Բեռլինի միջազգային կինոփառատոնը լինելով աշխարհի կարեւորագույն փառատոներից մեկը, ամեն տարի ներկայացնում է ահռելի քանակությամբ խաղարկային ֆիլմեր: Փառատոնին զուգահեռ գործում է նաեւ հսկա կինոշուկան, որտեղ յուրաքանչյուր պետություն ներկայացնում է իր արտադրանքըՙ նախապես գնված տարածքում (տաղավարում):
Այս տարի առաջին անգամ Հայաստանը բեռլինյան միջազգային կինոշուկայում ներկայացրել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» կինոնկարը:
Ինչպես նշեց Կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը, որը նաեւ փառատոնի ժյուրիի անդամ էր, այս տարվաՙ թվով 51-րդ փառատոնի օրերին ներկայացվել են մեծ քանակությամբ խաղարկային կինոնկարներ, զուգահեռ դրվել են 7-8 մրցանակային ծրագրեր, ռետրոսպեկտիվներ, միաժամանակ գործել է կինոշուկան: Ըստ Ս. Հարությունյանի, արվել է առաջին քայլը, եւ գործընթացը կարելի է համարել սկսված: Այս առումով մեծ աշխատանք է տարել «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նրա ղեկավարությամբ նախապես պատրաստվել են բուկլետներ, ցուցապաստառներ, տեսաֆիլմեր, որոնք օգնել են ֆիլմի ներկայացմանը: Կինոնկարը ցուցադրվել է երկու անգամ:
Ասոցիացիայի նախագահի խոսքերով, հետխորհրդային երկրների համար ներթափանցել միջազգային կինոշուկա այսօր չափազանց բարդ է: Կինոբիզնեսը առաջին հերթին պահանջում է խոշոր գումարներ: Խնդիրն այն է, որ մինչեւ 1991 թվականը, լինելով ԽՍՀՄ-ի կազմում, այդ հարցերը (փառատոների կազմակերպում, ֆիլմերի վաճառք, պայմանագրերի կնքում) կենտրոնացված էին Մոսկվայում, եւ դրանով զբաղվում էր «Սովէքսպորտ ֆիլմը», որը վաճառում էր Միության բոլոր ֆիլմեր: Ներկայումս այդ հարցերի լուծման համար հայկական կինոն միջոցներ չունի եւ խոր ճգնաժամի մեջ է:
ԱՐՄԵՆՊՐԵՍ