«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2001-03-14 | #47, 2001-03-15 | #48, 2001-03-16


ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Շվեյցարիայից ստացված ֆաքսը տեղեկացնում է, որ Եվրոպայի հայ գործարարների երկրորդ ֆորումը, որն իր աշխատանքներն ավարտել էր փետրվարի 9-ին, լուրջ հիմքեր է ստեղծել Եվրոպայի եւ Հայաստանի հայ առեւտրականների միջեւ ապագայում համատեղ գործունեություն ծավալելու: Ժնեւում կայացած ֆորումին մասնակցել են 63 գործարարներ եվրոպական 13 երկրներից:

Քննարկվել է 14 նախագիծ: Մասնակիցների թվում են եղել ԼՂ վարչապետ Անուշավան Դանիելյանը, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Դավթյանը, ներկայացուցիչներ Մոսկվայից, Հյուսիսային Ռուսաստանից, Դոնեցկից եւ Ռումինիայից: Բուժսարքավորումների, հյուրանոցային կառավարման, շաքարի ու ձկնեղենի արդյունաբերության, ինչպես նաեւ փայտանյութի եւ մետաղի մշակման, հրատարակչական ոլորտի գործադիր ղեկավարներըՙ ներկայացնելով իրենց գործունեությունը, առաջարկել են համագործակցության կոնկրետ ուղիներ, որոնք եվրոպական երկրներում գործարարության զարգացմանը զուգահեռ նախատեսում են հիմնել համատեղ ձեռնարկություններ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Գերմանիայում գործող «Ազնավուր մեդիկալ պրոդակտ» ընկերության կառավարիչ-տնօրեն Անդրանիկ Ազնավուրը ֆորումի մասնակիցներին է ներկայացրել Ղարաբաղում միանգամյա գործածության բժշկական սարքավորումների արտադրության լայնածավալ մի ծրագիր, որը սկզբնական շրջանում աշխատանքով կապահովի 80 կանանց, իսկ երեք տարի անց կկարողանա արտադրանքի ավելի քան 80 տոկոսն արտահանել միջազգային շուկա: Մոսկվայում տեղադրված միջազգային համբավ վայելող «Ստելս Շուգըր Ռիֆայնինգ» ընկերության ներկայացուցիչը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել համագործակցելու հայ գործարարների հետ:

Ֆորումի մեծագույն հաջողություններից են կնքված բազում համաձայնագրերը, որոնք մոտ ապագայում իրականություն կդառնան: Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում արդյունաբերական ցանցերի զարգացման գործում, այնուամենայնիվ գործարարների անմիջական, սրտաբաց հանդիպումներն անփոխարինելի են նման գործընթացներն աշխուժացնելու տեսակետից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4