«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2001-03-17 | #50, 2001-03-20 | #51, 2001-03-21


ՄԱԵՍՏՐՈՆ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է

Օհան Դուրյանը նամակով դիմել է ՀՀ նախագահին

Խմբագրությունը ստացել է Օհան Դուրյանի նամակըՙ ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն, անշուշտ, վերաբերում է վերջերս հանրության ուշադրությունը գրաված օպերային թատրոնում կատարվող իրադարձություններին: Խոսելով այն մասին, որ 1991-ից կնոջ հետ միասին վերադարձել են Երեւան ՀՀ նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հրավերով, մաեստրոն նշում է, որ վերջին ժամանակ իրադրությունը փոխվել է:

«Սակայն, նշում է Օհան Դուրյանն իր նամակում, վերջին շրջանում, աշխատանքային գործունեություն ծավալելու փոխարեն ստիպված էի ողջ ժամանակն ու էներգիան հատկացնել արհեստավարժ կազմակերպված ինտրիգների վրա:

Օպերային թատրոնի ղեկավարությունըՙ ի դեմս տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի, իրենց սեփական անկազմակերպվածության եւ անաշխատունակության հետեւանքով թատրոնում առաջացած վատառողջ մթնոլորտը փորձում էին կապել իմ անձի հետ, շահարկել իմ սկզբունքայնությամբ ու խստապահանջությամբ, ինչն, ի վերջո, նրանց հաջողվեց: Քանի որ, ունենալով մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների համաձայնությունը եւ հովանավորությունը, իրենքՙ թե՚ մամուլով, թե՚ հեռուստատեսությամբ տարածում էին օպերային թատրոնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միակողմանի եւ կեղծ տեղեկություններ...»: Օհան Դուրյանը, որպես օրինակ, բերում է Միլանում կազմակերպվելիք հյուրախաղերի մասին տեղեկությունները: Իրականում, ինչպես նշում է դիրիժորը, պատճառը մինչեւ օրս հյուրախաղերի չհաստատված բյուջեն է:

Այնուհետեւ Օհան Դուրյանը գրում է այն մասին, որ իր առողջական վիճակի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ են տարածվել, որ իբր չի տեսնում, չի լսում, ձեռքերը դողում են, ոտքի վրա կանգնել չի կարող: Որպես հերքում այս լուրերի, Օհան Դուրյանը մեջբերումներ է անում ֆրանսիական, արաբական եւ հայկական մամուլիցՙ Բեյրութում վերջերս ունեցած հաջողությունների մասին:

«Բոլորովին վերջերս, գրում է Օհան Դուրյանը,- իսկ ավելի ստույգ, 28.01.01 թ.-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած կոլեգիայի նիստը փոխարեն ուսումնասիրեր օպերային թատրոնում ստեղծված իրավիճակի բուն պատճառները, օպերային թատրոնի խնդիրը վերածեց իմ անձի խնդրին, որի արդյունքում ընդունվեց մի որոշում (որը ես մինչ օրս չեմ ստացել, չնայած բազմիցս դիմել եմ), որի համաձայն, ըստ մամուլում հաղորդած տվյալների, լուծարվել է ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը» (խոսքը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանիՙ 1999 թ. հունիսի 29-ի կնքած պայմանագիրն է, ըստ որի Օհան Դուրյանը համարվում էր Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր եւ երաժշտական մասի ղեկավար-Ս. Գ.):

Օհան Դուրյանը որոշել է հեռանալ Հայաստանից եւ իր հետագա գործունեությունը ծավալել օտարության մեջ, որովհետեւ, կարծում է, որ ՀՀ մշակույթի նախարարության կոլեգիայի որոշումը ամենամեծ վիրավորանքն էր եւ հարվածըՙ ուղղված իր անձին եւ գործարար համբավին:

«Բաց նամակի տեսքով խնդրի ներկայացումն անհրաժեշտ եմ համարում, վերջացնում է նամակը Օհան Դուրյանը, քանի որ վստահ չեմ, որ Ձեր աշխատակազմին հանձնված օրինակը կհասցվի Ձեզ: Նամակիս ակնկալիքն է, տեղյակ պահել Ձեզ եւ հանրությանը դեպքերի հակիրճ իրականությունը, ինչպես նաեւ անձնական ընդունելության հնարավորություն ունենալ, որի ժամանակ էլ կներկայացվեն որոշ մանրամասներ»:

Առայժմ չշտապենք որեւէ եզրակացություններ անել եւ սպասենք դեպքերի հետագա ընթացքին, թեեւ այս պատմությունն արդեն շատ գեշ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4