«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2001-03-15 | #48, 2001-03-16 | #49, 2001-03-17


ԱԻՄ-Ը ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Գուցե նախընտրելին Ալեքսանդրապոլի՞նն է

Երեկ Ազատության հրապարակում 1921 թ. մարտի 16-ի «Լենին-Աթաթուրք հակահայկական պայմանագիրը» չեղյալ հայտարարելու կոչով ԱԻՄ-ը հանրահավաք էր հրավիրել: Հանրահավաքի մանրամասները կարեւոր չեն, կարեւորը սույն փաստաթղթի չեղյալ հայտարարման գործընթացն ու դրա սկզբնավորման, ինչպես Պարույր Հայրիկյանի, այնպես էլ ԱԻՄ-ի նախաձեռնությունն են: Այդ առումով ոչ պակաս կարեւոր պետք է համարել գործընթացի առնչությամբ վերջիններիս հայտարարությունները, որոնցում պայմանագիրը ապօրինի է համարվումՙ պատճառաբանվելով, թե երկու պետություն երրորդի վերաբերյալ են դա կնքել: Այդ ընթացքում ինքնըստինքյան չեղյալ է հայտարարվում նաեւ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը:

Այն, որ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը Լենին-Աթաթուրք գործարքի արդյունքն է, «Բարեկամության եւ եղբայրության մասին» Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջեւ ստորագրվել է հայ ժողովրդի թիկունքում, կասկած չի հարուցում: Ինչ վերաբերում է 1921 թ. հոկտեմբերի 13-ին մի կողմից Ադրբեջանական, Հայկական, Վրացական ԽՍՀ-ների եւ մյուս կողմիցՙ Թուրքիայի միջեւ ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ կնքված Կարսի պայմանագրին, ապա դա նույնությամբ կրկնում է Մոսկվայի պայմանագրի հիմնական դրույթները, ուրեմն, նույնքան «ապօրինի» է:

Հարցը, սակայն, ապօրինությունը չէ, այլ Կարսի պայմանագիրը միակողմանիորեն չեղյալ հայտարարելու հայկական իշխանությունների հնարավորությունները, դրա նպատակահարմարությունն ու հնարավոր հետեւանքներն են: Եթե Մոսկվայի պայմանագիրը Լենին-Աթաթուրք գործարքի արդյունքն է, ապա Կարսի պայմանագիրն էլՙ մոսկովյան պայմանագրի: Որպեսզի հայկական իշխանությունները, ինչպես նրանց ԱԻՄ-ն է առաջարկում, չեղյալ հայտարարեն ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ ստորագրված Կարսի պայմանագիրը, նախապես, չեղյալ պետք է հայտարարվի Մոսկվայինը, իսկ դա կախված է Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության մտադրությունից:

Քանի որ ԱԻՄ-ը «Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կողմնակից» է, ուրեմն, երկու պետության միջեւ երրորդի, այսինքնՙ Հայաստանի վերաբերյալ պայմանագրի կնքումը դատապարտելիս փաստորեն դատապարտում է Ռուսաստանին: Ակնհայտ է, որ «ապօրինի պայմանագիրը» չեղյալ հայտարարելու դեպքում Հայաստանն ստանում է Թուրքիայի հետ առանց Ռուսաստանի մասնակցության երկկողմ պայմանագիր ստորագրելու հնարավորություն: Ահա թե ինչու մարտի 15-ի հայտարարության մեջ ԱԻՄ-ն իր պարտքն է համարում ընդգծել, որ իրենք հենց Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու նպատակով են փորձում հասնել, այսպես ասած, ապօրինի պայմանագրի վերանայմանը:

Ակամա հարց է ծագումՙ ի՞նչ երաշխիքներ կան ենթադրելու, որ Հայաստանն առանց Ռուսաստանի մասնակցության իր համար շատ ավելի նպաստավոր պայմանագիր կկնքի Թուրքիայի հետ, քան Կարսի պայմանագիրն է: Հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան մերժելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, փաստորեն մերժում է հայ ժողովրդի անկախ պետականություն ստեղծելու իրավունքը, նրա նկատմամբ դիմում է ռազմական սպառնալիքների եւ նրան ենթարկում շրջափակման:

Ի դեպ, 1920 թ. դեկտեմբերի 2-ի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի եւ Հայաստանի դաշնակցական կառավարության միջեւ ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը միանգամայն երկկողմ է, ավելինՙ Ռուսաստանն ամենեւին չի մասնակցել դրա ստորագրմանը: Որքան էլ Ռուսաստանի մասնակցության պատճառով Կարսի պայմանագիրն ապօրինի համարվի, այնուամենայնիվ, հենց այդ մասնակցությունն է, որ ստիպեց Թուրքիային պաշտոնապես հրաժարվել Ալեքսանդրապոլի պայմանագրից: Կարծում ենք, Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելուց առաջ պետք է ԱԻՄ-ը մտածի Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին: Հակառակ դեպքում դա հանկարծ ուժի մեջ կմտնի: Գուցե դրանով ԱԻՄ-ը բարիդրացիական հարաբերություններ կհաստատի Թուրքիայի հետ, բայց այդ պայմանագրի հետեւանքների վերացման համար Հայաստանն ստիպված կլինի նորից դիմել Ռուսաստանի միջնորդությանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4