ԱԻՄ-ը հանրահավաք է գումարում
Այսօր ԱԻՄ-ը կհրավիրի լոկալ մի հանրահավաքՙ 1921-ի մարտի 16-ի Լենին-Աթաթուրք պայմանագիրը չեղյալ հայտարարելու կոչով: Սույն փաստաթղթի չեղյալ հայտարարումը կուսակցությունը, ինչպես երեկ լրագրողներին պարզաբանեց ԱԻՄ նախագահ Ներսես Զեյնալվանդյանը, դիտում է Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու համատեքստում: Դեռեւս մարտի 9-ին արած իր այս հայտարարությունն ԱԻՄ-ը ներկայացրել է նաեւ այլ քաղաքական ուժերիՙ իրենց պահանջին միանալու հորդորով:
ԱԺՄ-ն, ՀՌԱԿ-ը, Ազգային միաբանությունը, ԱԻՄ-ը, Ն. Զեյնալվանդյանի հավաստմամբ, համաձայն են պայմանագրին առնչվող շատ հարցադրումների, բայց կարծում են, որ նման պահանջով այս պահին հանրահավաք կազմակերպելը նպատակահարմար չէ:
«Մյուս ուժերը, առաջին հերթին իրեն ազգային համարող ՀՅԴ-ն, իրենց բացարձակ անհաղորդ պահեցին խնդրի նկատմամբ», ասված է հայտարարության տեքստում: