ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 26-28-ը Մոսկվայում մասնակցել է Հայաստանի եւ Ռուսաստանի ՆԳ նախարարությունների միավորված կոլեգիայի հերթական նիստին: Հանցավորության դեմ պայքարում ուժերը համատեղելու անհրաժեշտությամբ ստեղծված միավորված կոլեգիայի առաջին նիստը տեղի է ունեցել 2000 թ. փետրվարին:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, քննարկվել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բնագավառում համագործակցության եւ Հայաստանում ու Ռուսաստանի Դաշնությունում հանցավոր տարրերի տեղաշարժման վրա հսկողություն իրականացնելու, տարածաշրջանային հանցագործությունների բացահայտման աշխատանքում համագործակցության ակտիվացման հարցերը:
Օրակարգում ընդգրկված բոլոր երեք հարցերով միավորված կոլեգիան կայացրել է համապատասխան որոշումներ: Ընդունվել է նաեւ 2002 թ. Երեւանում կայանալիք միավորված կոլեգիայի օրակարգը, որում ընդգրկված է 5 հարց: