«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2001-03-27 | #56, 2001-03-28 | #57, 2001-03-29


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՀԻՇՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄԸ

ՉԻԿԱԳՈ, 28 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 27-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) Իլինոյսի նահանգի տարածաշրջանային ներկայացուցչությունը տարածել է հաղորդագրություն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Չիկագո կատարած այցի մասին: Իր ուղեւորության ընթացքում, որի նպատակն է զորակցել 1,3 մլրդ. դոլարով ԱՄՆ բյուջեի հարկային փաթեթի կրճատման վերաբերյալ նախագահական նախաձեռնությանը, նախագահ Բուշը այցելել է Չիկագոյի առեւտրական բորսա:

ԱՀԴՀ տարածաշրջանային ստորաբաժանման անդամներ (Իլինոյսի նահանգից) Հակոբ Սուլաքյանը եւ Սեւան Լաֆրանը դիմել են նախագահ Բուշինՙ Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ նրա դիրքորոշումը ճշտելու խնդրանքով: Ի պատասխան Սուլաքյանի խնդրանքին, ԱՄՆ նախագահը, մասնավորապես, հայտարարել է. «Հայերը մեծ ժողովուրդ են: Դուք գիտեք, ես մինչեւ ընտրությունները խոստում եմ տվել ձեզ»: Ջորջ Բուշը հիշեցրել է ԱՄՆ հայ համայնքին հասցեագրված իր ուղերձը, որ հրապարակվել էր իր ընտրարշավի ընթացքում, ավելացնելով. «Մենք մտադիր ենք հոգալ հայերի մասին»:

Հիշեցնենք, որ իր նախընտրական ուղերձում Ջորջ Բուշը 1915 թվականի իրադարձությունները որակել էր որպես «ցեղասպանական կամպանիա» ("a genocidal campaign") եւ խոստացել «ամեն ինչ անել, որպեսզի Ամերիկայի ժողովուրդն արժանի ձեւով ճանաչի հայ ժողովրդի ողբերգական տառապանքների փաստը» (George W. Bush 2-19-2000): Նման ձեւակերպումը էականորեն տարբերվում էր այդ հարցի առնչությամբ մյուս թեկնածուիՙ Ալբերտ Գորի դիրքորոշումից, որը ամեն կերպ խուսափում էր «ցեղասպանություն» բառից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4