Նշեց Վահագն Հովնանյանն իր մամուլի ասուլիսում
Հայկական զբոսաշրջության զարգացման գործակալության (ATDA) նախագահ Վահագն Հովնանյանի կարծիքով, Հայաստանում զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտն օդային փոխադրման եւ հյուրանոցների բարձր գներն են: Եթե Եվրոպայում մեկ տուրփաթեթն արժե 300- 350 դոլար, ապա Հայաստանումՙ 1000- 1500 դոլար: Իր առաջարկությունները ինչպես այս, այնպես էլ այլ խոչընդոտների վերաբերյալ Վահագն Հովնանյանը ներկայացրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ պրն Հովնանյանի, նախագահն ընդառաջել է այդ առաջակներին եւ հնարավորը կձեռնարկի դրանց վերացման ուղղությամբ: Հիշեցնենք, որ մասնավորապես հյուրանոցների բարձր գների առնչությամբ ժամանակին իր մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արա Պետրոսյանը տեղեկացրել էր, որ տուրգործակալությունների եւ հյուրանոցների ղեկավարները բանակցում են, եւ կգտնվի փոխզիջումը: Ի՞նչ է կատարվել այս ընթացքումՙ «Ազգի» թղթակիցը դիմեց Վահագն Հովնանյանին եւ ստացավ հետեւյալ պատասխանը. «Անի» հյուրանոցը եւ «Հայկական ավիաուղիները» համաձայնել են իջեցնել գները, սակայն դրանից հետո էլ դրանք կմնան բարձր եւ ոչ ձեռնտու»: Մյուս հյուրանոցների մասին ընդհանրապես ոչինչ չասվեց եւ կարելի է ենթադրել, որ գների իջեցման մասին նրանք չեն էլ մտածում: Փաստորեն հյուրանոցային բիզնեսը ներկայացնող «գործարարները» եւս ընտրել են Հայաստանում «բարի» ավանդույթ դարձած միանգամից շատ հարստանալու տարբերակը: Իսկ թե դա ինչ հետեւանքներ կունենա ոլորտի հետագա զարգացման վրա, կարծես թե նրանց այնքան էլ չի մտահոգում: Ծայրահեղ դեպքում հյուրանոցները կվաճառեն, իսկ գումարները կուղղեն այլ ոլորտ:
Բացի զբոսաշրջության ընդհանուր խնդիրներին անդրադառնալուց, երեկվա մամուլի ասուլիսի հիմնական նպատակն էր Հայկական զբոսաշրջության զարգացման գործակալության եւ Միջազգային գործադիր ծառայությունների կորպուսի (IESC) կազմակերպած հայկական տուրգործակալությունների Բեռլին կատարած այցելության մասին մանրամասներ հաղորդելը: Մարտի 3- 7-ը Գերմանիայում տեղի ունեցած Միջազգային զբոսաշրջության բորսա ցուցահանդեսին մասնակցելու հայտ էին ներկայացրել 27-ը, որից ընտրվել էին 9 գործակալություններ: Այս ցուցահանդեսը համարվում է միջազգային հավաքատեղի, որտեղ ցուցադրողների երեք քառորդը եւ մասնագետ այցելուների 30 տոկոսն աշխարհի տարբեր երկրներից են: Այդ հավաքատեղիի հայկական տաղավարը զբաղեցնում էր 90 քմ տարածք: Զարդարված էր հայկական հնաոճ կարպետներով եւ գորգերով, նկարներով, ազգային հագուստով: Շուրջ 9000 մարդ է այստեղ այցելել եւ համտեսել հայկական կոնյակը, գինին, չորացրած մրգերը: 500 մամլո փաթեթ է տարածվել, հարցազրույցներ են տրվել արտասահմանյան լրատվամիջոցներին, տարբեր հեռուստաընկերություններով ցուցադրվել են Հայաստանը ներկայացնող ֆիլմեր: Այս ամենը կատարվել է USAID-ի ֆինանսավորմամբ եւ արժեքը կազմել է 150 հազար դոլար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ