<20015903.jpg>
Հայ-թուրքական երկխոսությունն ավարտվեց
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Մյուլհայմ
Մեր ընթերցողներին արդեն իրազեկել ենք, որ մարտի 23-25-ը գերմանական Մյուլհայմ քաղաքի ավետարանչական ակադեմիայում կազմակերպվեց հայ-թուրքական երկխոսություն, որն, ինչպես հեղինակներն էին ծրագրել, անցավ լայն լսարանի ակտիվ մասնակցությամբ: Միջոցառումն ուղեկցվեց թուրքական մամուլի ծանր քննադատության, հայ, քուրդ, ասորի ունկնդրի բուռն, զգացմունքային պոռթկումներով: Առաջիկայում մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնելու մասնակիցների հետ մեր առանձին հարցազրույցներըՙ ստորեւ փորձելով ուրվագծել եռօրյա միջոցառման ընդհանուր պատկերը:
Եղեւնու ճյուղերից, սեւ ներկված 20-ից ավելի պսակների մեջ, որոնք հիշատակի տուրք էին մատուցում ԱՍԱԼԱ-ին զոհ գնացած թուրք դիվանագետներին ու նրանց ընտանիքի անդամներին, աչքի էր ընկնում առանց լուսանկարի մեկըՙ «Ադրբեջան» խոշորագիր մակագրությամբ: Ակադեմիայի մուտքի առջեւ մասնակիցներին դիմավորող «եղբայրակցության, համերաշխության» այս պատկերը շարունակում էր ուղեկցել նաեւ ներսումՙ թուրք լսարանի կողմից մերթընդմերթ հարց դառնալով ու «հայերի զավթողական նկրտումները» ներկաներին ի ցույց դնելով:
Ներսում ընթացող բազմաձայն երկխոսության մեջ, իհարկե, սա տիրապետող չդարձավ, բայց թուլացող հակազդեցության պահերին, հայ-ադրբեջանական հակամարտությունը կրկներգի դերակատարում ուներ: Հետաքրքիր մի փաստՙ թուրք զեկուցողները, որոնք դրսի ցուցարարների եւ դահլիճում բազմաթիվ աթոռներ զբաղեցրած իրենց հայրենակից մի մասի համեմատությամբ, բնականաբար, կարծր դիրք որդեգրածները չէին, իրենց «թուրքական կողմ» չէին համարում: «Ես ինձ թուրքական կողմ չեմ համարում, այստեղ եմ որպես անհատ պատմաբան եւ ինձ ընդդիմախոս Արամ Արքունին «մյուս կողմ» չեմ համարում», փայլուն հռետորի իր ելույթն այսպես սկսեց Ստամբուլի Սաբանչի համալսարանի դոկտ., պրոֆ. Հալիլ Բերկթայը: Մնացած բոլոր թուրք զեկուցողներն էլ հենց այդ մեկնակետից ելնելով պատմում էին տեղի ունեցած սարսափելի դեպքերի մասին, խոսում ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայում ապրած մյուս փոքրամասնությունների ծանր խնդիրների մասին, հայկական հարցը որպես տաբու դիտարկելուն զուգահեռ անդրադառնում լռության այն պատին, որին տարիներ շարունակ հատու հարվածներ են հասցնում իրենք: Թուրքերից բացի մյուս ունկնդիրներին կարծես այլ բան չէր մնում անել, քան բուռն ծափահարելը: Երախտագիտության այդպիսի արտահայտություն ընդհանուր առմամբ կարծես չգրանցվեց, բայց դժվար էր անտարբեր մնալ, երբ իր հստակ գնահատականներով ելույթն ավարտեց միջոցառման երեք կազմակերպիչներից դոկ. Էլչին Քյուրսատ Ահլերսը (Հումանիտար եւ հասարակագիտական փոխանակման գերմանաթուրքական միավորում), ինչը «հնարավորություն» տվեց «Հյուրիեթին» ամենախիստ քննադատությանն արժանացնել թրքուհի գիտնականին:
«Թուրքական ազգայնական մամուլն ինձ ստիպում է շարունակել ու ավելին անել», միջոցառման եզրափակիչ ակորդին արտահայտվեց դոկ. Քյուրսատ Ահլերսը: Տարաշերտ լսարանին հուզեց գերմանական դպրոցներից մեկում դասավանդող թուրք մի ուսուցիչՙ ներողություն պապերիս գործած ոճրագործության համար:
Հայտնի է, Ֆիքրեթ Ադանիրն ու Թաներ Աքչամը 1915 թվականի ողբերգությունը ցեղասպանություն են որակում: Նույնը չլսվեց Հալիլ Բերկթայի «1915-1918 թթ. իրադարձությունների նախապատմություն. Օսմանյան կայսրության ներքին զարգացումները» ծավալուն ելույթի մեջ, ուր ուշադրությունը կենտրոնացված էր միջէթնիկ մաքրազտումներին: Նա երիտթուրքերին սոցիալ դարվինիզմի ծնունդ համարեց, անվանեց ապադասակարգային տարրեր, որոնք, իր ասելով, օսմանյան էլիտայի հետ ոչ մի կապ չունեին: Սաբանչի համալսարանի պրոֆեսորն ակնարկեց, թե թուրքերն իրեն հաճախ Հալիլյան, Բերկթայան են անվանումՙ նկատել տալով իր «հայամետ» կեցվածքը: Դժվար էր հետաքրքիր կառուցվածք ունեցող, նրա խոսքի արագահոս լավայի մեջ մտասեւեռ հետեւելՙ ի վերջո ժամանակակից Թուրքիան իրավահաջո՞րդն է Օսմանյան կայսրության, կամ 1915-ին կատարվածը ցեղասպանություն է, թե ոչ: «Ես չեմ ասում ցեղասպանություն եղել է, ոչ էլ ասում եմ չի եղել», լսարանի հստակեցման պահանջին ի պատասխան ասաց պարոն Բերկթայը: «Ի՞նչ պայմաններում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը», մամուլի ասուլիսին մեր հնչեցրած հարցին ի պատասխան էլ հիշեցրեց, թե ինքը ոչ քաղաքագետ է, ոչ իրավաբան, պատմաբան է եւ քաղաքագետներին հասցեագրված հարցերին չի պատասխանում: Թեպետ պրն Բերքթայը խոսքը չէր ծանրացնում մակդիրներով, սակայն տպավորիչ էր նրաՙ հայ ազգայնական եկեղեցի բնորոշումը:
Մեր տպավորությամբ, ներկաների մի մասն առաջին անգամ էր ունկնդրում գիտնականներ Ռիչարդ Հովհաննիսյանին, Արամ Արքունին, Լորնա Դուրյան Միլլերին, Ֆիքրեթ Ադանիրին, Թաներ Աքչամին եւ մյուսներին, այլապես բազմիցս խոսված պատմական կարեւոր իրողությունների մասին այդքան հարցեր չէին հնչի:
Մեր կարծիքով, հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ խիստ առարկայական 2 ելույթ լսվեց. Երեւանի Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի աշխատակից Հակոբ Չաքրյանը խոսեց Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում չհաղթահարված անցյալի դերի մասինՙ մասնավորապես շեշտելով, որ «Թուրքիան Հայաստանի հետ երկխոսություն չի ցանկանում, այլ ցեղասպանության բանաձեւերը չեզոքացնելու համար դա շահարկում է»: «Հայաստանի անկախության հռչակումից հետո միակ հակահայաստանյան քայլը, որ Թուրքիան դեռ չի ձեռնարկել, ռազմական ներխուժումն է», եզրակացրեց պարոն Չաքրյանն իր ելույթում: Հնչածը միանշանակ չընդունվեց, պարզ էրՙ եռօրյա միջոցառման հայաստանցի միակ մասնակիցն էր դրա հեղինակը, եւ բացի այդ, ասվում էր բավական հատու: Ըմբոստ կեցվածք որդեգրած թուրքերը բավարարվեցին միայն Ադրբեջանի գրավյալ տարածքների մասին նրան հարցեր տալով, ինչը սակայն «Հյուրիեթը» կրկին աղավաղել էրՙ գրելով, թե թուրք եւ գերմանացի ներկաները բուռն հակազդեցություն ցույց տվեցին: Պարոն Չաքրյանի զեկուցումից ստացած տպավորությունը մեզ փոխանցելով դոկ. Յուստն ասաց, թե ինքն անձամբ համոզված է, որ Հայոց ցեղասպանությունն իրողություն է, Չաքրյանը եզրագծեց հայկական դիրքորոշումը, ցեղասպանության ճանաչման պնդումը հայերի իրավունքն է, ասաց նա: Բիզնեսի զարգացման թուրք-հայկական խորհուրդը ներկայացնող Քաան Սոյաքն անդրադարձավ իրենց աշխատանքի կարեւորությանըՙ մասնավորապես ընդգծելով, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանն ակտիվորեն է միջամտում իրենց ծրագրերին, ինչը չի հայտնվում ԳԴՀ դեսպանի հետաքրքրությունների դաշտում:
Երկխոսության ավարտին «արդյունավե՞տ էր արդյոք անցած միջոցառումը» մեր հարցին ի պատասխան միանշանակ գնահատական չլսեցինք: «Այո, կարծում եմ ուղիղ կապը շատ կարեւոր է: Այնքան ժամանակ, որ թուրքական կողմը խուսափում է պաշտոնական երկխոսությունից, սա «թիկունքային» խոսակցություն է: Նման երկխոսությունն անհրաժեշտ է եւ պիտի շարունակելի դառնա», մեր հարցին ի պատասխան ասաց Համբուրգի համալսարանի դոկտ., պրոֆ. Օտտո Լուխթերհանդտը: Մյուլհայմի Ավետարանչական ակադեմիան ներկայացնող դոկտ. Վոլֆ-Դիթեր Յուստն ընդգծեց, որ սա կարեւոր է համարում, քանի որ հայ եւ թուրք պատմաբանները հարցը երբեք չէին քննարկել հասարակության ներկայությամբ: Կարծում եմՙ ինչ-որ բան փոխվեց ու տեղից շարժվեց, ասաց նա, հատկապես թուրք ժողովրդի վերաբերմունքի իմաստով: «Այս ձեռնարկի իրականանալն ինքնին հաջողություն է: Մեծ ակնկալիքներ ունենալը շատ իրապաշտ բան չէ, մեր զրույցում կարծիք հայտնեց միջոցառման կազմակերպիչ Գերմանահայկական ընկերակցության նախագահ դոկտ. Րաֆֆի Քանդյանը: Հիմնականը իրար հետ խոսել սկսելն է, հարկավ պիտի նշվի, թե ինչի շուրջ պետք է խոսվի: Ամեն ինչ երկխոսության պրոցեսի մեջ է, ասաց նաՙ հույս հայտնելով, թե թուրքական մամուլի ապատեղեկատվության պատասխանը կտա գերմանական մամուլըՙ ենթադրելի իրական դիտարկումներով: «Միջոցառումը Ձեզ դուր եկա՞վ», մեր հարցին Հակոբ Չաքրյանը խուսափեց դրական պատասխանել: «Ընդհանուր առմամբՙ ո՚չ, որովհետեւ գտնում եմ, որքան Թուրքիայից է մտավորական հրավիրվում, նույնքան էլ Հայաստանից պիտի հրավիրվի: Ի վերջո, եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսություն է կայանալու, դրա հիմքը պիտի դնեն 2 երկրների մտավորականները: Օրակարգի հարց պետք է լինի, թե որ հարցի շուրջ պիտի երկխոսություն ծավալվի: Հակառակ պարագայում կհայտնվենք շատ անհարմար կացության մեջ: Հայաստանը դրա կարիքը չունի, Թուրքիան պետք է զգա դրա կարիքը եւ առաջարկի, թե ո՚ր հարցի շուրջ, որպեսզի մենք էլ մտածենքՙ մտնե՞նք երկխոսության մեջ, թե՞ ոչ»: