«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2001-03-17 | #50, 2001-03-20 | #51, 2001-03-21


ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՆՈՐՈՒՅԹԸ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցի համար նորություն չէ տարբեր տարիքի մարզիկների միջազգային մրցաշարերի անցկացումը:

Չնայած թվով 13-րդ ազատ եւ հունահռոմեական ոճերի պատանեկան մրցաշարինՙ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 136-ամյակին, ֆինանսների սղության պատճառով չէինք հրավիրել արտերկրի թիմեր, այնուամենայնիվ, մրցաշարն անցավ, ինչպես միշտ, բարձր կազմակերպվածությամբ: Մրցավայր էին ժամանել գրեթե բոլոր մարզերի եւ մարզօջախների խոստումնալից ըմբիշները, թվով 348 պատանիներ: Մրցումների նորույթը մարզուհի ըմբիշների մասնակցությունն էր: Վերջիններիս ըմբշամարտով զբաղվելը եւ մրցությունների մասնակցելն արդեն հրամայական պահանջ է, քանզի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) նոր կանոնակարգի համաձայն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին երկրների տղամարդկանց հավաքական թիմերի մասնակցությունը կթույլատրվի միմիայն այն դեպքում, երբ առնվազն երկու մարզուհիներ կմասնակցեն կանանց առաջնության մրցումներին: Այնպես որ, մարզիչներից պահանջվում է մեր էպոսի Խանդութին նմանվող հայուհի ըմբիշների նախապատրաստում:

Այս անգամ առաջին անգամ աղջիկներից մրցագորգ ելան նախկինում սամբո, ձյուդո ըմբշամարտով մարզվածության փորձ ունեցող թվով յոթ մարզուհիներ, որոնք շատ շուտ յուրացնելով ազատ ոճի ըմբշամարտի տեխնիկական հնարքները, ցուցադրեցին բավարար մակարդակ:

Մեկ շաբաթ ընթացած մրցում-ներում հունահռոմեական ոճի ըմբշամարտից իրենց լավագույն ձեւով դրսեւորեցին Էջմիածնի, Գյումրիի, Երեւանի պատանի ըմբիշները: Ուրախալի է, որ սահմանամերձ Բագրատաշեն ավանից նույնպես ունեցանք մրցաշարի հաղթող, որին հասարակական հիմունքներով մարզում է կամավոր ազատամարտիկ Աբրահամ Կարապետյանը: Ցավալի է, որ այս մրցաձեւից պատվիրակներ չուներ Վանաձորը:

Ազատ ոճի մրցաշարում իրենց լավագույնս դրսեւորեցին Գառնիի, Երեւանի, Գյումրիի, Արտաշատի, Գորիսի պատանիները: Ցավոք, ճանապարհների փակվելու հետեւանքով մրցավայր չժամանեցին Վանաձորի եւ Ախալքալաքի թիմերը, որտեղ, ինչպես մեզ հայտնի է, կան խոստումնալից պատանիներ:

Հայ դուստրերից ազատ ոճի մրցաշարում աչքի ընկան երեւանցի Մերի Կարապետյանը եւ արտաշատցի Տաթեւիկ Բուդաղյանը, որոնք հաղթողներ դարձան 50 եւ 54 կգ քաշային կարգերում:

Մրցաշարում, որը փաստորեն հանրապետության առաջնություն կարելի է համարել, երկու մրցաձեւերից առավելագույն մրցանակակիրներ ունեցան ՕՀՀԿՄ մարզադպրոցը, Էջմիածինը, Գառնին, Արտաշատը, «Մալաթիա» ակումբը, «Դինամոն»:

Մրցաշարն ընթացավ գրեթե ցուրտ, վատ տաքացված դահլիճում: Մրցաշարին ջերմություն հաղորդեց «Զորավար Անդրանիկ» միության նախագահության նշանավոր երախտավորների եւ ըմբշամարտի ճանաչված վետերանների ներկայությունը:

Մրցումների եզրափակիչ օրը մասնակիցներն ու պատվավոր հյուրերն այցելեցին Եռաբլուր, որտեղ ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկի շիրիմին:

ՖԵԴՅԱ ՊԱՊԻԿՅԱՆ, Մրցումների գլխավոր մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4