«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2001-03-15 | #48, 2001-03-16 | #49, 2001-03-17


ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ՄԵՐՁԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Տարածաշրջանային բիզնես-համաժողով ԱՄՆ-ի հովանու ներքո

Փետրվարի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած տարածաշրջանային բիզնես-կոնֆերանսի արդյունքները մոտ երկու շաբաթ ուշացումով ամփոփվեցին երեկՙ ՀՀ արդյունաբերողների ու գործարարների միությունում: Թվով երկրորդ այս կոնֆերանսի նպատակն էր Ղարաբաղի հարցի լուծմանը զուգընթաց նորից ու նորից բարձրացնել տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը: Կոնֆերանսին Հայաստանից ու Ադրբեջանից մասնակցել են 15-ական մասնավոր ընկերություններ, Վրաստանիցՙ 8-ը: Ի տարբերություն նախորդի, այս անգամ նախաձեռնող ԱՄՆ առեւտրի զարգացման դեպարտամենտը մասնակցության համար հրավիրել է նաեւ ներկայացուցիչներ Ղազախստանից ու Ուզբեկստանից: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրի կցորդ Ջեֆրի Հորվիցը նշեց, որ կոնկրետ Հայաստանի համար այդ կոնֆերանսը եւս մեկ հնարավորություն էրՙ տնտեսապես ինտեգրվելու տարածաշրջանի եւ սեւծովյան երկրների հետ: Առաջին քայլերը պետք է սկսվեն գործարար մակարդակով, դրա համար իրենք նպատակ են ունեցել Թուրքիա ուղեկցել հայաստանյան գործարարներին (տարբեր ոլորտներիՙ տուրիզմ, շինարարական, տեքստիլ, քիմիական, սննդի արդյունաբերություն եւ այլն)ՙ որոշ գործընկերային հարցեր քննարկելու ինչպես ադրբեջանցի գործարարների, այնպես էլ թուրքերի հետ: Ասվածի իմաստը շարունակեց Հայ գործարարների ընկերության նախագահ Հովսեփ Սեֆերյանը. «Գլխավոր նպատակը երեք երկրներիՙ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւՙ Թուրքիայի հետ համագործակցության ստեղծումն է, քանի որ տնտեսական բարենպաստ մթնոլորտում են միայն քաղաքական հարցերն ավելի հեշտությամբ լուծվում»: Պրն Սեֆերյանի վկայությամբ, նախորդ հանդիպմանը, մոտ երկու տարի առաջ, Ադրբեջանն ընդամենը մեկ ներկայացուցիչ էր ուղարկել, այս տարվա ներկայացուցչական կազմը ապացուցում է նաեւ նրանց շահագրգռությունը համագործակցության հարցում: Հայ եւ ադրբեջանցի գործարարները շփվել են, նույնիսկ համագործակցության ու համատեղ բիզնես-նախագծերի վերաբերյալ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերվել: Կոնֆերանսի հիմնական արդյունքներից մեկը այն պարզ ճշմարտության գիտակցումն է, որ անդրկովկասյան ժողովուրդները տնտեսական համագործակցության ճանապարհով պետք է ավելի մոտենան քաղաքական հարցերի լուծմանը: Այլ կերպ ասածՙ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա տնտեսական համագործակցություն առանց նախապայմանների: Քաղաքականությունը չպետք է անջատել տնտեսությունից, եւ տնտեսական համագործակցության պահանջը պետք է արագացնի քաղաքական խնդիրների լուծումները: Եթե քաղաքական խնդիրները տեղաշարժվեն, ապա տարածաշրջանում թիվ մեկ տնտեսական խնդիրը կմնա հաղորդակցության ուղիների լիարժեք աշխատանքի, մասնավորապես երկաթուղու, իբրեւ ամենաէժան ու ձեռնտու բեռնափոխադրումային միջոցի, վերականգնումը: Հայ-թուրքական տնտեսական համագործակցության մեծ գիտակ, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հավաստեց, որ ամբողջ խնդիրը Կարբի-Ախուրիկ եւ Նախիջեւան-Արաքս երկաթուղու հատվածների վերականգնումն է, ինչի համար կպահանջվի ընդամենը 15 օր: Տնտեսական խնդիրներից զատ մասնակիցները կարեւորում են նաեւ ազգերի շփումներն ընդհանրապես: Զորօրինակ, Հ. Սեֆերյանն ու ամերիկահայ գործարար Նշան Աթինազյանը («Արմենիա» հյուրանոցի սեփականատերերից մեկը) թուրքական թիվ մեկ հեռուստատեսային ալիքով մոտ կեսժամանոց զրույց են ունեցել թուրք հայտնի լրագրող Ալի Բիրանդի հետ (այն նույն լրագրողը, որը մեկ-երկու ամիս առաջ հարցազրույց էր վերցրել ՀՀ նախագահից): Հաղորդումը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որտեղ, մասնակիցների վկայությամբ, վախեցած են Հայոց ցեղասպանության ճանաչումից: Սակայն այսօր արդեն Թուրքիայում գոնե «ցեղասպանություն» բառն արտաբերելը տաբու չէ եւ քննարկվում է հասարակության տարբեր շրջանակներում: Հ. Սեֆերյանի գնահատականը շատ պատկերավոր էր. «Թուրքերն իրենց անցյալի վերքը ծածկել են, եւ հիմա, երբ հիշեցվում է դրա մասին, նրանց մնում է կամ վերքը վերացնելու համար ձեռքը կտրել, կամ էլ բացել ու թարմացնելով բուժել»:

Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, ապա, դեսպանատան ներկայացուցչի վկայությամբ, իրենց մեծ ներդրումները Թուրքիայում կարող են տարածաշրջանի մյուս երկրների համար հաջող օրինակ լինել: «Ազգը» հիշեցնելով վերջերս ԱՄՆ կառավարական պատվիրակության ղեկավարի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Հայաստանում խոշոր ներդրումներ կանի միայն տարածաշրջանում լիակատար կայունության ապահովման դեպքում, խնդրեց ներկայացնել Հայաստանում ու տարածաշրջանում ամերիկյան ներդրումների վիճակագրությունը: Նշվեց միայն, որ ամերիկյան խոշոր ներդնողներից Էքսիմբանկն արդեն սկսել է աշխատել Ադրբեջանումՙ ֆինանսավորելով քաղավիացիայի ոլորտը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա թե՚ Էքսիմբանկը եւ թե՚ մյուս խոշոր ամերիկյան ներդնողըՙ OPIC-ը, արդեն ունեն մի քանի պատրաստի նախագծեր նաեւ Հայաստանի համար, շարունակվում են այցելություններն ու բանակցությունները: Սակայն ներդնողներն առանձին երկրները դիտարկում են տարածաշրջանային ընդհանուր շուկաների տեսանկյունից, հետեւաբար նրանց առավել ակտիվ աշխատանքի համար առաջին պայմանը համարվում է տարածաշրջանային կայունությունը:

Գ. ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4