ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 19-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլեզա Ռայսի հետ:
Ինչպես Արմենպրեսին հայտնեցին ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, տարածաշրջանային անվտանգության հարցեր, Հայաստանիՙ հարեւան երկրների հետ հարաբերությունները եւ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումները: Հանդիպման ժամանակ կարեւորվել է նաեւ Կովկասում կայունության հաստատումը եւ, այդ առումով, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը:
Մարտի 20-ին Վ. Օսկանյանը հանդիպելու էր ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելի, ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամների, ինչպես նաեւ Հայ Դատի գրասենյակի եւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ: