«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2001-03-29 | #58, 2001-03-30 | #59, 2001-03-31


«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ» ՖԼՈՐԻԴԱՅԻ ՏԱՔ ՋՐԵՐՈՒՄ

<20015904.jpg>

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

«The Wall Street Journal» պարբերականը մարտի 23-ի համարում հրապարակել է «Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են խաղաղություն հաստատել» վերնագրով վերլուծականը, որտեղ, ճիշտ է, 13-ամյա «հայ-ադրբեջանական հակամարտության» մասին նոր բան չես գտնի, բայց ընթերցելը հաստատ վնասակար չէ, այդ թվում Հայաստանի նախագահ Քոչարյանի համար. «1997 թ. Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնեց կարգավորման «փուլ առ փուլ» տարբերակին եւ... գահազուրկ արվեց կոշտ գծի հետեւորդների կողմից: Վերջիններիս թվում էր ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանը»:

Այսուհանդերձ, ինչպիսի՞ն է ներքաղաքական վիճակը Հայաստանում, Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում, «դիվանագիտական ձկնորսության» ի՞նչ ավար է սպասում Քոչարյանին ու Ալիեւին, վերջապես եռանախագահող երկրները հակամարտող կողմերից յուրաքանչյուրին ի՞նչ որակի կարթեր են խոստանում:

Ադրբեջանում, օրինակ, այսօր նախատեսված է հանրահավաքՙ «Չկա Ադրբեջանՙ առանց Ղարաբաղի, չկա Ղարաբաղՙ առանց Ադրբեջանի» կարգախոսով: Իշխանությունները զգուշացրել ենՙ հանկարծ չհամարձակվեք ցույց անել: Կազմակերպիչները, հստակ գիտակցելով Ադրբեջանում տիրող բռնապետությունը, տեղի չեն տալիս. անկախ ամեն ինչից, ցույցը տեղի է ունենալու:

Մարտի 31-ը Հայաստանում սովորական օր է, ինչպես Ղարաբաղում: Օթերեւութաբանները գարնանային տաք անձրեւ են կանխատեսում, հաջորդ օրը ապրիլի 1-ն էՙ Ծիծաղի ու կատակի տոնը:

Քիվեսթյան բանակցություններն ամերիկյան համանախագահ Քավանոն կանխավ անվանել է «դիվանագիտական ձկնորսություն»: Ինչպե՞ս են պատրաստվել այս ձկնորսությանը հակամարտության երեք կողմերը: Որքան էլ զարմանալի հնչիՙ ամենաշահեկանն Արկադի Ղուկասյանի դիրքերն են: ԼՂՀ իշխանությունները, ըստ էության, կարող են մերժել կարգավորման ցանկացած տարբերակ, քանզի ներգրավված չեն Քոչարյան-Ալիեւ բանակցություններում: Պայմանով, որ կողմերին «խաղաղություն» չպարտադրվի: Ճիշտ է, Հայաստանի նախագահը տարբեր առիթներով նշել է, թե ինքը փորձում է Ալիեւի հետ բանակցություններում ներկայացնել նաեւ ԼՂ տեսակետը, սակայն սա չի խանգարի, որ Ղուկասյանն անհրաժեշտության դեպքում մերժի առաջարկությունները, եթե, իհարկե, դրանք մերժելի լինեն:

Չափազանց կարեւոր են միջնորդների կողմից սպասվելիք դիրքորոշումները, առավել կարեւորՙ Քոչարյանի ու Ալիեւիՙ միջնորդ պետությունների հանդեպ քաղաքականությունը: Ալիեւն ամենադժվար ժամանակներն է ապրում, Ադրբեջանըՙ նմանապես: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը ցանկություն հայտնեցին ՆԱՏՕ-ի կամ Թուրքիայի զորքեր տեսնել Ադրբեջանում, Ալիեւը հայերին համարեց լկտի, Անկարայում բամբասեց Պուտինի ու Ռուսաստանի մասին, ապա երկու օր առաջ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկեց ռուս-ադրբեջանական տնտեսական կապերը, խոստացավ գազ վաճառել Թուրքիային, իսկ իշխանության հավանական իրավահաջորդ Իլհամ Ալիեւն այս ընթացքում մի քանի անգամ հիշեցրեց, որ «ԼՂ կարգավորման բանալին Մոսկվայում է, դեմ է օտար ուժերը, այդ թվում ՆԱՏՕ-ի զորքերը Ադրբեջանում տեղակայելուն»: Այս ամենը ոչ այնքան հիշեցնում է հաշվարկված աշխարհաքաղաքական խաղ, որքան արտաքին հարաբերություններում առաջնահերթությունների որոնումներ: Ալիեւներն օրակարգում երկու խնդիր ունենՙ ԼՂ հարցի կարգավորում եւ սահուն իշխանափոխություն: Առավել հրատապ է երկրորդը:

Որոշ ճշտումներ մտցրեց նաեւ Հայաստանը, որը մի քանի բառերով կարելի է անվանելՙ հայացք դեպի Ռուսաստան: Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, վերջին շաբաթներին ակտիվացրեց իր «հայկական քաղաքականությունը»:

Ի՞նչ որակի կարթեր են խոստանում հակամարտող կողմերին եռանախագահող երկրները: Ամենայն հավանականությամբ այս հարցի պատասխանը հնարավոր է փնտրել Քոչարյան-Ալիեւ 16-րդ հանդիպումից հետո, թեեւ վերլուծաբանների գերակշռող մեծամասնությունը Քի Վեսթ կղզին որակել է որպես բանակցությունների փակուղի:

Մեզ մնում է «ձկնորսներին» մաղթել հաջողակ «որսորդություն»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4