«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2001-03-29 | #58, 2001-03-30 | #59, 2001-03-31


ՀԱՅ ԵՎ... ԹՈՒՐՔ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԿԵՍԱՐԻԱՅԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Առաջին քրիստոնյա պետության առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը երկար ժամանակ բնակվել է Կեսարիա քաղաքում, ուր ամուսնացել, զավակներ է ունեցել եւ ձեռնադրվել եպիսկոպոս: 1045 թ. Բագրատունյաց Անիի անկումից հետո Կեսարիայում հաստատված Գագիկ 2-րդ թագավորը այստեղ հիմնում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը պատմության ընթացքում մի քանի անգամ վերանորոգվելով կանգուն է մինչեւ օրս: Օսմանյան նվաճումից հետո քաղաքը վերանվանվում է Կայսերի, իսկ տեղի հայկական եկեղեցիներն անցնում են Պոլսո հայոց պատրիարքության տնօրինությանը:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Պոլսի հայոց պատրիարքությունը մարտի 24-ին կազմակերպեց աննախադեպ միջոցառում. շուրջ 700 ուխտավորներ, մեծամասամբ ծագումով կեսարացի ստամբուլաբնակ հայեր, ուխտագնացության մեկնեցին Կեսարիա: Ուշագրավ է, որ ուխտավորների թվում էին նաեւ թուրք երիտասարդներ: Մարտի 24-ի վաղ առավոտից ուխտավորները ժողովվեցին եկեղեցու բակում, իսկ ժամը 10-ին եկեղեցի ժամանեց Պոլսո հայոց Մեսրոպ 2-րդ պատրիարքըՙ Շահան սրբազանի, Արամ սրբազանի, ռումինահայության հոգեւոր առաջնորդ Տիրայր սրբազանի եւ այլ հոգեւորական ու աշխարհիկ անձանց ընկերակցությամբ: Առավոտյան երգեցողությանը հաջորդեց պատարագը, որը մենահամերգում էր Սբ. Վարդանանց երգչախումբը: Այնուհետեւ քարոզեց ամենապատիվ պատրիարքը: Միջոցառումը լուսաբանում էին տեղի թե հայկական, եւ թե թուրքական լրատվամիջոցները: Թուրք լրագրողներից մեկը հատկապես զարմացրեց բոլորինՙ նկատելով, թե «արդյոք հայերը հավաքվել են Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը տոնելո՞ւ»: Ինչպես չհիշես «գայլի գլխին ավետարան կարդացին, իսկ նա...» հայտնի խոսքը: Այնուհետեւ քաղաքի «Էրճիյեշ» սրահում տեղի ունեցավ սիրո սեղանի արարողություն, որի ընթացքում միջոցներ հանգանակվեցին եկեղեցու բարեշինության համար:

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ, Ստամբուլ - Կեսարիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4