<20015102.jpg>
Իտալացի ուխտավորներն ամենից շատ տպավորված են Հանրապետության հրապարակի խաչով, Արարատով, նաեւՙ հայկական գինիով ու սիգարոնով
«Ես Հայաստան եմ եկել իբրեւ ուխտավայրՙ գտնելու քրիստոնեական, հոգեւոր արմատներն այս երկրի, որպեսզի նաեւ իմ հոգեւոր արմատները գտնեմ, որովհետեւ այդ արմատներն ընդհանուր են ամբողջ աշխարհի համար», Իտալիա մեկնելուց առաջ ասաց Միլանի աստվածաբանության դասախոս Զաքե Գաբրիոնեն, որը մոտ մեկ շաբաթ Հայաստանում գտնվող իտալացի ուխտավորներից էր: 1700-ամյակի առիթով Իտալիայի տարբեր բնակավայրերից Հայաստան այցելած այս տարվա առաջին չորս ուխտավորները երեկ հրաժեշտ տվեցին Հայաստանին: 7 օր գտնվելով Հայաստանում, լինելով գրեթե բոլոր հայտնի սրբավայրերում, այցելելով եկեղեցական համալիրներ, կրթամշակութային օջախներ, իտալացի ուխտավորները, ինչպես խոստովանեցին «Ազգի» հետ զրույցում, Հայաստանից հեռանում են այստեղ վերադառնալու ցանկությամբ: Աստվածաբան Գաբրիոնեն պատրաստվում է դասախոսություններ կարդալ Հայաստանի, նրա քրիստոնեական ակունքների մասին, լրագրող Ռիտա Տոզին տեղական հոգեւոր թերթում պատրաստելու է Հայաստանի մասին հոդվածաշար, թոշակառու Պիետրո Մարկոնին, որը իր համայնքի թեմի աստվածապաշտներից է, գործնական է տրամադրված. «Մտածում եմ այս տարի վերադառնալ Հայաստան իմ մտերիմների, ընկերների ավելի մեծ խմբի հետ», նույնն էլ փորձելու է անել Կազիմո Մացոնին: Ի դեպ, իտալացի տուրիստները բոլորն էլ տարեց մարդիկ են, որոնք այստեղ են եկել արդեն Հայաստանի մասին որոշակի գիտելիքներով ու դրանք հարստացնելու ցանկությամբ: Նրանց այցը ապացույցն է, թերեւս, այն տեսակետի, որ Հայաստանում մեծ հեռանկարներ կարող է ունենալ գիտական-ճանաչողական տուրիզմը, որով գայթակղվում են հիմնականում տարեց մարդիկ, մասնագետ թոշակառուները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջին ուխտավորները «Պրանա» տուրիստական գործակալության «Բարի գալուստ, բԲիբլիական Հայաստան» տուրի առաջին մասնակիցներն են, որոնց պետք է հաջորդի եւս 4 խումբ, երկրորդ խումբը կգա ապրիլի 24-ին:
«Այնպես, ինչպես Երուսաղեմ այցելածն է հոգեւորին առնչվում ու խորհրդանշորեն դառնում հաջի, այնպես էլ Հայաստան այցելած քրիստոնյան պետք է իր հայրենիքը վերադառնա հոգեւոր լիցքեր ստացած», ասած ընկերության գործադիր տնօրեն Գոհար Ալեքսանյանը:
«Հայը պետք է կարողանա վերագտնել իր հոգեւոր ակունքները»
Սա օտարերկրացի ուխտավորների կարծիքն է, որոնք, ընդհանրապես, ունեն իրենց յուրօրինակ կարծիքը հայի ու Հայաստանի մասին: Բոլոր չորսի համար էլ այստեղ գալու շարժառիթը եղել է մոտ երկու տարի առաջ Վատիկանում բացված «Հայաստանի հոգեւոր գանձերը» ցուցահանդեսը: «Ես Հայաստանի մասին որոշ գիտելիքներ ունեի, եւ առաջին տպավորությունս այնպիսին էր, որ ձեր երկրի ամբողջ հոգեւոր գանձերը թաքցված են Մատենադարանում, գրադարաններում, արխիվներում, կամ էլ վանքերի ու եկեղեցիների քարերի տակ, բայց մնալով այստեղ, ճանաչելով մարդկանց, հանդիպելով հոգեւորականների հետ, համոզվեցի, որ ձեր եկեղեցին ու ժողովուրդը շատ մեծ էնտուզիազմ ու եռանդ ունենՙ հոգեւորը նորից վերականգնելու», սա Զ. Գաբրիոնեի կարծիքն է, որի համար, ինչպես շատ իտալացիների, մեծ նշանակություն ունեն Ս. Ղազար կղզին ու Մխիթարյան միաբանությունը, որի հրատարակություններն էլ հաճախ դառնում են Հայաստանի մասին առաջին ուղեցույցները: Նա կարդացել ու տպավորվել է Գր. Նարեկացու բանաստեղծություներով (Լեւոն Զեքյանի թարգմանությամբ): Ցույց տվեց նաեւ «Հայաստան, Վրաստան, Ադրբեջան» տուրիստական ուղեցույցըՙ անգլերենից թարգմանված (որտեղ, ի դեպ, տեղ են գտել բազմաթիվ փաստագրական անճշտություններ- Գ. Մ.):
Հյուրերն այցելել են նաեւ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ, նրանց ընդունել է Ներսես արք. Պոզապալյանը, որի մասին ասացին. «Իտալիայում հոգեւոր բարձր հիերարխիայի մարդիկ շատ գոռոզ են, իսկ այստեղ ուրիշ է»: Իտալացի ուխտավորները տպավորված են նաեւ այն փաստով, որ այստեղ երիտասարդությունը այցելում է եկեղեցի: Տպավորված են Հանրապետության հրապարակում տեղակայված խաչով (ի տարբերություն հայաստանյան մամուլի ու քննադատների), հայկական խաչքարերով, եկեղեցիներով, որոնք, ցավոք, ուխտավորների վրա, իրենց վեհությամբ հանդերձ, լքված ու մոռացված վայրերի տպավորություն են թողել, բայց, ինչպես ասաց տիկին Տոզին, հույս ունեն, որ ժողովուրդը նորից կվերադառնա իր քրիստոնեական ակունքներին: Հայը իտալացի լրագրողի համար միշտ ներկայացել է իբրեւ բարձր գիտակցական կարողությունների տեր ու ուշիմ մարդ, իսկ այժմՙ «ես տպավորված եմ հայերի վեհությամբ, նրանց այն գիտակցումով, որ իրենք հայ են: Դա ուսանելի է մեզ համար»: Հոգեւոր արմատներին վերադառնալու առումով իտալացի կաթոլիկները շատ են կարեւորում Հռոմի պապի աշնանը Հայաստան կատարելիք այցը:
Իտալացիներն ունեին նաեւ իրենց փոքրիկ մտահոգությունները. օրինակ, ըստ նրանց, եթե որեւէ տուրիստ առանց գիդի այցելի Հայաստան, անպայման կկորչի, քանի որ այստեղ չկան համապատասխան օտարալեզու ցուցանակներ, ուղեցույցներ, քարտեզներ, ասենքՙ իտալերենով: Զարմանալու բաներ էլ են տեսել. օրինակ, երբ «Արմենիայի» շվեյցարը սկսել է իտալերեն երգել, կամ, որ Հայաստանում արտադրվում է սիգարոնի նման բարձրակարգ սիգարետ: Ուխտավորները Հայաստանի մասին գրքերի, նկարների ու այլ նյութերի հետ Իտալիա կտանեն նաեւ սիգարոնի ու հայկական գինու նմուշներ:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ