ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Երեւան» հյուրանոցում երեկ տեղի ունեցավ Հայաստանի ֆոնդային բորսայի (Armex) շնորհանդեսը: Այս նորաստեղծ կառույցը սկսեց գործել «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքի ընդունումից հետո: Նրա գործունեության ձեւերի եւ կառուցվածքի մասին հանգամանալի տեղեկատվություն «Ազգն» արդեն հրապարակել է («Բորսան ընդամենը վայր է առեւտուր կազմակերպելու համար», 15 փետրվարի, 2001 թ.): Երեկվա հանդիսության ժամանակ ողջույնի խոսքով ելույթ ունեցողները բազմիցս անդրադարձան նույն տեղեկատվությանըՙ նոր օրենքների պահանջներին համապատասխան բորսան ինքնակարգավորվող կազմակերպություն է: Այն ստեղծել են Հայաստանի նախկին 4 բորսաներում գործող բրոքերային ընկերությունները: Ի տարբերություն նախկին բորսաների, Armex-ը ոչ բաժնետիրական ձեւով է ստեղծվել, շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում, յուրաքանչյուր անդամ (բրոքերային գրասենյակ) ունի մեկ ձայնի իրավունք: Ըստ նոր բորսայի դիտորդ խորհրդի նախագահ Էդվարդ Սանդոյանիՙ 28 բրոքերային ընկերություններ վերալիցենզավորվել են, որոնցից 19-ը Armex-ի հիմնադիր անդամներն են: Պատասխանելով «Ազգի» հարցին, թե որքանո՞վ է հնարավոր այս բորսայի կայացումըՙ նկատի ունենալով տնտեսության իրական հատվածի վիճակը եւ շուկայի սահմանափակ ծավալները, դիտորդ խորհրդի նախագահը պատասխանեց, որ ինքը չի տառապում «ուտոպիական ֆետիշիզմով» եւ գտնում է, որ պետք է քայլ առ քայլ հասնել կառույցի կայացմանը: Խոսքն այստեղ ինստիտուցիոնալ կայացման մասին է, որ կոչված է ապահովելու այդ բիզնեսի զարգացումը: Ինքըՙ այս ինստիտուտը, բիզնես չի ստեղծելու: Իսկ թե չի կրկնվի այն, ինչ այժմ տեղի է ունենում բանկային համակարգում, կապված նրա տնտեսության իրական հատվածից հեռու լինելու հետ, մեր մյուս հարցի առնչությամբ Էդվարդ Սանդոյանն այն կարծիքը հայտնեց, որ բանկային համակարգում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:
Չնայած պրն Սանդոյանը խոստովանեց, որ վարկային ներդրումները մեր տնտեսության մեջ չնչին ենՙ 9- 10 տոկոս, այն դեպքում, երբ անգամ ոչ այնքան զարգացած երկրներում այդ թիվը հասնում է մինչեւ 50 տոկոս, այդուհանդերձ, նրա կարծիքով, բանկային համակարգում վատթարացում չկա: Նույն համոզմունքը նա ունի նաեւ կապիտալի շուկայի կայացման հնարավորության վերաբերյալ: Ինչեւէ: Ամեն ինչ ցույց կտա ժամանակը, իսկ երեկ շնորհավորանքների օր էր:
ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանն իր ելույթից հետո Armex-ի դիտորդ խորհրդի նախագահին հանձնեց բորսայի գրանցման վկայականը: Այնուհետեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանըՙ ողջունելով բորսայի անդամներին եւ ղեկավարներին, կարեւորեց նրա ինքնակարգավորվող մարմին լինելու եւ որպես այդպիսին գործելու փաստը: Բորսայի ստեղծումը Հայաստանի տնտեսական կյանքում «չափազանց կարեւոր քայլ» համարեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ արժեթղթերի ոլորտը թերզարգացած է, եւ կան խնդիրներ, ինչի հաղթահարման նպատակով ստեղծվել է Հայաստանի ֆոնդային բորսան:
Միջոցառմանը հրավիրված էին բազմաթիվ ներկա եւ նախկին պաշտոնյաներ, գործարարներ, պատգամավորներ: Հատկապես աչքի էր զարնում նախկին իշխանությունների ժամանակ մեծ ու փոքր պաշտոններ զբաղեցրած անձանց բազմաթիվ լինելը: Այդուհանդերձ, բոլորն այդ օրը մոռացել էին նախկին եւ ներկա պարտքերն ու հաշիվները, հաշտ ու համերաշխ զրուցում էին եւ օգտվում Armex-ի հյուրասիրությունից: