Մայր աթոռ Սբ. Էջմիածին, տեղեկատվության համակարգ, 30 մարտ: Մարտի 28-30-ը Մայր աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը:
Նիստի առաջին օրը Նորին Սրբությունը ԳՀԽ-ի ուշադրությանը ներկայացրեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնի վերջին 8 ամիսների գործունեության հաշվետվությունը:
Մարտի 29-ի օրակարգի առաջին հարցը նվիրված էր քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի հոբելյանական տոնակատարություններին: Ներկայացվեց սեպտեմբերի 21-23-ը կայանալիք գլխավոր հանդիսությունների ծրագիրը: Սեպտեմբերի 22-ին Սբ. Էջմիածնում կօրհնվի սրբալույս մյուռոնը: Տեղի կունենա նաեւ էկումենիկ արարողությունՙ հանդիսություններին հրավիրված քույր եկեղեցիների հոգեւոր պետերի մասնակցությամբ: Սեպտեմբերի 23-ին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սբ. Սեղանի օծումից հետո տաճարում կմատուցվի անդրանիկ պատարագ:
Եկեղեցական այս աննախընթաց տարեդարձի առիթով հոբելյանական տարում սպասվում են նաեւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու պետ Հովհաննես Պողոս Բ պապի եւ Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի պաշտոնական այցերը Սբ. Էջմիածին:
Առաջիկայում 1700-ամյակի գլխավոր միջոցառումներից է ապրիլի 24-ին Ամենայն հայոց հայրապետի եւ հանրապետության նախագահի ուխտագնացությունը Դեր Զոր:
Անդրադառնալով Հայ եկեղեցու կանոնադրության հարցին, որոշվեց կանոնադրության նախագծի վերաբերյալ մինչեւ հունիսի 1-ը թեմերից ստացված առաջարկները վերատեսության ենթարկել ԳՀԽ-ում եւ ապա ներկայացնել վերջնական հաստատման:
Եռօրյա նիստի ընթացքում քննարկվեցին նաեւ մայիսին Վեհափառ հայրապետի ԱՄՆ եւ Կանադա կատարելիք հովվապետական այցերին առնչվող հարցեր, արծարծվեցին թեմական, ինչպես նաեւ նվիրապետական աթոռների եւ եկեղեցի-պետություն հարաբերություններին վերաբերող հարցեր:
ԳՀԽ-ի զույգ ատենապետերիՙ Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արք. Մանուկյանի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի բացակայության պատճառով նիստը ատենապետում էին ժողովին ներկա խորհրդի ավագագույն անդամներըՙ Տ. Վաչե արք. Հովսեփյանը եւ Տ. Գյուտ արք. Նագգաշյանը:
Նիստի ավարտից հետո Վեհարանում տեղի ունեցավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողություն: Ձեռամբ Վեհափառ հայրապետի եւ ԳՀԽ անդամների դիպլոմներ ստացան ավարտական թեզեր պաշտպանած 26 ճեմարանականներ:
Շնորհավորելով շրջանավարտներին, Նորին Սրբությունը մաղթեց նրանց նվիրյալ ծառայությամբ արժեւորել հոգեւոր դպրոցի գիտելիքները: