«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2001-03-27 | #56, 2001-03-28 | #57, 2001-03-29


«ՍԵՐԵՆԱԴԸ» ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՒՄ

Ավարտելով մեկամսյա համերգային շրջագայությունը, Գերմանիայից վերադարձավ «Սերենադ» կամերային նվագախումբը:

«Հյուրախաղերն անցան բացառիկ հաջողությամբ: Սրտահաճո հանդիպումներ ունեցանք գերմանաբնակ մեր հայրենակիցների հետ, որոնք պատեհ առիթներում ջանք չխնայեցին ե՚ւ մեզ հավուր պատշաճի ընդունելու, ե՚ւ իրենց բարձր մակարդակով ներկայացնելու գերման հասարակության առջեւ: Խոսքս մասնավորապես վերաբերում է Քյոլնի հայկական առաքելական եկեղեցում տեղի ունեցած համերգին», պատմում է «Սերենադի» տնօրեն Դավիթ Թերզյանը: Ապա ասում է. «Թամար, դուք «Ազգ» օրաթերթում (15.02.2001) ուրվագծել էիք Գերմանիայում կայանալիք մեր հյուրախաղերի քարտեզը, նաեւ մանրազնին անդրադարձել էիք թե՚ առաջիկա հյուրախաղերին, թե՚ «Սերենադի» ստեղծագործական նկարագրին: Գերմանիայում մեր եղած ժամանակ թերթը տպագրեց նաեւ տեղեկատվություններ հյուրախաղերի ընթացքի մասին, որի համար հայտնում ենք «Ազգին» մեր շնորհակալությունը: Իսկ այսօր, երբ արդեն վերադարձել ենք, կարծում եմ, մեր համերգային շրջագայության լավագույն վկայությունները գերմանական մամուլում են, որը եւ հանձնում ենք Ձեզՙ ակնկալելով Ձեր թարգմանությունն ու լուսաբանումը»:

Ձեռքիս տակ «Westfalen-Blatt», «Jհlicher Zeitung», «Neue WestfԶlische», «Evangel Zeitung» թերթերի հոդվածներն են «Սերենադ» կամերային նվագախմբի համերգներին արձագանքած գնահատանքներով:

Մեկամսյա շրջագայության ընթացքում նվագախումբը հանդես է եկել մի շարք քաղաքներում, որոնց թվում են այնպիսի համբավանուն երաժշտական կենտրոններ, ինչպիսիք են Դրեզդենը, Քյոլնը, Աախենը, Հաննովերը. Նվագախմբի համերգներին մասնակցել են մեր ունկնդրին եւ ընթերցողին արդեն ծանոթ շվեյցարացի ջութակահարուհի Սիբիլլե Չոփփը, ջութակահար Գեւորգ Բուդաղյանը եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գոսահար Ալեքսանդր Սահակյանը: Լայնածիր եւ բազմաոճ էր «Սերենադի» Գերմանիայում հնչեցրած նվագացանկը, որն, աներկբայորեն, վկայում է միջազգային բեմում որպես լուրջ պրոֆեսիոնալ միավոր ներկայանալու նրա կարողությունը: Հիմնականում արեւմտաեվրոպական դասական երաժշտությունը ներկայացված էր Անտոնիո Վիվալդիի, Յոզեֆ Հայդնի, Յոհան Սեբաստիան Բախի, ռուսականըՙ Պյոտր Չայկովսկու, XX դարըՙ Կարլ Ամադեուս Հարտմանի, Դմիտրի Շոստակովիչի, Ֆրանսիս Պուլենկի, հայ երաժշտությունըՙ Կոմիտասի (Ասլամազյանի մշակմամբ), Էդվարդ Միրզոյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններով:

Երաժշտական դարաշրջանների, ուղղությունների եւ ոճերի նման այլազանությունը բեւեռայնորեն հակադիր ալեկոծումների դաշտում ի զորու է խորտակել եւ կամ հաղթանակորեն վերընձյուղել նրան, ով խիզախել է սուզվել այս բարդ օվկիանոսի մեջ: Հետամուտ լինելով «Սերենադ» նվագախմբի կատարողական վերընթացին (1995 թ., ստեղծման օրից) կարելի է հավաստել, որ գործ ունենք երջանիկ երկրորդ պարագայի հետ: Եվ, որպես հաստատումներից մեկը, անդրադառնանք մարտ ամսվա գերմանական պարբերական մամուլին:

«Բացառիկ կուռ ներդաշնակություն» հոդվածում, որի վերնագիրն ակնարկում է նվագախմբի անսամբլային համահնչեղությունը, մասնավորապես նշվում է. «Միջին Եվրոպայի բեմում Կովկասի հարավային փոքր երկրի երիտասարդ երաժիշտները ցուցաբերեցին բացառիկ ճշգրիտ ոճաբանություն, հրապուրեցին ոգեշունչ կատարումով, էնտուզիազմով, նվագախմբային ներքին կարգապահությամբ» (10.03.2001 թ.):

Նույն օրվա «Neue WestfԶlische» թերթը, հավաստելով «Սերենադի» կատարելության հասած նվագաոճը, գրում է. «Երիտասարդ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հիանալի սինթեզում եւ միատարրորեն հնչեցնում է ստեղծագործությունների հնչունային համալիր կառույցը: Նրա մեկնաբանումները հմայում են, ստիպում ունկնդրել շունչը պահած, հափշտակված հոգեվիճակում.»:

Երաժշտագետ Հայնց Շպայերը «Westfalen-Blatt»-ում (11.03.2001) բնորոշում է Թոփչյանի նվագավարական ոճը որպես ազդեցիկ, տոկուն, էներգիայով համակված, զերծ մեծածիր շարժումներից եւ արտաքին էֆեկտներ հետապնդող ժեստերից, սակայն այնքա՜ն խորաթափանց եւ արտահայտիչ, որ ստիպում է նվագախմբին արձագանքել դիրիժորի ամենափոքր իսկ արտաքին շարժմանը եւ ներքին իմպուլսին:

«Լուսավոր, պայծառ, կրակոտ եռանդով աչքի ընկավ Չայկովսկու հիանալի երկիՙ «Սերենադի» կատարումը, իսկ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունը եւ Կոմիտասի հայկական մանրանվագները հակիրճ, բայց ազդեցիկ տպավորեցին հայ երաժշտության մեջ սինթեզված Արեւելքի եւ Արեւմուտքի ազդեցությունները: Սա Երեւանից Յուլիխեր ժամանած «Սերենադ» կամերային նվագախմբի փայլուն հաջողությունն էՙ «Եռանդով եւ երաժշտական նրբագեղությամբ» հոդվածում նշել է երաժշտագետ Հելգա Հերմանսը:

«Որպես երախտիքՙ ծափերի տարափ ու ծաղիկների ծով» հոդվածով «Evangel Zeitung»-ը (18.03.2001) անդրադառնում է «Սերենադի» Հաննովեր-Լիմմերի Ս. Նիկոլայ եկեղեցում կայացած համերգին: Հոդվածագիրն առավելապես կարեւորում է դիրիժոր Էդուարդ Թոփչյանի թարմաշունչ մեկնաբանումների գրավչությունը, նվագախմբի կատարողական վիրտուոզ նկարագիրը, տեխնիկական բացառիկ հնարավորությունները: Թերթը նշում է նաեւ, որ գերմանացի ունկնդրի վրա խոր տպավորություն թողեցին Էդվարդ Միրզոյանի «Վարիացիաների» կատարումը եւ, հատկապես, ծափողջույնների ու ծաղիկների տարափի դադարում հնչեցրած հայկական երկու մանրապատկերները»:

Անհրաժեշտ է նշել, որ գերմանական մամուլը միաձայն եւ չափազանց բարձր է գնահատում նաեւ շվեյցարացի երիտասարդ ջութակահարուհի Սիբիլլե Չոփփի արվեստըՙ բնորոշելով որպես փայլուն, վիրտուոզ, հնչունային առումով վառ եւ տպավորիչ:

Այսպիսին են Հայաստանի «Սերենադ» կամերային նվագախմբի մասին գերմանական մամուլում արձանագրված երաժշտական քննադատների կարծիքները: Բարձր նշանակության պրոֆեսիոնալ գնահատանքներ, որոնք նոր եւ ուշագրավ էջեր գրեցին հայ երաժիշտ կատարողների տարեգրության մատյանում:

«Մեզ մնում է խորին շնորհակալություն հայտնել «British Airways» գործակալության ղեկավարությանըՙ «Սերենադի» ուղեւորությունը զգալի զեղչով ապահովելու համար», ասում է նվագախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը եւ հրավիրում է ամենքին «Սերենադի» առաջիկա համերգներին:

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4