Հայցվորը այն ընկերություններից է, որոնց գործունեությունը դադարեցվել է Արմենտելի կողմից մեկ օրում
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ
«Դատակոմ սերվիս» ՍՊԸ-ն պատրաստվում է դատի տալ Արմենտել ՀՁ ՓԲԸ-ին: Ընկերությունը օրերս դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանՙ Արմենտելին իր հետ կնքած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը պարտավորեցնելու հայցով: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց ընկերության գործադիր տնօրեն Արկադի Սարկիսյանը, այս տարի փետրվարի 20-ին իրենց եւ Արմենտելի միջեւ կնքվել է պայմանագիրՙ վերջինիս կողմից E-1 կապուղի տրամադրելու մասին, նույն օրը տեղադրվել է կապուղի, ինչը, սակայն, այդպես էլ հնարավոր չի եղել շահագործել, քանի որ նույն օրը, կապուղու տեղադրումից մի քանի ժամ անց, Արմենտելը չգիտես ինչու փոշմանել է ու որոշել անջատել կապուղին: «Դատակոմի» պնդմամբ, այդ օրն անջատվել է նաեւ մյուս մի քանի տասնյակ ընկերությունների կապուղին: Ի պատասխան ընկերության բողոքի, Արմենտելից ստացվել է նրա կոմերցիոն գլխավոր տնօրեն Պապադիմիտրիուի ստորագրությամբ մի գրություն, ըստ որի Արմենտելը պահանջել է մինչեւ փետրվարի 23-ը տեղեկություններ տալ կազմակերպության գործունեության վերաբերյալ, այդ թվումՙ հիմնավորում միջքաղաքային, միջազգային ելից մտից զանգերի անհրաժեշտության վերաբերյալ: Ըստ պրն Սարկիսյանի, դա լիովին անհիմն պահանջ է եւ իրավաբանորեն խոցելի: Ըստ պայմանագրի, փաստորեն, «Դատակոմը» ոչ մի պարտավորություն չունի որեւիցե հիմնավորում տալու իր ելից ու մտից զանգերի անհրաժեշտության վերաբերյալ: Պայմանագրով ընկերությանը ընդամենը տրամադրվել է E-1 կապուղի եւ վերջ, ինչը ի սկզբանե ենթադրում է երկկողմանի կապ: Պրն Սարկիսյանի պնդմամբ, պայմանագիրը հրապարակային է, եւ մինչեւ փոփոխություններ մտցնելը (այսինքնՙ երկկողմանի կապը միակողմանիով փոխարինելը) ու որոշում կայացնելը, Արմենտելը պարտավոր էր դա համաձայնեցնել երկրորդ կողմի հետ, ինչը չի արել:
Նորից ու նորից Արմենտելի մենաշնորհի խնդիրը
Առանց հիմնավոր փաստերի Արմենտելը հայտարարել է նաեւ, որ «Դատակոմը» խախտել է Արմենտել ՀՁ-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված թիվ 60 ա լիցենզիայի պայմանները: Ընկերությունը գտնում է, որ վկայակոչված երկու հարցադրումները չեն բխում ՀՀ օրենսդրության պահանջներից, քանի որ կազմակերպությունը գործում է «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի ու դրան համապատասխան նորմատիվ ակտերի շրջանակներում, եւ Արմենտելը վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի: Ինչ վերաբերում է թիվ 60 ա լիցենզիային, ապա չկան անհրաժեշտ բավարար փաստեր խախտելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ թիվ 60 լիցենզիայով ամրագրվում է ՀՀ կառավարության կողմից Արմենտելին փոխանցված իրավունքըՙ ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտում որոշակի ծառայություններ մատուցելու վերաբերյալ: «Դատակոմի» գործադիր տնօրենի կարծիքովՙ ամբողջ խնդիրը բխում է այդ լիցենզիայով Արմենտելի մենաշնորհային բացառիկ հնարավորություններից: Բանն այն է, որ ներկայումս Արմենտելն ունի իր ծառայությունների որակի ու նաեւ շուկայի հետ կապված խնդիրներ (քանի որ շուկայում նա դիրքերը ստիպված է որոշ չափով զիջել ինտերնետ-հեռախոսին), մեծ խնդիրներ ունի նաեւ իր դրսի տրաֆիկի (զանգերի ծավալի) նվազման առումով: Դրանց լուծումը պահանջում է ինչպես մեծ ներդրումներ, տեխնիկական վիճակի բարելավում, այնպես էլՙ լավ մենեջմենթ, եւ փոխանակ իր խնդիրները նորմալ, քաղաքակիրթ ձեւով լուծելու, փորձում է բանեցնել իր բացառիկ մենաշնորհային իրավունքները, եւ խնդիրներին մոտենում հետեւյալ ձեւով. «Ես մոնոպոլիստ եմ եւ կարող եմ անել այն, ինչ կամենամ այս շուկայում, ոչ ոք ոչինչ չի կարող անել դրան հակառակ», եւ իրեն թույլ է տալիս ուղղակի վերցնել ու անջատել ձեռնարկություններին իր տրամադրած կապուղին:
Ըստ Սարկիսյանի, եթե անգամ Արմենտելը խնդիրներ ունի շուկայում իր ծառայություններն անօրինական ձեւով «փախցնողների» հետ, ապա դա իրենց բոլորովին չի վերաբերում, քանի որ եթե անգամ իրենք տեսականորեն նպատակ ունենային անօրինական ձեւով հեռախոսային կապ իրականացնելու ու անօրինական գործունեությամբ զբաղվելու, ապա իրենց պետք կլիներ հսկայական տեխնիկական ու նյութական կարողություններ (ինչը, բնականաբար չունեն) եւ երկրորդՙ որպեսզի իրականացնեին նման կապ, իրենց E-1-ը պետք է միացած լիներ Արմենտելի միջքաղաքային ու միջազգային կայաններին, մինչդեռ ընկերությունն անգամ այդպիսի խնդիր չի ունեցել ու այդ խնդրով չի դիմել Արմենտելին: «Ասել, որ մենք կարող էինք ինչ-որ անօրինական քայլ անելՙ աբսուրդ է: Մի օրում, այն էլ մեզ նման փոքր ֆիրման, որ այդքան մեծ կարողություններ չունի, չէր կարող նման խնդրի առաջ կանգնեցնել այնպիսի կետ ձկան ինչպիսին Արմենտելն է: Եթե դա այդպես է, ապա Արմենտելը պետք է մտածի իր ղեկավար ապարատը մեզանով փոխարինելու մասին», կատակեց պրն Սարկիսյանը: Ըստ նրա, ի սկզբանե իրենց խնդիրն է եղել, օգտագործելով E-1 կապուղին, մատուցել ինտերնետ-ծառայություններ, այդ թվումՙ ընկերության կողմից մշակված մի հետաքրքիր նորույթՙ առավելագույնս պաշտպանվածության տեխնոլոգիա, ինչը հնարավորություն է տալիս ինտերնետ-բաժանորդին հնարավորինս պաշտպանել իր ինտերնետային էջը հաքերների հարձակումներից կամ իր պարոլը (գաղտնանշանը) գողանալուց, ինչը մեծ տարածում ունի ինտերնետ-աշխարհում: Տեղեկացվեց, որ ընկերությունն արդեն մոտ մեկ տասնյակ մասնավոր խոշոր հայաստանյան ընկերությունների հետ կնքել էր նման համակարգեր տեղադրելու ու ինտերնետ-ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր: E-1 կապուղու խափանումից հետո կնքված 10 պայմանագրից 5-ն արդեն ի չիք են դարձել, ինչը նշանակում է նյութական կորուստներ: Բացի այդ, վերոհիշյալ խնդրի պատճառով ընկերությունը ստիպված է վերանայել իր հարաբերությունները իր գործընկերոջՙ ամերիկյան հայտնի «a-trend» ընկերության հետ, որի տեխնիկական ներկայացուցիչն է Հայաստանում: Սակայն այս պահին «Դատակոմին» անհանգստացնում է ոչ այնքան նյութական կորուստների վերադարձումն, այլ իրենց պայմանագրային իրավունքների հաստատումը, դատարանի արդար որոշումը, այն էՙ պարտավորեցնել Արմենտելին վերականգնել պայմանագրին համապատասխան տրամադրած կապուղին: