Մեծ ուշացումով տեղեկացանք, որ փետրվարի 24-ին վախճանվել է սփյուռքահայ անվանի գիտնական, ազգային-հասարակական գործիչ դոկտ. Բերկրուհի Նաջարյան-Սվաճյանըՙ Բրուքլինում (ԱՄՆ), երկարատեւ հիվանդությունից հետո: Հուղարկավորությունը կատարվել է Նյու Յորքի Ս. Վարդան մայր տաճարում, իսկ թաղումըՙ Բրուքլինի գերեզմանատանը:
Բերկրուհի Սվաճյանը շուրջ 50 տարի նախ Լիբանանի Ամերիկյան համալսարանում եւ Բի Յու Սի քոլեջում, այնուհետեւ Մ. Նահանգների տարբեր համալսարաններում դասախոսել է գիտական մանկավարժություն: Բազմաթիվ հոդվածներ եւ աշխատություններ է գրել մանկավարժության մասին: Ամերիկայում եւ այլուր հիմնադիրն է եղել գիտական այն դիսցիպլինի, որի էությունն է 2-րդ լեզվի ուսուցումը երեխայի մայրենի լեզվի հիման վրա, որը մեծ արդյունքներ է տվել երկլեզվյան միջավայրերում եւ որպես առաջադեմ մեթոդ ընդունվել ԱՄՆ-ի մի շարք նահանգներում:
Լինելով ազգային մշակույթի եւ կրթության մեծ ջատագով, Բերկրուհի Սվաճյանը երկար տարիներ ծառայել է Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցով սփյուռքահայության սերունդների հայեցի դաստիարակությանըՙ երկար տարիներ հանդիսանալով միության Կենտրոնական վարչության անդամ եւ կրթական գործի համակարգող: ՀԲԸՄիության բազմաթիվ դպրոցների համար Բ. Սվաճյանի ներկայությունն այդ պաշտոնում եղել է օրհնություն ոչ միայն մեթոդական իմաստով, այլեւ դպրոցական գործի կազմակերպման, դրանց ֆինանսական եւ գույքային մատակարարման, ուսուցիչների մասնագիտական որակավորմա բարձրացման ասպարեզում: ՀԲԸՄիության մի շարք դպրոցների ստեղծման գործում տիկին Սվաճյանի դերը հսկայական է: Նա այցելել է բազմաթիվ գաղթօջախներ, տեղում քաջալերել պատասխանատուներին եւ սփյուռքահայությանը հայապահպանության գործում
Մանկավարժական մտքի համար իսկական կորուստ է դոկտ. Բ. Սվաճյանի մահը, իսկ նրա գործակիցների, նրա խելացի ու խղճմիտ տնօրինումներից բարերարվածների համարՙ զրկանք:
Ժամանակն է, որ Հայաստանում եւս ուսումնասիրվի Բ. Սվաճյանի գիտական վաստակը եւ ներդրվեն նրա մանկավարժական մի շարք մեթոդները, հատկապես օտար լեզուների ուսուցման բնագավառում: