«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է Ղարաբաղի տարածքում իրականացնել հսկայական միջոցներ պահանջող մի շարք ծրագրեր, որոնք հազիվ թե մոտակա տասնամյակներում հնարավոր լիներ գտնել ԼՂՀ բյուջեում:
Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու ավարտից հետո «Հայաստան» հիմնադրամը սկսել է Ղարաբաղի «ողնաշարի»ՙ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը, որը իրար եւ հանրապետության մայրաքաղաքի հետ է կապելու ԼՂՀ շրջանները: Աշխատանքները սկսվել են այս նպատակով անցկացված հեռուստամարաթոնի ավարտից անմիջապես հետո: Ճիշտ է, հանգանակված գումարները այնքան էլ չէին համապատասխանում նախօրոք նշված անհրաժեշտ թվերին:
Օրերս Ստեփանակերտում էր գտնվում հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ պրն Ենգոյանը: Համապատասխան մասնագետների հետ նա ներկա գտնվեց Ղարաբաղում ծրագրերի իրականացման մոնիտորինգին:
Այցելելով կառուցվող ճանապարհի երկու տեղամասերՙ Կարմիր շուկա-Ազոխ եւ Դաշփուլաղ- վանքի խաչմերուկ, ստուգողներն ամրագրեցին, որ համաձայն պլանի, հողային աշխատանքները երկու տեղամասում էլ ավարտված են 80- 90 տոկոսով, աշխատանքի մնացած մասը կավարտվի եղանակը տաքանալուն պես: Քսան կիլոմետրանոց դաշփուլաղյան տեղամաս արդեն տեղափոխվել է բիտում, եւ, նրանց կարծիքով, սեպտեմբերի վերջին երկու տեղամասերն էլ շահագործման կհանձնվեն ասֆալտապատված վիճակում:
«Հայաստան» հիմնադրամը Մարտակերտի շրջանի Վաղուհաս եւ Հաթերք գյուղերում նորոգում է զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ առաջին կարգի հաշմանդամների բնակարանները: Այդ տները կառուցվել են ԼՂՀ բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Ցավոք, միջոցները բավականացրել են միայն պատերը կանգնեցնելուն: Արգենտինայի հայ համայնքն իր վրա է վերցրել Վաղուհասի 28 եւ Հաթերքի 21 տների շինարարական աշխատանքների եւ հարդարման անհրաժեշտ ծախսերը: Պրն Ենգոյանի խոսքերով, ծրագիրը պետք է ավարտվեր դեռեւս անցյալ տարվա աշնանը, սակայն տեխնիկական պատճառներով հարկ է եղել ժամանակավորապես դադարեցնել: Հիմա ծրագիրն իրականացվում է ողջ թափով, որպեսզի տները շահագործման հանձնվեն մայիսին:
Շինարարության ոլորտից բացի, մոնիտորինգ է անցկացվել նաեւ այլ ոլորտում:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, պարզվել է, որ Ղարաբաղում կառուցված, բայց չշահագործված մի շարք օբյեկտներ աստիճանաբար դառնում են օգտագործման համար ոչ պիտանի, եւ դրանք պահպանելու համար միջոցներ հայթայթելու անհրաժեշտություն է առաջանում: Մասնավորապես, նման վիճակում է հայտնվել Հադրութում կառուցված զտիչ կայանը:
Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, ապա զրույցի ընթացքում պարզվեց, որ Ամերիկայի արեւմտյան ափի հայկական համայնքն իր վրա է վերցրել Ստեփանակերտում ժամանակակից, համաշխարհային չափանիշներին համապատասխանող պոլիկլինիկայի կառուցումը: Գերմանիայի հայկական համայնքը համաձայնել է ֆինանսավորել Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի ջրամատակարարման գծի շինարարությունը: Նախնական պայմանավորվածություն կա նաեւ Մարտակերտի շրջանի մի շարք խիտ բնակեցված գյուղերում գազատարի շինարարության վերաբերյալ:
Դե ֆակտո