<20014803.jpg>
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի /խորհրդարան/ նախագահ Սպիրոս Կիպրիանուին:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին, Հանրապետության նախագահն ասել է, որ միշտ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի ղեկավարների հետ եւ վստահություն է հայտնել, որ Կիպրոսի խորհրդարանական պատվիրակության այցը կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը:
Արձանագրելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, զրուցակիցները նշել են, որ այսօր փորձ է արվում ակտիվացնել տնտեսական համագործակցությունը, որի համար առկա է մեծ ներուժ: Նրանք ասել են, որ տնտեսական կապերի հաստատմանն են ուղղված նաեւ վերջին ժամանակահատվածի ակտիվ շփումները, եւ ավելի համակարգված աշխատանքի դեպքումՙ հնարավոր է լուրջ արդյունքի հասնել: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, մի շարք ոլորտներում Կիպրոսն ունի մեծ հաջողություններ, ինչը հետաքրքիր է Հայաստանի համար:
Հանրապետության նախագահը ընդգծել է, որ երկու երկրներին մերձեցնում է նաեւ պատմական ընդհանրությունը: Նրա խոսքով, Հայաստանի եւ Կիպրոսի ավանդական բարեկամությունը դրսեւորվում է նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակումՙ նրանց արդյունավետ համագործակցությամբ:
Ռոբերտ Քոչարյանը վերահաստատել է այս տարվա ընթացքում Կիպրոսի նախագահ Գլավկոս Քլերիդիսի Հայաստան պաշտոնական այցի հրավերը:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ