ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ընտրություններից առաջ հայերին տված Ջորջ Բուշ կրտսերի խոստումների պատմությունը շարունակվում է: Հայկական միջազգային կոմիտեի պատասխանատուների կողմից փետրվարին մի նամակ է ուղարկվել Բուշին, որտեղ նշվում է հայ համայնքի խաղացած դերը նրա հաղթանակի հարցում, եւ հիշատակվում են ցեղասպանության ճանաչման հարցում Բուշի տված խոստումները: «Քանի մոտենում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր համարվող ապրիլի 24-ը, այնքան ԱՄՆ-ի հայկական լոբբին ակտիվացնում է ցեղասպանության հարցում Բուշի խոստումների իրականացմանն ուղղված ջանքերը», գրում է «Ջումհուրիեթը»:
Ջորջ Ռադանովիչը պատրաստվում է ցեղասպանության ճանաչման մի նոր օրինագիծ ներկայացնել Ներկայացուցիչների պալատ: Թուրքական արտաքին քաղաքականության իրականացման պատասխանատուները շարունակում են մոտիկից հետեւել իրադարձությունների զարգացումներին, շարունակում է թուրքական թերթը: Պետքարտուղար Քոլին Փաուելի հրավերով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը ԱՄՆ-ի ղեկավարների հետ ունեցած հանդիպումներում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը իր նախորդի նման կշարունակի ցեղասպանության հետ կապված հարցերում աջակցել Թուրքիային:
2000 թ. փետրվարի 19-ին հայ համայնքի ներկայացուցիչներին ուղղած իր նամակում 1915 թ. դեպքերը որպես ցեղասպանություն որակելու եւ ընտրվելուց հետո ցեղասպանության ճանաչմանն աջակցելուՙ Բուշի տված խոստումների հետ կապված ԱՄՆ-ի հայերը բազմաթիվ ուղերձներ են հղում Սպիտակ տունՙ հիշեցնելով Բուշի խոստումները, գրում է «Ջումհուրիեթը»: