«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2001-03-17 | #50, 2001-03-20 | #51, 2001-03-21


ԸՍՏ BBC-Ի ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻՙ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿՏԵՎԻ ՏԱՐԻՆԵՐ

ԼՈՆԴՈՆ, 20 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: BBC-ի վերլուծաբան Սթիվեն Իկը նշում է, որ ԱՄՆ նախկին վարչակազմը դժվարանում էր ճնշում գործադրել Ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա, իսկ նոր վարչակազմի օրոք նախադրյալներ կան հուսալու, որ ճնշումը ԱՄՆ կողմից ինչ-որ կերպ կազդի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բավականին լուրջ տարաձայնությունների վրա, քանի որ ԱՄՆ-ը բավականին սերտ քաղաքական, տնտեսական կապեր ունի Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Ըստ նրա, ԱՄՆ-ի նոր վարչակազմը ղարաբաղյան հարցում պարզորոշ դիրքորոշում չունի: Փոխզիջումների հասնելու համար հակամարտության երկու կողմերին խանգարում են հիմնականում ներքին գործոնները, հատկապես հասարակական կարծիքը, մանավանդ Ադրբեջանում: Փարիզյան հանդիպումից հետո Ադրբեջանի դիրքորոշումը կարծրացել է, քանի որ երկրի կառավարությունը գիտակցում է, որ փոխզիջումն անընդունելի է հասարակության մեծամասնության համար: Հայաստանում իրավիճակը նույնն է եւ, վերլուծաբանի կարծիքով, «մոտ ապագայում ԱՄՆ-ը չի օգտվի ներազդման լծակներից, քանի որ դա կհանգեցնի այն մտայնությանը, թե ԱՄՆ-ն ավելի է համակրում հակամարտության այս կամ այն կողմին: ԱՄՆ-ը պետք է իր ազդեցությունը գործադրի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վրա, որպեսզի նրանք հասարակական կարծիքից վեր կանգնեն»: Ըստ վերլուծաբանի, ԱՄՆ վարչակազմում կան թե հայաստանամետ եւ թե ադրբեջանամետ ուժեր: Մասնավորապես, «նախընտրական արշավում Բուշն այսպես կոչված ցեղասպանության հարցում հայամետ էր, իսկ փոխնախագահ Դիք Չեյնին, ըստ իր հրապարակային արտահայտությունների, ավելի շատ համակրում է Ադրբեջանին»: Վերլուծաբանը ավելացնում է, թե չի ցանկանում հոռետես լինել ու կանխագուշակել, թե հակամարտությունը կշարունակվի տասնամյակներ, սակայն, ըստ նրա, դժբախտաբար, կասկածից վեր է, որ դա կտեւի տարիներ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4