<20014801.jpg>
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ
«Ո՚չ, ցանցերի սեփականաշնորհմանը, այո՚, Հայաստանի անկախությանը» կոչն էր փակցված երեկ Ֆիլհարմոնիկ դահլիճում (ընդ որումՙ «ոչ»-ն ու «այո»-ն ալ կարմիրով): Դահլիճը լեփ-լեցուն էր: Աննախադեպ հավաքի առաջնորդները, ինչպես պարզ դարձավ հետագա ելույթներից, 4 կուսակցություններ էինՙ ՍԻՄ- ը, Դեմկուսը, ՀԺԿ-ն եւ ՀԿԿ-ն եւ....Արշակ Սադոյանը, հավաքի առիթը ավելի քան հրատապՙ Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը: Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի քննարկվելուց, ԱԺ կողմից հաստատվելուց հետո ԲԷՑ-երի մասնավորեցման մրցույթը հասել է վերջնական փուլին, եւ մարտի 24-ին հայտնի է դառնալու հաղթողի անունը երեք ընկերություններից (ամերիկյան AES, իսպանական «Union Fenoza» եւ շվեդա-շվեյցարական ABB):
«Ի՞նչ է սպասում Հայաստանին ընդհանրապես ԲԷՑ-երի սեփականաշնորհումից հետո», հարցրեց Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա եւ հետագա մյուս ելույթ ունեցողների խոսքում փորձ արվեց հիմնավորել իշխանության հասցեին հնչող մեղադրանքներն առ այն, որ նրանք դավաճանական քայլ են իրականացնում սեփական ժողովրդի հանդեպՙ վաճառելով երկրի ռազմավարական կարեւորագույն ոլորտը օտարներին, որպեսզի հաճոյանան միջազգային ֆինանսական կազմակերպություններին ու նրանցից ստանան հետագա վարկերը, հերթական SAC-երը: Ի՞նչ են տալիս այդ վարկերը. որքանո՞վ են թեթեւացնելու աղքատության դուռն հասած ու արտագաղթի ճամփան բռնած ժողովրդի վիճակը: ՀԲ ստացած 300 մլն-ի, օրինակ, մեկ երրորդը գնացել է նույն վարկատուների, այսպես կոչված խորհրդատուների գրպանը, մյուս մեկ երրորդըՙ չինովնիկների, իսկ մնացածն էլՙ այնպիսի գործերի վրա է ծախսվել, որոնք իսկի պետք էլ չէին Հայաստանին: Եվ ընդհանրապես Հայաստանի ինչի՞ն է պետք ցանցերի սեփականաշնորհումը, դրանից հետո էներգաարտադրող ձեռնարկությունների ու արտահանման ֆունկցիան պետության ձեռքից օտարին փոխանցելը, երբ դա այսօրվա դրությամբ Հայաստանի համար այնքան մեծ նշանակություն ունի, ինչպես նավթըՙ Ադրբեջանի համար, երբ Հայաստանն ունի էներգետիկ ռեսուրսների ավելցուկ, նրա 4 հարեւաններից 3-ը ունեն էլեկտրաէներգիայի դեֆիցիտ: Այսինքնՙ չկա այս հարցում ոչ մի հիմնավորումՙ ոչ քաղաքական, ոչ ազգային անվտանգության տեսակետից, ոչ տնտեսական, ոչ էլ սոցիալական: Մի խոսքով վերցնել ու այդ հզոր գործոնը, որով Հայաստանը ուժ է տարածաշրջանում (տնտեսական ուժը առաջին հերթին քաղաքական ուժ է), այդ ոլորտը հանձնել օտարին սոսկ այն պատճառով, որ չես կարողանում լավ կառավարել ու պայքարել կլանների, համակարգը թալանողների դեմ, հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ: Ու ինչքան էլ Դեմկուսի ղեկավարը մի քանի անգամ, նաեւ ՍԻՄ- ական Հայկ Բաբուխանյանը կրկնեցին, որ իրենց նպատակը քաղաքական շահարկումները չեն, գրեթե բոլոր ելույթների վերջաբանը նույնն էր. «Չե՞ք կարողանում բռնել գողերի ձեռքը, հեռացեք, ասպարեզը թողեք նրանց, ովքեր կարող են պաշտպանել այս ժողովրդի շահերը»: Եթե իշխանությունը չի կարողանում կառավարել էներգետիկ ոլորտը, ապա ինքն իր ձեռքով «ստորագրում է իր անզորության տակ»:
«Տնտեսական» հիմնավորումներից զատ հնչեցին նաեւ ելույթներՙ հայրենասիրական ռոմանտիկայից: Բեմ բարձրացավ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը եւ նախօրոք ներողություն խնդրելով իր հուզական ելույթի համար, անդրադարձավ ամեն ինչինՙ Ռոբերտ Քոչարյանի Եվրախորհրդում արժանապատիվ կեցվածքից մինչեւ նրա ճաշակըՙ ջազ երաժշտությանը, որը ողողել է Հայաստանը, «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող «Գոլդեն Պալաս» հյուրանոցին ու մինչեւ անգամ Հանրային հեռուստատեսության նախագահ Տիգրան Նաղդալյանին: Տիկին Կապուտիկյանի ելույթից հետո բեմ բարձրացած Արշակ Սադոյանը, ի զարմանս հանդիսատեսի, միանգամից անցավ գործնական խոսակցությանՙ կոչ անելով հարցը տեղափոխել «գործնական հարթության վրա»: Թեեւ հետագա խոսքը իսկական սադոյանական էր: Պատգամավորը կոչ արեց լայն զանգվածներին համախմբվել ու «ռմբահարել իշխանությանը», որը ոչ թե գլխից է հոտել, ինչպես ձուկը, այլ ուղեղից: Ինչ վերաբերում է օրենքին, պրն Սադոյանը հիշեց, որ օրենքը ընդունվել է 63 ձայն կողմով, ինչը անօրինական է: Հավաքի ժամանակ, իհարկե, եղան անդրադարձներ Արմենտելին, կոնյակի գործարանին եւ մյուս սեփականաշնորհումներին: Չմոռացան նույնիսկ հիշատակել ամենահավանական հաղթողիՙ ամերիկյան «AES Silk Road»-ի ավերիչ գործունեության օրինակները Ղազախստանում ու Վրաստանում: Վերջում հավաքի մասնակիցները ընդունեցին վաճառքի գործարքը դադարեցնելու պահանջով բանաձեւ, ստեղծվեց հանձնախումբ, որոշվեց, որ այսօր տեղի կունենա նոր քննարկում, հանձնախմբի նախաձեռնողները հույս ունեն մոտ ապագայում հանդիպել վարչապետին եւ շարունակել իրենց քայլերը, այսինքնՙ պայքարել մինչեւ վերջ:
Երեկվա հավաքից հետո, ինչքան էլ փորձես այն արձանագրել իբրեւ միջոցառում, չես կարող չհարցնել. ինչո՞ւ հանկարծ հիմա հիշեցին հարգելի պատգամավորներն ու քաղաքական գործիչները բաշխիչ ցանցերի մասին, երբ ժամանակին ունեին այդ հնարավորությունը որպես ժողովրդի կողմից ընտրյալներ, լոբբիինգ անելու ԱԺ-ում, պայքարելու, ամեն կերպ արդարությունը պաշտպանելու: Ինչո՞ւ մրցույթի ավարտի նախօրյակին հիշվեց դրա մասին, երբ որ մոտ մեկ տարի կար ընդունումից հետո հարցը դարձնելու «ժողովրդական լայն զանգվածների» քննարկման առարկա: Իսկ ո՞ւր էր քննարկումը, որի անվան տակ վերոհիշյալները հավաքել էին հանրությանը, լրագրողներին: