Անցյալ տարի չեչեն ահաբեկիչների գլխավոր առաջնորդներից Շամիլ Բասաեւը նամակով դիմեց Ադրբեջանի նախագահ Ալիեւինՙ հորդորելով վերջ տալ «Ադրբեջանում ապաստան գտած չեչեններին Ռուսաստանին հանձնելուն»: Ինչպես հայտնի է, Ալիեւը նախագահ Պուտինին դուր գալու նպատակով մի քանի չեչեն եւ դաղստանցի ահաբեկիչների, որոնք կասկածվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ եւ թաքնվում էին Ադրբեջանի տարածքում, հանձնեց ռուս իրավապահներին: Մոտ մեկ ամիս առաջ Բաքուն Մոսկվային հանձնեց հայտնի դաշտային հրամանատար Ռուսլան Ահմադովին, որը մեղադրվում է 43 սպանություններ, ահաբեկչական գործողություններ ու առեւանգումներ իրականացնելու մեջ:
Երեկ, ինչպես գրում է ադրբեջանական «Էխո» թերթը, Հ. Ալիեւը ստացել է հերթական նամակը, այս անգամ Չեչնիայի առաջին նախագահ Ջոհար Դուդաեւի այրի Ալլա Դուդաեւայից, որը ներկա նախագահ Ասլան Մասխադովի հատուկ հանձնարարություններով գլխավոր ներկայացուցիչն է, եւ Ադրբեջանում Չեչնիայի նախկին փոխներկայացուցիչ Ռուսլան Աբդուրզակովից: Ուղերձի հեղինակները «Ադրբեջանում ապաստան գտած 10.000 չեչենների անունից Հ. Ալիեւին խնդրում են այլեւս չեչեններին չհանձնել ռուս իրավապահներին»: Նամակում հիշեցվում է, որ անձամբ Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից Ռուսաստանի գործողությունները Չեչնիայում որակել է ահաբեկչական, ուստի եւՙ«ինչո՞ւ եք այսօր չեչեններին հանձնում ահաբեկիչների պետությանը»:
Ադրբեջանական-չեչենական հարաբերությունները չափազանց լարված են: Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում սովորական են դարձել տեղացիների եւ չեչեն «փախստականների» ընդհարումները, որոնք երբեմն ավարտվում են փոխադարձ սպանություններով: Չեչեն դաշտային հրամանատար Արբի Բարաեւը, որն ահաբեկիչների շարքում համարվում է ամենադաժանը, անցնող շաբաթ հայտարարեց, որ «չեչեն մարտիկների համար Վրաստանն ավելի անվտանգ է, քան Ադրբեջանը»: Բարաեւը մեկ այլ դաշտային հրամանատարիՙ Ռեզվան Ահմադովի հետ ծրագրել է մոտ ժամանակներում գերի վերցնել արտասահմանցի լրագրողներիՙ Ադրբեջանում ձերբակալված Ռուսլան Ահմադովի հետ փոխանակելու մտադրությամբ:
Ռուսական ԶԼՄ-ները նշում են, թե չեչեն ահաբեկիչների համար առավել անվտանգը ոչ Ադրբեջանն է, ոչ էլ Վրաստանը, այլ ԱՄՆ-ը, ավելի ստույգՙ պետդեպարտամենտի շենքը, ուր վերջերս պաշտոնական ընդունելության արժանացավ «Մասխադովի կառավարության արտգործնախարար Իլյաս Ահմեդովը»: