Կալիֆոռնիայից հայտնի բարերար Ալբերտ Բոյաջյանը 200.000 դոլար է օրերս նվիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայաստանյան տարբեր ծրագրերին, հաղորդում են հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղից:
Բարերարի այս նոր նվիրատվությունն օգտագործվելու է մշակութային եւ մարդասիրական ծրագրերի իրականացման համար: Նախապես նույն բարերարը տարբեր առիթներով կարեւոր գումարներ էր նվիրաբերել Հայաստանին, ինչպես համահայկական օլիմպիական խաղերի կազմակերպման, «Անանիա Շիրակացի» կրթօջախի, այնպես էլ մարդասիրական եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար: Ալբերտ Բոյաջյանը, որ հանդիսանում է ՀԲԸՄիության անդամ եւ վերջինիս երիտասարդական կազմակերպությանՙ ՀԵԸ-ի գործունեությունը խթանող բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի 1999 թ. հեռուստամարաթոնին նվիրել էր կես միլիոն դոլար: