«Թուրքիան Ադրբեջանից գազ գնելու համաձայնագիր ստորագրելով բավարարեց Հեյդար Ալիեւին: Ադրբեջանական նավթային SOCAR ընկերության փոխնախագահ, նախագահի որդի Իլհամ Ալիեւը քննադատում էր Անկարային, թե վերջինս կորցրել է ադրբեջանական գազի նկատմամբ հետաքրքրությունը», գրում է «Թըրքիշ դեյլի նյուզը»:
Ինչպես տեղեկացրել է «Ազգը», Հ. Ալիեւի Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է թուրք-ադրբեջանական միջկառավարական համաձայնագիր, համաձայն որի 2004 թ.-ից Թուրքիան տարեկան Ադրբեջանից կգնի 2 մլրդ խմ գազ, իսկ 2006 թ.-իցՙ 6,6 մլրդ խմ: Ադրբեջանը հույս ունի Կասպիցի Շահ Դենիզ հանքավայրում հայտնաբերված նավթը առաքել Թուրքիաՙ շրջանցելով Ռուսաստանի եւ Իրանի տարածքները: Այս համաձայնագիրը կարող է կյանքի կոչվել միայն այն դեպքում, եթե իրոք Շահ Դենիզի «երկնագույն վառելիքի» պաշարները լինեն աստղաբաշխական, ինչպես պնդում է Բաքուն, կառուցվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը եւ, որ քիչ կարեւոր չէ, վերջնականապես Կասպիցի իրավական կարգավիճակի շուրջ առափնյա հինգ պետություններըՙ Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը հասնեն համաձայնության, ինչը, դատելով աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրադարձություններից, դյուրին գործ չէ:
Հ. Ալիեւը Անկարայից Բաքու վերադարձավ մարտի 17-ին, ճիշտ այն օրը, երբ թուրքական նավթի եւ գազի «Բոթաշ» ընկերության տնօրեն Գոխան Յարդիմը «Անատոլու» գործակալությանը ասել է, որ «Թուրքիան 2001 թ. հուլիսից կսկսի գազ գնել Իրանից: Գազի առաքումների շուրջ Թեհրանն ու Անկարան համաձայնագիր են կնքել 1996 թ. եւ համաձայն պայմանավորվածության, առաջին մի քանի տարիներին Թուրքիան Իրանից կգնի տարեկան 2 մլրդ խմ գազ, հետագա տարիներինՙ 6- 10 մլրդ խմ:
«Բոթաշի» տնօրենը ասել է նաեւ, որ մինչեւ 2003 թ. ընկերությունը Թուրքիայի ողջ տարածքում կկառուցի 2257 կմ ընդհանուր երկարությամբ խողովակաշար, որպեսզի «իրանական գազը մատակարարվի թուրքական 57 քաղաքների»: Իրանը Թուրքիային գազ կվաճառի 1000 խմ- ն ոչ պակաս, քան 65- 70 դոլարով:
Ի դեպ, Ադրբեջանի էներգակիրների խնդրին է անդրադառնում նաեւ մոսկովյան «Վրեմյա» օրաթերթը. «2004- 2018 թթ. ըստ թուրք-ադրբեջանական միջկառավարական համաձայնագրի, Ադրբեջանը Շահ Դենիզից պետք է Թուրքիա առաքի շուրջ 80 մլրդ խմ գազ: Հատկանշական նրբերանգ. ադրբեջանական գազը Թուրքիային կվաճառվի դեմպինգային գնովՙ 1000 խմ- ն 35 դոլարով: Պաշտոնական Բաքուն կարծում է, թե գազի պաշարները հսկայական են, եւ առաջին փուլում կարեւորը ոչ թե գինն է, այլ Թուրքիայի շուկայում հաստատվելը»:
Թերթը, վկայակոչելով ադրբեջանցի մասնագետներին, գրում է, որ Ադրբեջանում գազի ծավալներն ուռճացված են առնվազն չորս անգամ. «Ասվում էր, ընդ որում արտասահմանյան նավթային ընկերությունների կողմից, թե Ղարաբաղ հանքավայրում 100 մլն տոննա նավթ կա, բայց պարզվեց, որ 16- 18 մլն է»: Այս էր պատճառը, որ նավթային ընկերությունները 120 մլն դոլար ծախսելով Ղարաբաղ հանքավայրի շահագործման վրա, 1998 թ. դադարեցրին հետագա աշխատանքները:
Թ. Հ.