«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2001-03-15 | #48, 2001-03-16 | #49, 2001-03-17


ՔԻ ՈՒԵՍԹՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԿԳՏՆԵ՞Ն ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ

Մ. Նահանգների պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը մարտի 16-ին հայտարարություն է արել Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ քաղաքում նախատեսված Քոչարյան-Ալիեւի առաջիկաՙ թվով 16-րդ հանդիպման կապակցությամբ:

Այս կապակցությամբ պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը քիչ բան է ավելացնում «Ազգի» երեկվա համարում տրված տեղեկատվությանը, գուցե բացի նրանից, որ ապրիլի 3-ին սկսվելիք բանակցությունները տեղի են ունենալու ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահներից Հերի Ս. Թրումենի փոքրիկ Սպիտակ տանը, ԵԱՀԿ հովանու ներքո, Մինսկի խմբի համանախագահող երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) բանակցային փորձագիտական խմբերի միջնորդության պայմաններում, որտեղ ամերիկյան կողմը գլխավորված կլինի հատուկ բանագնաց, դեսպան Քերի Քավանոն: Հայտարարության մեջ մեկ էլ նշվում է, որ դա շարունակությունը կլինի երկու նախագահներիՙ Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ ուղղակի երկխոսության եւ Ժակ Շիրակի ջանքերի:

Մյուս կողմից, մեր տեղեկությունների վրա բավական հետաքրքրական մանրամասներ է ավելացնում Արմենպրեսի երեկ տարածած հաղորդագրությունը, որտեղից պարզվում է, որ Քի Ուեսթը Քերի Քավանոյի ծննդավայրն է, որն իբրեւ բանակցավայր է ընտրվել հայ եւ ադրբեջանցի հոծ բնակչությունից զերծ լինելու պատճառով: Ամերիկյան բանագնացի խոսքերով, ըստ Արմենպրեսի, նախատեսվող բանակցությունները կլինեն ինտենսիվ, իսկ մթնոլորտըՙ հաճելի, եւ կտեւեն մինչեւ ապրիլի 8-ը:

Իր հերթին Ֆլորիդայի «Citizen» թերթը գրել է, որ նախագահներին ուղեկցող շուրջ 100 դիվանագետների ու բանակցողների մասնակցությամբ տեղի ունենալիք բանակցությունները «վերջինը կլինեն միջազգային հանրության բազմաթիվ ջանքերի շարքումՙ հակամարտող երկու երկրներին խաղաղություն բերելու գործում»: «Հրաշալի է, մյուս կողմից ասել է Քի Ուեսթի քաղաքապետ Ջուլիո Էվայլը, երբ պատկերացնում ես, որ Քի Ուեսթը կարող է պատմության էջ դառնալՙ խաղաղություն բերելով այս հակամարտությանը»:

Բնականաբար, շատ ավելի զուսպ է եղել Քերի Քավանոն, որ կանխատեսումներից խուսափելով հանդերձ ասել է, թե հրաշալի կլիներ, եթե այս հանդիպումը վերջինը դառնար: «Խաղաղության հասնելը, ասել է նա, իրոք, ծանր բան է»:

Մեր կողմից ավելացնենք, որ Քի Ուեսթ անգլերենով նշանակում է «արեւմուտքի բանալի» կամ «արեւմտյան բանալի»: Իրոք, նախագահներին ու միջնորդներին հաջողվելո՞ւ է գտնել բանալին, թեկուզ. արեւմտյան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4