Իսպանիայի Լինարես քաղաքում վեց հանրահայտ գրոսմայստերների մասնակցությամբ անցկացված մրցաշարում կրկին հիանալի հաջողության հասավ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: ՖԻԴԵ-ի դասակարգման շատ բարձրՙ 19-րդ կարգ ունեցող մրցաշարում նա ֆենոմենալ արդյունք ցույց տվեց: Երկու շրջանով ընթացող մրցումների 10 տուրերում մոսկվացի շախմատիստը 5 հաղթանակ տարավ, մնացած 5 հանդիպումներն ավարտեց ոչ-ոքի եւ 7,5 միավորով գրավեց առաջին տեղը: Հետաքրքիր է, թե ինչպիսին կլիներ մրցապայքարը, եթե Լինարեսում հանդես գալուց չհրաժարվեին ներկայիս չեմպիոններըՙ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն ու հնդիկ Վիշվանաթան Անանդը:
Անցյալ տարվա վերջին Կրամնիկի հետ մրցախաղում չեմպիոնի կոչումը կորցնելուց հետո Գարրին չի հանգստանում եւ լի է փոխվրեժի հասնելու վճռականությամբ: Նա նախ հունվար ամսին հաղթեց Վեյկ ան Զեեի գերմրցաշարում, որտեղ խաղում էին նաեւ Անանդն ու Կրամնիկը, եւ ահա այժմ էլ նման տպավորիչ հաջողության հասավ Լինարեսում: Կասպարովը կրկին ապացուցեց, որ ինքն է աշխարհի ուժեղագույն շախմատիստը:
Մրցաշարից հետո տված հարցազրույցներից մեկում աշխարհի 13-րդ չեմպիոնն ասաց, որ ինքը ոչ միայն կարող է հավասար խաղալ ավելի երիտասարդ մրցակիցների հետ, այլեւ նրանց գերազանցել ստեղծագործական ներուժով, էներգետիկ պաշարով: Նա ավելացրեց, որ ինքը լի է մտահղացումներով:
Կասպարովի գերազանցության մասին է խոսում միավորների տարբերությունը: Նրա բոլոր մրցակիցներն աշխարհի առաջատար շախմատիստներ էին, բայց նրանցից եւ ոչ մեկը չկարողացավ հաղթահարել հիսուն տոկոսանոց սահմանագիծը: Մյուս բոլոր հինգ մասնակիցներըՙ Անատոլի Կարպովը, Ալեքսանդր Գրիշչուկը (երկուսն էլՙ Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Հուդիթ Պոլգարը, Պետեր Լեկոն (երկուսն էլՙ Հունգարիա), վաստակեցին 4,5-ական միավորՙ զգալիորեն ետ մնալով Կասպարովից: