունը, որ միակողմանի ծայրահեղ կողմնորոշումներով վերջերս մուտք է գործել մամուլի էջեր: 1999-ին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի (զարմանալի եռամիասնություն) նախարարությունը պայմանագիր է կնքում Դուրյանի հետՙ նրան հռչակելով մեր օպերայի «ցմահ գլխավոր դիրիժոր», (սխալ առաջին), նրան, փաստորեն, օծելով կաթողիկոս կամ Հռոմի պապ, որովհետեւ միայն նրանք են ցմահ: Վերջերս նախարարությունն իր այս «հռչակագիրը» լուծարեց (սխալ երկրորդ), սակայն ընկավ մի նոր փորձանքի մեջՙ պիտի կանչվի դատարան եւ պատասխան տա... Ավելացնեմ, որ նախարարությունը Դուրյանին չի զրկել իր դիրիժորական փայտիկը գործածելուց, այլ միայն ու միայն «կաթողիկոսությունից»: Եվ ահա մաեստրոն պայքարում է իր արտառոց պաշտոնի համար, թե չէ կթողնի երկիրն ու ժողովրդին եւ կգնաՙ առանց ետ նայելու: Նրան ոչ ոք չի վտարում հայրենիքից, նա սեփական ցանկությամբ ու կամոք է ինքնավտարվում, ի ցավ ե՚ւ իրեն, ե՚ւ մեզ:

Պարոն Դուրյանին չասե՞մ, որ մաեստրոությունը լոկ արհեստավարժություն չէ, այլ հոգեղեն, մեր դեպքում նաեւ ազգային-հայրենասիրական նկարագրի մակարդակ: Չասե՞մ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու գերագույն-գլխավոր փաստաթուղթը ձեզ ոչ մշակույթի նախարարությունն է տվել եւ ոչ իսկ երկրի նախագահը, այլ հարազատ ժողովուրդն ու հայրենիքը. դա նրանց բարձրագույն նվերն է ամեն մեկիս: Չասե՞մ, որ եթե ձեզ հետ անարդարացի են վարվել, մի եղեք այդքան պատվամոլ, որը պատվասիրության թարս երեսն է: Իմացեք, որ առավել մեծ անարդարությունների ենթարկվել, ենթարկվում ու ենթարկվելու են շատերը, մանավանդ մեր խառնակ ժամանակներում: Դուք ոչ առաջինն եք եւ ոչ էլ վերջինը, սակայն առաջինն եք, կարծում եմՙ նաեւ վերջինը, որ հրաժարվում է իր հայրենական պատկանելությունից: Այդ քայլը ձեր ամենամեծ թշնամին կդառնա, մաեստրո:

Ես բոլորիս ցավակցում եմ:

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4