<20015901.jpg>
Երեկ մեկնարկեց Հայաստանի կոմունիստական կուսակցության 35-րդ համագումարը, որին իր ներկայությամբ պատվել էր ՌԴ Կոմկուսի առաջին քարտուղար Գենադի Զյուգանովը:
Վերջինս իր ելույթի ընթացքում կարեւորեց Հայկոմկուսի գործունեությունը, հույս հայտնեց, որ համատեղ ուժերով կկարողանան վերականգնել «մարդկության ամենամեծ ու ամենասքանչելի նվաճումըՙ Խորհրդային Միությունը»: ՌԴ առաջին կոմունիստը լրագրողների հետ ունեցած հարցազրույցում շրջանցելով Հայաստանիՙ Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու նպատակահարմարության մասին խոսելուց, այնուամենայնիվ վստահեցրեց, որ կովկասյան տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալն էականորեն կվատթարացնի տարածաշրջանի կայունությունը: Ըստ Զյուգանովի, ներկայումս Դաշնության զինված ուժերի համակարգում ընթացող կադրային փոփոխություններն ու բարեփոխումները կնպաստեն Անդրկովկասում ռուսական ազդեցության ուժեղացմանը, ինչը ողջունելի համարեց:
Գ. Ա.