«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2001-03-14 | #47, 2001-03-15 | #48, 2001-03-16


ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐ ՄԵՔՍԻԿԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Անցած տարվա դեկտեմբերին ընտրված Մեքսիկայի նախագահ Վ. Ֆոքսն իր նոր վարչակազմում ամենաառաջնակարգ տեղերից մեկը հատկացրել է հայ ակադեմիկոս Ժոզե Սարուխան Քերմեզին: 60-ամյա դոկտ. Սարուխանը նշանակվել է երկրի սոցիալական զարգացման գծով լիազոր եւ ղեկավարելու է կառավարության քաղաքականությունը կրթության, առողջապահության, գիտության, մարդկային զարգացման եւ մշակույթի բնագավառներում:

Սովորել է Ուելսի (Մեծ Բրիտանիա) համալսարանի ասպիրանտուրայում: 1989- 96 թթ. եղել է Մեքսիկայի ավտոնոմ համալսարանի ռեկտոր, պաշտոնավարության 8 տարիներին հետեւողականորեն իրագործել է մի շարք առաջավոր ծրագրերՙ պայքարելով հանրակրթական կրթությունն ի վնաս համալսարանականին պաշտպանող կազմակերպությունների եւ նախագծերի դեմ: Հայտնի է իր սկզբունքայնությամբ եւ գործիմացությամբ:

Դոկտ. Սարուխանը Մեքսիկայում հայտնի է նաեւ որպես էկոլոգիայի գլխավոր պաշտպաններից մեկը: Հսկայական է նրա դերն անցած տասնամյակի ընթացքում երկրի համակարգչային ցանցի զանգվածային ներդրման մեջ:

Ծնվել է Մեքսիկայում, ունի արեւելահայ եւ իտալահայ արմատներ, հպարտանում է իր հայկական ծագմամբ: Տասնամյակներ առաջ հիմնվելով Մեքսիկայումՙ նրա հայրը հայկական դպրոց է բացել հայ համայնքի երեխաների համար, սակայն շուտով մահացել է (երբ Սարուխանն ընդամենը մի քանի տարեկան էր): Կինըՙ կատալոնուհի լեդի Ադելաիդան, նաեւ զավակները, թեեւ հայերեն չգիտեն, սակայն խորը հարգանք են տածում իրենց հայկական ակունքների հանդեպ:

Տողերիս հեղինակը լավ գիտի դոկտ. Սարուխանին: Տարբեր առիթներով հանդիպելով նրա հետՙ ամեն անգամ հպարտությամբ եմ լցվում իմ անվանի հայրենակցի համար:

Ի դեպ ասեմ, որ Մեքսիկան երկրորդ լատինաամերիկյան երկիրն է, որն ունի հայ նախարար: Արգենտինայում զինվորական կառավարության անկումից հետո արդարադատության նախարարն էր Լեւոն Արսլանյանը, որը կարեւոր դեր խաղաց խունտայի անդամներին դատական պատասխանատվության ենթարկելու գործում:

ԱՐՄԵՆ ՂՈՒՅՈՒՄՉՅԱՆ, ք. Վին դել Սար, Չիլի

Երկու խոսք հեղինակի մասին: Մոտ 4 տարի տնտեսագետ Արմեն Ղույումչյանն օվկիանոսի այն կողմից հովանավորում է (իր իսկ նախաձեռնությամբ) Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ավե Մարիա» երգչախմբին (խմբավարՙ Արտաշես Բաբուրյան): Եվրոպական մայրցամաք իր աշխատանքային գործուղումների յուրաքանչյուր առիթ նա օգտագործում է հայրենիք այցելելու համար: Ամեն օգոստոս մենք միասին անմոռանալի օրեր ենք անցկացնում Սեւանի ափին: Ցավով է խոսում այն մասին, որ Չիլիի հայ երիտասարդությունն ուծանում է օր-օրի, գիտի միայն սամբա ու ռումբա, ասում է նաեւ, որ մեր կատարած Կոմիտասն ու ժողովրդական երգերն իրեն ուղեկցում են հանդիպումից հանդիպում: Աշխարհի բոլոր անկյուններում Արմենի հայրենակարոտ հոգին փնտրում է հայ ու հայկական եւ ուզում է, որ համայն աշխարհն իմանա իր հանճարեղ ազգի մասին: Էլեկտրոնային փոստով ուղարկած վերջին նամակում նա հպարտությամբ գրում է, որ Մեքսիկայում բարձր պաշտոն է զբաղեցնում նաեւ Սարուխան Քերմեզի որդին, եւ որ Վին դել Սար փոքրիկ քաղաքում իրենից բացի ապրում է եւս մեկ հայՙ ծովակալ Ղույումչյանը, որը թեեւ իր ազգանվանակիցն է, սակայն ազգական չէ, եւ առաջիկայում ինքը փաստեր կհավաքի այդ անվանի հայի մասին եւս:

Ի դեպ, երկու տարի առաջ Երեւան իր հերթական այցին Արմենը Մատենադարանին նվեր էր բերել Եղեռնից փրկված մի հին աղոթարան:

ՀԵՂԻՆԵ ՂԱՐԱԳՈՒԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4