Դատավորների թիվը կհամալրվի 31-ով
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի նախագահ Արման Մկրտումյանն ապրիլի 15-ին լրագրողներին ներկայացրեց հանրապետության դատարաններում 2000 թ.-ին քննված քաղաքացիական գործերի ամփոփ պատկերը: Քաղաքացիական եւ տնտեսական գործերի քննության արդյունքներն ամփոփվել են գրքույկում եւ ուղեկցվում են մեկնաբանություններով ու վերլուծություններով:
Այսպես, հանրապետության առաջին ատյանի դատարաններում անցյալ տարի կայացել է 26054 վճիռ, որից վերաքննիչ դատարանում բողոքարկվել է 2177-ը: Ա. Մկրտումյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանները գործում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Բացի այդ, լուծված չէ դատավորների մասնագիտացման հարցը, որը դատական ակտեր կայացնելիս հանգեցնում է մակերեսային մոտեցման: Բնական համարելով, որ դատավորը հավասարաչափ չի կարող տիրապետել ե՚ւ քաղաքացիական, ե՚ւ քրեական իրավունքին, դատարանների նախագահներին հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջին ատյանի դատավորների մասնագիտացման ցանկը:
Վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատի նախագահի կարծիքով, եթե մասնագիտական բաժանումը հեշտ է կատարել մայրաքաղաքի դատարաններում, որտեղ դատավորների թիվը մեծ է, ապա նույնը չի կարելի ասել մարզային դատարանների մասին: Նշենք, որ առաջին ատյանի դատարաններն ընդհանուր իրավասության դատարաններ են, որտեղ քննվում են քաղաքացիական, տնտեսական, վարչական, քրեական եւ զինվորական գործեր: «Դատավորը հաճախ մեկ օրվա ընթացքում ստիպված է լինում մի իրավական դաշտից տեղափոխվել մեկ այլ իրավական դաշտ, որը չի նպաստում նրա մասնագիտական գիտելիքների զարգացմանը», ասաց Ա. Մկրտումյանը:
Մեր ունեցած տեղեկություններով, դատարանների նախագահների խորհուրդը դատավորների ծանրաբեռնվածության հարցը պատրաստվում է լուծել դատարանակազմության մասին օրենքում փոփոխություններ կատարելով: Այսինքն, դատարանի ծանրաբեռնվածությանը համապատասխան ավելացնել դատավորների թիվը: Թեպետ Ա. Մկրտումյանն այդ հարցում լռություն պահպանեց, ասելով, որ ԴՆԽ-ի կողմիցՙ օրենսդիր մարմին այդպիսի առաջարկ չի արվել, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ազգային ժողովն արդեն ՀՀ նախագահի հաստատմանն է ներկայացրել դատարանակազմության մասին օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որի դատավորների թիվը կավելանա 31-ով:
Գրքույկում տեղ գտած վերլուծությունն ավելի քան «հետաքրքրական» է: «Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ կայացված 26054 վճիռների շուրջ կեսըՙ 12334 վճիռ, բաժին է ընկնում Երեւան քաղաքի դատարաններին: Վերաքննիչ բողոքների վերլուծությունը նույնպես ցույց է տալիս, որ դրանց գերակշռող մասը (շուրջ երեք անգամ ավելի) բերվել է Երեւան քաղաքի դատարանների կայացրած վճիռների դեմ: Այստեղից կարելի է հետեւություններ անել, որ բարդ քաղաքացիական գործերը հիմնականում քննվում են Երեւան քաղաքում», եզրակացնում են քաղ. եւ տնտ. գործերով վճռաբեկ պալատում: Այս վերլուծության հիման վրա օրենսդրական փոփոխություններ կատարելու մի շարք առաջարկներ են արվել:
Հասարակությանը հուզող հարցերից մեկն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում տեղ չգտած բարոյական վնասի հատուցման մասն է, որը բարձրացրինք վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ: «Բարոյական վնասի հատուցումը հայկական մենթալիտետի հետ կապ չունեցող ինստիտուտ է», կտրուկ հայտարարեց Արման Մկրտումյանը: Նրա կարծիքով, եթե «հանկարծակի» բարոյական վնասը մտցվի մեր օրենսդրության մեջ, քաղաքացիական օրենսգրքի վերջում էլ պետք է հայհոյանքների ցանկն ու արժեքը ներկայացվի: Ավելի սարսափելին այն է, որ դատարանների ծանրաբեռնվածությունը կավելանա կրկնակի: Պրն Մկրտումյանը տեղեկացրեց, որ Հայաստանի քաղաքացիական օրենսգիրքը Հոլանդիայում փորձաքննություն է անցել հեղինակավոր խմբի կողմից, որտեղ բազմիցս քննարկվել է այդ հարցը: «Մենք ներկայացրել ենք մեր ժողովրդի ազգային մենթալիտետը, մեր զարգացման աստիճանը տվյալ պահին, նրանք էլ եկան այն եզրակացության, որ մենք պատրաստ չէինք դրան»:
Պրն Մկրտումյանի ասելով, բարոյական վնասի հատուցումը չընդունելը նույնիսկ լրագրողներիս օգտին է, հակառակ դեպքումՙ «ամբողջ օրը դատարանից դուրս չեք գա»:
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ