Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հովանավորությամբ շուտով լույս կտեսնի հայ լեզվաբան, բանասեր, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի «Հայ գաղթօջախների պատմություն» 900 էջանոց անտիպ աշխատությունըՙ խմբագրությամբ ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի եւ պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի:
Հրատարակությունը նվիրվում է մեծանուն գիտնականի ծննդյան 125-ամյակին, որը հանդիսավորապես նշելու համար ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանի նախագահությամբ:
Պատմելով հոբելյանի առթիվ կայանալիք իրադարձությունների մասին, հանձնաժողովի անդամ, «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանն ասաց, որ նրանց սկիզբն իր ղեկավարած հաստատությունը դրել է դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին, երբ ինստիտուտի առջեւ հանդիսավորապես բացվեց Հրաչյա Աճառյանի հուշարձանը:
Համալսարանն ի մի է բերել շատ հուշեր եւ գիտնականի մասին այլ նյութեր, որոնք ամփոփվելու են հրատարակվելիք «Հրաչյա Աճառյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուում:
Այս օրերին բոլոր կուրսերում անցկացվում են աճառյանական հատուկ դասընթացներ, իսկ ծննդյան օրըՙ մարտի 20-ին, կվարվեն գիտնականի կյանքին ու գիտական գործունեությանը նվիրված դասեր: Այդ օրն ուսանողները եւ դասախոսները ծաղիկներ են դնելու լեզվաբանի հուշարձանին, ապա այցելելու են Երեւանի քաղաքային պանթեոն (Թոխմախ), որտեղ Հրաչյա Աճառյանի գերեզմանին ծաղկեդրումից հետո փոքրիկ երգչախումբը կատարելու է նրա սիրած հեղինակների երգերը (Կոմիտաս, Եկմալյան եւ ուրիշներ):
Նախատեսվում է նույն օրը հոբելյանական երեկո անցկացնել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում:
Հրաչյա Հակոբի Աճառյանը (1876- 1953 թթ.) ծնվել է Կ. Պոլսում, որտեղ կրթություն ստանալուց եւ մանկավարժական աշխատանք կատարելուց հետո Փարիզում եւ Ստրասբուրգում աշակերտել է նշանավոր լեզվաբաններ Մեյեին ու Հյուբշմանին: Այնուհետեւ մանկավարժական աշխատանք է կատարել Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող հայ կենտրոններում, մինչեւ որ 1923 թ. հրավիրվել է դասախոսելու Երեւանի պետական համալսարանում: Այնտեղ էլ նա աշխատել է մինչեւ կյանքի վերջը:
Աճառյանի անունով են կոչվում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտը եւ այլ հաստատություններ:
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ