«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2001-03-10 | #45, 2001-03-13 | #46, 2001-03-14


ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Վերոնշյալ խորագրի ներքո Մայքլ Չըրչը գրում է Բրիտանական «Աքոթսման» թերթի մարտի 6-ի համարում:

Ինչ ուզում եք ասեք Ռոբին Քուքի մասին, նա ամենահարմար անձնավորությունն էր Բրիտանական գրադարանում հայկական քրիստոնեական գանձերի նոր ցուցահանդեսի բացումը կատարելու: Քաղաքական լավ գործերի համատեքստում այս մեկը գերազանցում է բոլորին, քանի որ ցուցադրվող իրերի օրրանը տխուր անցյալով անհուսալիորեն աղքատ մի երկիր է, որն ամեն ջանք գործադրում է միանալու արեւմտյան ուժերին:

Միայն Թուրքիան է մնացել, որ դեռ ժխտում է թուրքերի իրագործած ցեղասպանությունը, որին 1915-ին զոհ գնացին միլիոնավոր հայեր եւ որը պատճառ դարձավ, որ վերապրողներն ապաստան փնտրեն այլ երկրներում: Հայկական սփյուռքը նախորդեց հետհոլոքոստյան շրջանի հրեականին եւ Հիտլերին հուշեց գործի դնել իր չարամիտ գաղափարը: Այս պատճառով է, որ հայերը մշակութային հզոր ուժ են Ֆրանսիայում, Կալիֆոռնիայում, Ավստրալիայում, Ռուսաստանում եւ Լիբանանումՙ չխոսելով դեռ Պորտուգալիայի եւ Բրիտանիայի մասին, որտեղ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամն իր գոյությունը պահպանում է շնորհիվ մշակութային գործերի: Ազգանունների «յան» վերջավորությունն է մատնում նրանց (հայ լինելը): Հիշեք երգչուհի Քեթի Բերբերյանին, վիպասան Վիլյամ Սարոյանին եւ Գրետա Գարբոյի նախասիրած ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին: Նրանք հայեր էին, տաղանդավոր անձնավորություններ:

Ուղիղ 1700 տարի առաջ Հայաստանն առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց քրիստոնեությունը եւ ներկա ցուցահանդեսի ենթավերնագիրը դա է հուշումՙ «Հայկական քրիստոնեական արվեստի 1700 տարիները»: Ճեմեք Բրիտանական գրադարանի նոր ցուցահանդեսի դահլիճներով, եւ դուք Ձեզ շրջապատված կգտնեք խաչքարերով, քանդակներով, փայտի փորագրություններով եւ կերամիկական իրերով: Իսկ պատերի երկարությամբ ապակյա ցուցափեղկերում դուք կարող եք գտնել մանրանկարներով գունազարդված գրքեր, որոնց նմանը երբեւէ չեք տեսել:

«Գունազարդված» բառը ճիշտ տեխնիկական տերմին լինելուց բացի, միաժամանակ առավել լուսատու մի բառ է, քանի որ այդ հին ավետարանների գույները դեռեւս վառ են: Նրանց մռայլ արեւմտյան համարժեքները համեմատվելու ոչ մի եզր չունեն սրանց հետ: Հայ ծաղկողներն իրենց թույլ են տվել հրաշալի ազատությամբ վարվելու ինչպես նյութիՙ մագաղաթի, այնպես էլ բովանդակության բացահայտման հետ: Նրանք իրենց մարդկային նմանակներին տվել են կինոնկարային շարժուն ազատություն եւ կայտառություն: Կաթի, ձվի, մկնդեղի, զանազան բանջարեղենային բաղադրամասերի խառնուրդից ստանալով հատուկ գունանյութՙ նրանք այդ բնագավառում գերազանցել են աշխարհում բոլորին, եւ դա հստակ նկատելի է:

Ավելին, նրանց աշխարհագրական դիրքըՙ քրիստոնեական եւ մահմեդական կայսրությունների ճամփաբաժանում գտնվելը հնարավորություն է տվել զարդանկարներում հասնել համաչափ խաչասերման: Նկարներում կարելի է հանդիպել Պարսկաստանին եւ Ռաջաստանին բնորոշ տարրերի: Դիցաբանական պատմություններում դարձյալ «խաչասերում» կա: Ապացույցՙ հայկական խաչելության մեջ առյուծը, որը քնած է խաչի տակ, գալիս է Հին Հունաստանից: Առաջին հայերեն գիրքը տպագրվել է Վենետիկում, իսկ առաջին Աստվածաշունչըՙ Մադրասում: Հայկական մշակույթը միշտ էլ եղել է կոսմոպոլիտ:

Բայց այս ցուցահանդեսը հարուստ է նաեւ քաղաքական նրբերանգներով: Ցուցանմուշների մեծ մասի լավ պահպանվածությունը վկայում է սովետների զարմանալիորեն լուսավոր վերաբերմունքի մասին: Մյուս կողմից, բազմաթիվ գանձեր, որոնք այստեղ պետք է լինեին, դեռեւս գտնվում են Իրանում եւ Վրաստանում: Իրանյան կառավարությունը չի ցանկացել մասնակցել, իսկ վրացիները, որոնք ավանդական թշնամիներն են իրենց հարավային հարեւանների, պատրաստ չէին ցուցոններ ուղարկելու իրենց չվերաբերող մի ցուցահանդես: Մյուս կողմից, ցուցահանդեսի խորագրում նշված «Տապանն» իր մեջ ամփոփում է ճակատագրի ամենաէական հեգնանքը: Քանի որ, ըստ ավանդության, ենթադրվում է, որ Նոյն իր տապանով հանգրվանել է Արարատ լեռան վրա, որը Հայաստանի մայրաքաղաք Երեւանից հստակ երեւում է, բայց ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում:

Այնպես որ, գնացեք եւ ապշեք: Սա Բրիտանական գրադարանի առաջին «արշավանքն» է դեպի շոու-բիզնես, եւ իրոք ցնցող է:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ մայիսի 28-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4