Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների ծրագրում ընդգրկված է Բենջամին Բրիտտենի «Նոյյան տապան» անգլո-հայկական հոգեւոր օպերայի բեմադրությունը: «Նոյյան տապան» օպերան կբեմադրվի տոնակատարությունների ողջ ընթացքում, Երեւանում:
Նախագծի հեղինակները ծրագրում են հետագայում օպերան բեմադրել Խոր Վիրապ եկեղեցու տարածքումՙ Արարատի ստորոտին: Նախագծի գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորն է Ռիչարդ Սթամփը, որը բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ ժամանել է Հայաստանՙ տեղում միջոցառման իրականացման հետ կապված մանրամասներ ճշտելու, ինչպես նաեւ Հայաստանին եւ հայ ժողովրդին առավել սերտորեն առնչվելու եւ ճանաչելու նպատակով:
Երեկ բարոնուհի Քոքսին եւ Ռիչարդ Սթամփին ընդունեց Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը: Նա հյուրերին մանրամասներ ներկայացրեց հոբելյանական տարվա ընթացքում տոնակատարությունների պետական ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների մասին:
Բարոնուհի Քոքսը հիշեց 1992 թվականին իր առաջին այցը Հայաստանՙ նկատելով, որ այն դժվարին տարիներին հազիվ թե կարելի կլիներ երազել անգամ նման տոնակատարությունների մասին: Ի հավելումն ասվածիՙ Խ. Հարությունյանը շեշտեց, թե եղած դժվարությունները հնարավոր է եղել հաղթահարել նաեւ նման բարեկամների շնորհիվ:
Զրույցի մասնակիցները քննարկեցին առանձին մանրամասներ Բենջամին Բրիտտենի «Նոյյան տապան» անգլո-հայկական հոգեւոր օպերայի հայաստանյան բեմադրության վերաբերյալ:
1700-ԱՄՅԱԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ