«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2001-03-13 | #46, 2001-03-14 | #47, 2001-03-15


«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱԶԱՏԱԳՐԵՆ ԶԱՎԹՎԱԾ ՀՈՂԵՐԸ»

Անկարայում Հեյդար Ալիեւը Հայաստանին եւ հայերին անվանեց հանդուգն

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հնգօրյա պաշտոնական այցով Թուրքիա մեկնելուց առաջ Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւը Բաքվի օդանավակայանում հայտարարեց, թե իր երկիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացում կողջուներ Անկարայի միջնորդությունը, սակայն Հայաստանը երբեք չի համաձայնի. «Թուրքիան մեր եղբայրն է ու ընկերը: Անշուշտ, թուրքական իշխանությունների հետ ԼՂ հակամարտության շուրջ մտքեր կփոխանակենք: Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հրահրված ագրեսիայից հետո մենք կայուն շփումներ ենք պահպանել Թուրքիայի հետ, քանզի թուրքերը միշտ սատարել են ադրբեջանցիներին»:

Պաշտոնական այցի շրջանակներում Հ. Ալիեւը մի շարք հանդիպումներից զատ մեկժամանոց ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում եւ ասել, թե Հայաստանի հանդգնությանը Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է պատասխանեն միասնաբարՙ «ազատագրեն զավթված հողերը»: «ԼՂ հակամարտությունը սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի համար: Որոշ երկրներից օգնություն ստանալով հայերը բացարձակապես հանդգնացել են եւ արդեն Կարսը, Արդահանն ու Նախիջեւանն են պահանջում», ասել է Ալիեւը, ընդսմին նշելով, թե նման պայմաններում թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումն այլընտրանք չունի:

Թուրքիայի խորհրդարանում Հ. Ալիեւի արած ռազմատենչ հայտարարությունը, ինչպես հաղորդում է «Բիլիք Դունյասի» գործակալությունը, Ադրբեջանում ընդունվել է հույսերի, սպասումների եւ անթաքույց հոռետեսության խառը զգացումով: Արմենպրեսի հաղորդմամբՙ ադրբեջանական ընդդիմադիր մամուլն ուշադրություն է դարձրել, որ Ղարաբաղի թեման առաջնային է եղել Ալիեւի ելույթներում: Մինչդեռ ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթը կանգ է առել Ալիեւի այցի «առողջական» հատվածին, գրելով, թե օր-օրի հյուծվող նախագահին հերթական հնարավորությունն ընձեռվեց հետազոտվելու «Գյուլհանե» հոսպիտալում: «Թուրան» գործակալությունը պնդում է, որ Հ. Ալիեւն Անկարայում, ի թիվս այլ խնդիրների, քննարկելու է իշխանությունը որդունՙ Իլհամին փոխանցելու հարցը: Ընդդիմության կարծիքով, պաշտոնական Բաքուն ռազմական օգնություն է խնդրել Անկարայից: Պատերազմի թեմային է անդրադարձել նաեւ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Էխո» թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Եթե Քոչարյան-Ալիեւ բանակցությունները տապալվեն, ապա խնդրի լուծման ռազմական տարբերակը կդառնա անխուսափելի. Եվս մեկ-երկու անհաջող հանդիպում նախագահների միջեւ եւ կարելի կլինի խոսել պատերազմի անհրաժեշտության մասին. Պատերազմի դեպքում մեզ կպաշտպանի ամբողջ մահմեդական աշխարհը, Թուրքիան»:

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, պահեստի գնդապետ Իսա Սադըխովը հավատում է, թե հավանական է Թուրքիայի ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը. «Այսօր կարիք չկա խոսել Թուրքիայի ռազմական ուղղակի միջամտության մասին, քանի որ Ադրբեջանն իր ուժերով կարող է լուծել: ԼՂ հարցին շատ հնարավոր է Ռուսաստանի միջամտությունը: Եթե հարեւան երկրները, մասնավորապես Ռուսաստանը, ներքաշվեն հակամարտության մեջ, անխուսափելի կդառնա Թուրքիայի միջամտությունը: Ես հավատում եմ, Թուրքիայի զինվորականների հետ հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանությունները ղարաբաղյան հակամարտության առումով պատշաճ եզրահանգումներ կանեն»:

Անկարա մեկնելուց առաջ Ալիեւն ասել էր, թե ԼՂ հարցը մանրամասնորեն կքննարկի թուրք զինվորականների հետ: Տակավին հայտնի չեն, թե Ադրբեջանի նախագահը թուրք զինվորականների ու ծայրահեղ ազգայնական Բահչելիի հետ հանդիպումներում ԼՂ հարցն ինչ առումով է քննարկել: Հայտնի է միայն, որ Ալիեւի այցի ընթացքում թուրք-ադրբեջանական որեւէ պայմանագիր կամ համաձայնագիր չի ստորագրվել:

Մեր կարծիքով, Ալիեւի Անկարա այցելությունը դեռեւս վաղ է հաջողված համարել: Մեկ բան է միմյանց նկատմամբ հաճոյախոսություններ շռայլելը, բոլորովին այլ բանՙ դրանք կյանքի կոչելու ցանկությունները, հնարավորությունները եւ հավանականությունները: Եթե Թուրքիան կարողանար, ապա Հայաստանի եւ ԼՂ-ի վրա կհարձակվեր, օրինակ, 1993 թ. ապրիլին, երբ հայերը ազատագրել էին Քելբաջարը, իսկ հանգուցյալ նախագահ Օզալը մի քանի օր անց պաշտոնական այցով Բաքվում էր: Թուրքիան ԼՂ հարցում բացահայտ միջամտություն ցույց տալուց առաջ նախ պետք է ստանա առնվազն երկու պետությանՙ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի թույլտվությունը: Այս ենթատեքստով ՌԴ ՍԴԾ տնօրեն Կ. Տոցկու աշխատանքային այցը Երեւան պատահական համարել չի կարելի: Դիտորդների կարծիքով, Անկարայի ցանկացած միջամտություն կնշանակի հակամարտության նոր օջախի բռնկում, այս անգամ Նախիջեւանումՙ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ողբերգական հետեւանքներով: Թերեւս Մոսկվան 1992 թ. հապաղեց. Նախիջեւանը թուրք-ադրբեջանցիներից ժամանակին ազատագրելու դեպքում Բաքուն եւ Անկարան երեւի թե «խաղաղասեր» լինեին: Այն ժամանակ Թուրքիան խոհեմ գտնվեց, այլապես այս օրերին Անկարայում գտնվող Հ. Ալիեւը թուրք պաշտոնյաների եւ զինվորականների հետ ստիպված կլիներ քննարկել «Նախիջեւանը հայ ագրեսորներից ազատագրելու» խնդիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4