Մայր աթոռ Սբ. Էջմիածին, Տեղեկատվության համակարգ: Մարտի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ Մայր աթոռ Սբ. Էջմիածնում սկսվեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի եկեղեցական հանձնախմբի գործադիր վարչության հերթական նիստը:
Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց գործադիր մարմնի ջանքերըՙ ուղղված հոբելյանական տոնակատարությունների կազմակերպմանը, շեշտելով, որ 1700-ամյակը լավագույնս պետք է օգտագործվի հոգեւոր նորոգության եւ հոգեւոր կյանքի վերարթնության համար, նշելով նաեւ, որ դրանք պետք է լինեն առավել ընդգրկուն եւ համակարգված: Որպես այդպիսի միջոցառում կարող է դառնալ մարտի 31-ին Արարատի մարզի գյուղերի օրհնության արարողությունը, որ թեմակալ առաջնորդների եւ հոգեւորականների օրհնությամբ կշարունակվի նաեւ մյուս թեմերում եւ մարզերում:
Վեհափառ Հայրապետը միաժամանակ որոշ մտահոգություններ հայտնեց: Մասնավորապես անդրադառնալով հրատարակչական ծրագրերին, Նորին Սրբությունը հորդորեց առավել բծախնդիր մոտեցում ցուցաբերել հրատարակվող գրքերի ընտրության հարցում:
1700-ամյակի գրասենյակի վարիչ-քարտուղար Տ. Հովնան արք. Տերտերյանը ներկայացրեց 1700-ամյակին նվիրված առաջիկա ծրագրերն ու միջոցառումները Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Առանձնակի կարեւորվեցին երիտասարդական ուխտագնացությունների եւ երեխաների հոգեւոր դաստիարակության ծրագրերը:
Տ. Վաչե արք. Հովսեփյանի եւ Տ. Մեսրոպ արք. Գրիգորյանի ատենապետությամբ ժողովն իր աշխատանքը շարունակեց մարտի 28-ին:
Մարտի 27-ին Մայր աթոռ Սբ. Էջմիածնում իր աշխատանքն սկսեց Եկեղեցիների համաշխարհային խորհդի հայաստանյան կլոր սեղանի ղեկավարների տարեկան ժողովը: Նիստից առաջ կլոր սեղանի մասնակիցներին ընդունեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Կարեւորելով միջեկեղեցական հարաբերությունների անհրաժեշտությունը, Նորին Սրբությունը ուրախությամբ նշեց, որ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարություններին իրենց մասնակցությունը կբերեն նաեւ քույր եկեղեցիների ներկայացուցիչները:
Կլոր սեղանը եռօրյա նիստերի ընթացքում կքննարկի անցած տարվա աշխատանքները, կհաստատի գրասենյակի 2001 թ. ծրագիրը: