«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2001-03-29 | #58, 2001-03-30 | #59, 2001-03-31


ԻՆՉՈ՞Ւ Է ՆՎԱԶԵԼ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

Մենաշնորհ ունեցողները ձգտում են ազատվել ԱԱՀ-ից

Բոլորիս հիշողության մեջ թարմ է դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը 2-3 ամիս առաջ, երբ մինչ այս տարվա հունվարի 1-ը հարկման չենթարկվող դեղորայքի նկատմամբ սկսեց կիրառվել ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ): Դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունները կտրուկ բարձրացրեցին դրանց գները, որոնք թանկացան շատ ավելի, քան ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափն էր: Դա նրանց պատասխանն էր այս բիզնեսի ստվերայնությունը սահմանափակելու եւ հարկման դաշտ տեղափոխելու պետության ձեռնարկած քայլին:

Մեծամասամբ էժան գներով ձեռք բերված, սակայն կեղծ ապրանքագրերով ամրագրված բարձր գներով Հայաստան մուտքագրված դեղորայքը հսկայական գերշահույթներ էր ապահովում այս ոլորտը տնօրինողներին: Հայաստանում դեղերը շատ ավելի թանկ էին, քան ԱՊՀ եւ անգամ Եվրոպայի որեւէ երկրում, իսկ պետբյուջեն ոչինչ չէր ստանում: ԱԱՀ կիրառումից հետո դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ մի քանի անգամ հանդիպեց պետեկամուտների նախարարը, կողմերը պայմանավորվեցին, որ մինչեւ ապրիլի 1-ը դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունները պարտավորվում են չբարձրացնել «հիվանդացության ողջ տեսականու» դեղերի գները: Այսինքնՙ շուկայում տիրող մենաշնորհը փորձ արվեց գոնե ժամանակավորապես սանձել վարչարարության միջոցով: Սակայն դեղորայք ներուծողներն ընտրեցին այլ մարտավարությունՙ էապես նվազեցնելով ներկրման ծավալները: Այսպես, եթե անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսներին ներմուծվել է 3 մլրդ 600 մլն դրամի, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ընդամենը 250 մլն դրամի դեղորայք: Ծավալները նվազել են 14-15 անգամ: 2001 թ. մարտի 1-ին արձանագրված այս տվյալները հետեւյալ եզրահանգումներն են առաջացնում: Նախՙ մեկ անգամ եւս հավաստում են այն փաստը, որ նախկինում դեղերը ներմուծվել են բարձր, սակայն կեղծ ապրանքագրերով: Ներմուծման ծավալների նման անկում արձանագրած ցուցանիշի մեջ որոշակի նշանակություն ունի այն հանգամանքը, որ այլեւս ձեռնտու եւ հնարավոր չէ բարձր եւ կեղծ ապրանքագրերով դեղորայք ներմուծել: Առաջինն այն պատճառով, որ ստիպված պետք է որպես ԱԱՀ վճարել մեծ գումար, իսկ երկրորդ, որովհետեւ մաքսային ծառայություններին թույլատրված է ճշտել դեղերի իրական գներն առաքող կամ արտադրող կազմակերպություններից: Սակայն հիմնականը, որ առկա է, ներմուծման ծավալների փաստացի նվազումն է: Փաստորեն, շուկայում հիմնականում վաճառվում է մինչ հարկվելը ներմուծված դեղորայքը: Այն, չնայած պայմանավորվածությանը, ներմուծողները ոչ միայն շարունակեցին վաճառել բարձր գներով, այլեւ որոշ դեպքերում էլ ավելի թանկացրին: Ամենայն հավանականությամբ որոշակի պաշարՙ 2-3 ամիսների ընթացքում սպառելու համար, նրանք ունեին: Պատահական չէ, որ նախապես իբր թե չթանկացման պայմանավորվածության ժամկետը նրանք ցանկանում էին, որ սահմանվի մինչեւ մարտի 1-ը: Չստացվեց: Սակայն քանի որ այս ընթացքում գները շարունակեցին թանկանալ, բնականաբար նվազեց նաեւ սպառումը, ինչի արդյունքում նորՙ մեծաքանակ ներմուծումներից հաջողվեց ձեռնպահ մնալ: Նրանց հաջողվեց շուկայում թելադրել իրենց մենաշնորհ դիրքից բխող գները:

Այս ամենի նպատակը պարզ էր ի սկզբանե: Տպավորություն ստեղծել, որ թանկացումը հետեւանք էր դեղորայքի նկատմամբ ԱԱՀ սահմանելու: Այնուհետեւ հասարակական կարծիք ստեղծել այս ոլորտը հարկման դաշտից դարձյալ ազատելու անհրաժեշտության վերաբերյալ: Դե, իսկ խորհրդարանում լոբբիինգ կատարելն ու պատգամավորներին տարբեր ձեւերով «համոզելն», ինչպես ցույց է տալիս փորձը, եւ ինչպես ասում են, արդեն տեխնիկայի հարց է: Ի դեպ, դա փոխադարձաբար ձեռնտու կլինի, քանզի ԱԱՀ-ի վերացումից եւ դեղորայքի բարձր գների պահպանումից հետո ժողովրդի «ընտրյալները» լայն դաշտ կունենան ժողովրդի սոցիալական կացությամբ «մտահոգված» ելույթներ ունենալու եւ միաժամանակ դեղորայք ներմուծողների լոբբիինգից օգտվելու համար: Վերջիններս էլ կշարունակեն իրենց ձեռքում պահել դեղերի շուկան, որոնց գները կշարունակեն ամենաբարձրը մնալ Հայաստանում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4