Մինչ Ադրբեջանում նույնիսկ ոչ ազդեցիկ կուսակցություններն ու քաղաքական շրջանակները շունչ չեն խնայում իրենց, մեղմ ասած, մտահոգությունը պոռալու Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակի մասին, հայկական կողմում, ընդհակառակը, տիրում է այնպիսի հանգստություն, որն արդեն անհանգստացնող է:
Ո՞րն է այդ հանգստության պատճառը: Չենք զիջում եւ վե՞րջ: Բայց նման բան չի լինում: Մենք չենք ուզում պատերազմել, իսկ ադրբեջանցիքՙ չեն կարողանում: Ուրեմն փոխզիջումն է միակ այլընտրանքը: Իսկ ի՞նչ եւ որքա՞ն ենք զիջելու: Ահա այստեղ է, որ մեր քաղաքական ուժերը լռում են, կամ, լավագույն պարագայում, բավարարվում ընդհանուր ձեւակերպումներով: Ոչ միայն հասարակական, այլեւ անգամ քաղաքական մակարդակներում այս հարցերը չեն քննարկվում, եւ պատճառը միայն տեղեկությունների սղությունը չէ:
Ոմանք հավանաբար մտածում են, որ հանձին Ռոբերտ Քոչարյանի ունենք լավագույն բանակցողին, որը շատ լավ գիտի, թե ինչ ենք ուզում եւ ինչը չենք ուզում, հետեւաբար բնավ չի զիջի սկզբունքային որեւէ դիրք:
Անշուշտ, որեւէ ղեկավարի համար վստահությունը նման տարողության հարցերում քաջալերական է, բայց նաեւ պարտավորեցնող: Սակայն նկատի ունենալով մեր քաղաքական շրջանակների բնավորությունըՙ կուրծք ծեծել եւ պատեհ առիթի հրապարակներ իջնել հետո, նման վստահությունը խաբուսիկ է ըստ ամենայնի:
Քաղաքական մեկ այլ շրջանակի մոտ կա մեկ այլ մտայնությունՙ Ռ. Քոչարյանը իշխանության եկավ Ղարաբաղյան հարցի լուծման պատասխանատվությունն ստանձնելու կարգախոսով, ուրեմն թող ինքն էլ լուծի: Իսկ եթե չլուծիՙ ավելի լավ, նրան ցույց կտանք եկած ճամփան: Այսպես մտածողները սովորաբար «նախկիններն» են, որոնք այս հարցում եւս մոռանում են մի շատ կարեւոր բանՙ իսկ ինչո՞ւ հեռացան իրենք: Պարզ է պատասխանըՙ քանզի չէին կարող եւ բարեբախտաբար չվերցրի՚ն հիմնահարցի լուծման պատասխանատվությունը:
Մինչդեռ այժմ, երբ իրոք կա պատասխանատվություն վերցնողը, իրենքՙ այդ «նախկինները», պետական մտածողություն ունենալու դեպքում պիտի՚ թիկունք կանգնեին նրան:
Մինչդեռ այժմ բանակցությունների վճռական փուլն է սկսվել: Դեռեւս փարիզյան կրկնակ հանդիպումները լրիվ չվերլուծված ու չմարսված, ահա Քի Ուեսթում սկսվում է բանակցությունների մի նոր, անակնկալ փուլՙ ամերիկյանը, որը հակառակ իր արտաքնապես հաճելի, գրեթե իտիլլիկ միջավայրին ու պայմաններին, խոստանում է լինել շատ ծանր եւ դժվարին մեր պատվիրակության համար: Ի՞նչն էր պատճառը ամերիկյան այս շտապողականության, փարիզյան բանակցությունների ձախող ընթա՞ցքը, թե՞, ընդհակառակը, առաջընթացը: Էս գլխից Ռուսաստանին պարփակելու նպատա՞կը, թե՞ միաժամանակ Թուրքիային հառաջ մղելու ծրագիրը:
Անշուշտ, անշուշտ, ի վերջո լուծման որեւէ տարբերակ, ինչպես խոստացել է նախագահ Քոչարյանը, նախքան վերջնական համաձայնությունը հանձնվելու է հասարակության դատին: Սակայն, այն հասարակությունը, որն իր զինվորին նման հանգստությամբ է ուղարկում վճռական կռվի, ոչ թե հանգիստ հասարակություն է, այլՙ վատառողջ:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ