«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2001-03-27 | #56, 2001-03-28 | #57, 2001-03-29


ՎԱՉԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸՙ ԵՐԵՎԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

Ավարտվեց միջազգային (100 վանդականոց) շաշկու Երեւանի տղամարդկանց առաջնությունը: Չեմպիոնի կոչման եւ հանրապետական առաջնության ուղեգրերի համար պայքար մղեցին 16 մարզիկներ:

Շվեյցարական մրցակարգով, 7 տուրով անցկացված մրցումներում առաջին-երկրորդ տեղերը բաժանեցին Վաչիկ Մուրադյանն ու Կամո Ղուկասյանը, որոնք վաստակեցին 5,5-ական միավոր: Կանոնադրության համաձայն, չեմպիոնին որոշելու համար նրանց միջեւ կարճ ժամակարգով (յուրաքանչյուրինՙ 15 րոպե) լրացուցիչ խաղ անցկացվեց մինչեւ առաջին հաղթանակը: Առաջին իսկ պարտիայում հաղթելովՙ մայրաքաղաքի չեմպիոնի կոչումը նվաճեց Վաչիկ Մուրադյանը: Կամո Ղուկասյանը բավարարվեց երկրորդ տեղով, իսկ երրորդ տեղը գրավեց Ռուբեն Տերտերյանը:

Հանրապետական առաջնությանը, մրցանակակիրներից բացի, մասնակցելու իրավունք ստացավ նաեւ 4,5 միավորով չորրորդ տեղը գրաված Արամ Գրիգորյանը: Այդ մրցաշարը նախատեսվում է անցկացնել ապրիլի վերջին:

Մայրաքաղաքի տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին նաեւ գեղեցիկ սեռի երեք ներկայացուցիչներ: Նրանցից առավել հաջող հանդես եկավ Մարինե Սարգսյանը, որը 4 միավորով գրավեց վեցերորդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4