ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայերը ողջ աշխարհում կրկին գրոհի են անցել Թուրքիայի դեմՙ Հայոց ցեղասպանության ընդունումը գլոբալ խնդիր դարձնելով: Մինչ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի սենատում հայկական բանաձեւը ընդունելիս հայերի վրա մեծ ճնշում գործադրվեց, նրանք Գերմանիայում հսկայական աշխատանք են ծավալել հայանպաստ հասարակական կարծիք ձեւավորելու համար», նշում է «Turkish Daily News»-ը: Թուրքիան թեեւ սկսել է լրջորեն ակտիվացնել իր ջանքերը հայերի ցեղասպանության ընդունման պահանջների դեմ, սակայն դրանք շատ չնչին են թվում հայերի ակտիվության դիմաց:
Թուրքական Անատոլու գործակալությունը տեղեկացնում է, որ Armenian Research Foundation-ի նախագահ, դեսպան Օմեր Լյութենը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի հայությունը իր ողջ ջանքերն ուղղել է մի նպատակիՙ ազդել խորհրդարանի վրա եւ հասնել հայկական բանաձեւի ընդունմանը: