«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2001-03-15 | #48, 2001-03-16 | #49, 2001-03-17


ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

«Միասնություն» դաշինքը ոչինչ չի անում ներքին հակասությունները վերացնելու համար

Քաղաքական մեծամասնության թեւերն այլեւս չեն թաքցնում, որ սպառվել են դաշինքը պահպանելու գրեթե բոլոր հնարավորությունները: Դա արտացոլվում է «Միասնություն» խմբակցությանՙ օրենսդրական դաշտում արտահայտվող անգործությամբ, առանձին գործիչների մերթ ընդ մերթ արվող հայտարարություններում, որոնք առավել ցայտուն սկսեցին դրսեւորվել նոր կուսակցությանՙ «Հանրապետության» ի հայտ գալուն ուղղված քայլերին զուգահեռ:

Մասնավորապես առաջին հիշատակված հանգամանքով էր պայմանավորված ԱԺ-ում ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի ընտրության դեպքը: Դրան հաջորդեց կառավարության ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքի նախագծի տապալումը հենց «Միասնության» անգործության պատճառով, որը հեշտությամբ փորձվեց քողարկել թափթփվածության ոչ այնքան հաջող պատճառաբանությամբ: Հանրապետական թեւը չկարողացավ խորհրդարանում անցկացնել այն կառավարության նախաձեռնությունը, որի գործունեության պատասխանատվությունն ինքը ստանձնել էր ժողովրդականների, մեղմ ասած, սառը վերաբերմունքի առկայությամբ: Թերեւս ՀԺԿ-ի անպատասխանատու կեցվածքի անպատժելիության հանգամանքն էլ պարարտ հող ստեղծեց այդ կուսակցության համար «Միասնության» շրջանակներից շեղվող գործողությունների դիմելու, ինչի վկայությունը եղավ խորհրդարանի մեկ այլՙ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Խորհրդարանական փոքրամասնությունը, բոլորովին հաշվի չառնելով Հանրապետական կուսակցության նկատառումներն ու քաղաքական դիրքորոշումները, նրա դաշնակցի գլխավորությամբ հարցը լուծեց ի հեճուկս հանրապետականների, պարզ ցույց տալով, որ ոչ միայն քաղաքական հարթություններում չի ընդունում այլեւս ՀՀԿ-ի հեգեմոն դիրքերը, այլեւ քաղաքական գործընթացներում նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը: Կարճ ասածՙ Հանրապետական կուսակցությունն այլեւս չի կարողանում ոչ տոն տալ քաղաքական գործընթացներին, ոչ վերահսկել իրադրությունըՙ հայտնվելով փակուղային իրավիճակում, երբ անորոշությունից դուրս գալու միակ արահետը մնում է կառավարության միջոցով ազդեցության պահպանումը: Ստեղծված փակուղային իրավիճակն իր հերթին հանգեցրել է «Միասնության» անգործությանը, երբ երկու թեւերից որեւէ մեկը չի կարող որեւէ նախաձեռնություն սկսելՙ վստահ լինելով, որ դաշնակիցը դրան կընդառաջի կամ առնվազն չի ընդդիմանա: Անհեթեթ այդ վիճակը հաստատվեց ներխորհրդարանական եւս մեկ իրադարձությամբ: Երբ քվեարկությամբ պետք է դրվեին կառավարության ներկայացրած ինն օրենսդրական նախաձեռնությունները, «Միասնությունը» ներկայացնող պատգամավորներն այնքան քիչ էին դահլիճում, որ հազիվ էր ապահովվում քվորումը: Դա նկատի առնելով էր միմիայն պայմանավորված խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրելու քայլը: Իբր դիրքորոշումը հստակեցնելու նպատակով «Միասնությունը» պետք է նիստ հրավիրեր: Մինչդեռ նիստը չկայացավ, իսկ Գալուստ Սահակյանն այդ ընթացքում հազիվ կարողացավ նիստերի դահլիճ կանչել «Միասնության» մի քանի պատգամավորների:

Իրավիճակն այսքան սուր չէր արտահայտվի, եթե ՀԺԿ-ին բավարարեր գործադիր իշխանությունում վարվող կադրային քաղաքականությունը, որին իրենք բոլորովին մասնակցություն չունեն: Մեջբերենք ՀԺԿ անդամ Գագիկ Ասլանյանիՙ «Ազգի» էջերում արված արտահայտությունը. «Ցավոք, դեռեւս չեն իրագործվում «Միասնության» ծրագրերը, իսկ իրենք կողմնակից չեն տարվող կադրային քաղաքականությանը»:

Ողջ մեխը ըստ ամենայնի հենց այս ոլորանում է: Ի՞նչ է ուզում ՀԺԿ-նՙ պաշտոններ ձեռք բերել առանց դրանց համար պատասխանատվություն ստանձնելո՞ւ: Արդյոք դա թույլ կտա՞ ստատուս քվոն պահպանելու նպատակով դաշինքը պահպանող Հանրապետական կուսակցությունը: ՀԺԿ-ն, դրա անհնարինությունը հասկանալով, ցանկանում է ընդդիմադիր կեցվածք ընդունելՙ նախ հաճոյանալով երկրապահականներին, ապա նախապատրաստվելով գալիք խորհրդարանական ընտրություններին: Դաշինքը պահպանելու հաջորդ եւ թերեւս ամենաարդիական պահանջը հոկտեմբերի 27-ի դատավարության վերահսկողությունն իրենց ձեռքերից չկորցնելու շահագրգռվածությունն է: ՀԺԿ-ականները չեն կարող չհասկանալ, որ այս հանրապետության մեջ հնարավոր չէ միայն տուժող կողմ լինելով, առանց քաղաքական լծակների նման կարգի դատական գործընթաց վերահսկելՙ առավել եւս ունենալով իշխանությունների հետ ակնհայտ տարաձայնություններ: Այլ կերպ ասածՙ ՀԺԿ-ն ուզում է տեր կանգնել դատավարությանն այնպես, ինչպես Վազգեն Սարգսյանի շրջապատը, Հանրապետական կուսակցությունը եւ այլն:

Ամեն դեպքում ՀՀԿ-ՀԺԿ հարաբերությունները եթե չեն հասել, ապա մոտ են սպառմանը, եթե նկատի առնենք, որ չնայած արվող հայտարարություններին, դաշինքում ոչինչ չի ձեռնարկվում ստեղծված հակասական երեւույթները վերացնելու համար: Իսկ դա նշանակում է, որ անկախ ֆորմալ առումով դաշինքի առկայությունից, նման իրավիճակում բովանդակային առումով քաղաքական մեծամասնություն գոյություն ունենալ պարզապես չի կարող, քանի որ այդ մեծամասնության հետաքրքրություններն ու շահերն այլեւս նույնը կամ գոնե նման չեն:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4