«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2001-03-15 | #48, 2001-03-16 | #49, 2001-03-17


«ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱՆԱՅՎԵԼ»

«Ցեղասպանության օրինագիծը բարեհաջող «մեռավ» Դումայում»

Ռուսաստանի դեսպան Լեբեդեւի հարցազրույցը թուրքական թերթին

ԱՆԿԱՐԱ, 16 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ իրավիճակի վերջին զարգացումների հետ կապվածՙ թուրքական «Թըրքիշ դեյլի նյուս» թերթի թղթակիցը հանդիպել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Լեբեդեւի հետ: Պրն. Լեբեդեւը, ի պատասխան Հայաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի այն հայտարարություններին առնչվող հարցին, համաձայն որի պետք է հասնել 1921 թվականի Կարսի պայմանագրի վերանայման, ընդգծել է. «Իմ անձնական կարծիքն էՙ Կարսի պայմանագիրը չի կարող վերանայվել: Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 1921 թվականին ստորագրված Կարսի պայմանագիրը վերահաստատվել է Պոտսդամի համաժողովում, որը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Ես երբեք չեմ լսել, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարածքային պահանջներ ներկայացնի Թուրքիային»: Կոնկրետ ՀՀ մարդու իրավունքների հանձնաժողովի հասցեին պրն. Լեբեդեւը հայտարարել է. «Նրանք ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնեն ղարաբաղյան կարգավորման վրա»: Ըստ ռուս դիվանագետի, ինքն իրավունք չունի մեկնաբանելու Հայաստանի ներքին գործերը: Լեբեդեւը հիշեցրել է, որ նման պահանջներ հնչել են նախկին ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի շուրթերից, բայց դրանք չեն բավարարվել: Ամեն մի հարց սահմանի առնչությամբ, ՌԴ դեսպանի կարծիքով, Հայաստանը, եթե ցանկանում է, պետք է քննարկի անմիջականորեն Անկարայի հետ: «Եթե ես հայ լինեի, ես ընդհանրապես նման հարց չէի բարձրացնի: Դա որեւէ ձեւով չի կարող օգնել», ընդգծել է Լեբեդեւը:

Ալեքսանդր Լեբեդեւը թղթակցի խնդրանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապված վերջին իրադարձությունները: Ըստ Լեբեդեւի, ՌԴ Պետդումայի ընդունած փաստաթուղթը ոչ թե բանաձեւ է, այլ հայտարարություն: «Իրոք, Ֆրանսիայի խորհրդարանի որոշման ազդեցությամբ Պետդումայում համանման օրինագիծ անցկացնելու փորձ կատարվել է, տվյալ քայլի նախաձեռնող եղել է տխրահռչակ քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին: Անհապաղ այդ գործընթացին միջամտեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ խնդրեց պատգամավորներին ընթացք չտալ այդ օրինագծին: Օրինագիծը բարեհաջող «մեռավ» եւ, հուսով եմ, չի վերածնվի», հայտարարել է Լեբեդեւը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4