Երկուշաբթի օրվանից Պետապը կփակի 93 թ.-ից մնացած իր պարտքերը բնակչությանը
Ապրիլի 2-ից վերջերս ստեղծված «Պետապ Հայաստան» ապահովագրական հայ-ռուսական ընկերությունը կսկսի փակել մոտ 6-7 տարվա «հնության» իր ժամկետանց պարտավորությունները ՀՀ բնակչության նկատմամբ: Վճարվելիք գումարն այնքան էլ մեծ չէՙ մոտ 30 մլն դրամ, սակայն երեւույթի նշանակությունն է մեծՙ պարտավորությունների կատարման ու բնակչության շրջանում հավատի վերականգնման իմաստով: «Այս օրինակը կարող է հետագա բոլոր պարտավորությունների կատարման սկիզբ դառնալ», երեկվա իր ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչության պետ Հրաչ Գուլյանը: Նա լրագրողներին հրավիրել էր ոչ միայն այս բարի լուրը հայտնելու, այլեւ ընդհանուր առմամբ գնահատելու օրենքի ընդունումից մոտ 3-4 տարվա ընթացքում ապահովագրական դաշտում տեղի ունեցած առաջխաղացումների մասին, որտեղ, նրա գնահատմամբ, էական քայլեր արդեն արվել են. անցյալ տարի ընդունվեց ապահովագրության զարգացման հայեցակարգը, իսկ այս հինգշաբթի կառավարությունը հաստատեց ՀՀ ապահովագրական համակարգի եւ ապահովագրական շուկայի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիր: Ծրագրով հստակ նախատեսված են 2001-2002 թթ. իրականացվելիք առաջնային միջոցառումները (որոնք արդեն ընթացքում են) եւ առավել ծավալուն կամ ռազմավարական միջոցառումները: Առաջնային է լինելու, օրինակ, շուկայի կարգավորումը, ապահովագրական ու միջնորդային (բրոքերային) գործունեության պետական վերահսկողության կատարելագործումը: Հեռակա խնդիրներից մեկը կլինի հաշվիչ կենտրոնի ստեղծումը (որը պետք է ընդգրկի լայն պրոֆիլի մասնագետներՙ տնտեսագետներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ, ակտուարներ, դեմոգրաֆներ, վիճակագիրներ, աուդիտորներ ու իրավաբաններ), որը կմասնակցի ՀՀ ապահովագրության ռազմավարության մշակմանն ու ներդրմանըՙ հետագայում վերաճելով գիտահետազոտական ինստիտուտի: Ապահովագրությունը մի հսկայածավալ աշխատանք է ենթադրում, ասաց պրն Գուլյանը «Ազգի» հարցին ի պատասխան, որի համար անհրաժեշտ կլինի կատարել հսկայածավալ աշխատանք, եւ ոչ թե մեկ, այլՙ մի քանի կենտրոն: Ծրագիրն ընդհանրապես ենթադրում է հսկայական ֆինանսական միջոցներ, սակայն ապահովագրական տեսչության պետը դժվարացավ կոնկրետ գումարի չափ ասել, միայն տեղեկացրեց, որ այն ուղղվել է բոլոր միջազգային կազմակերպություններին, Եվրախորհրդի ապահովագրական կոմիտեին:
«Ապահովագրական ընկերությունների պրոֆեսիոնալիզմը բարձրացել է»
Այսօր ՀՀ-ում կան գործող 25 ապահովագրական ընկերություններՙ 50 մլն դրամ ընդհանուր կապիտալով: Տարեկան ապահովագրավճարների ծավալը հասնում է մոտ 2 մլն դոլարի, տարեկան աճը կազմում է 25 տոկոս, բայց չնայած այդ դինամիկ աճին, ՀՀ-ում բնակչության մեկ շնչին ընկնող ապահովագրավճարըՙ մոտ 1 դոլար, շատ չնչին է կայացած համակարգ ունեցող երկրների համեմատ, որտեղ մեկ շնչին բաժին է ընկնում 3-4 հազ. դոլար: ՀՀ ապահովագրական համակարգում մինչ այժմ չի եղել լուծարման կամ սնանկացման դեպք, ինչպես նաեւՙ չհատուցման: Անցյալ տարվա հատուցումների ծավալը հասել է մինչեւ 0,5 մլն դոլարի: Ընդհանուր առմամբ, պրն Գուլյանի գնահատմամբ, Հայաստանում արդեն ապահովագրական ընկերությունների պրոֆեսիոնալիզմը բավականին բարձրացել է: Այսօր նրանք հիմնականում իրականացնում են գույքի, բեռների, դժբախտ պատահարներից, ավիացիայի, արտասահման մեկնողների, շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն, բժշկական ապահովագրություն: Այս տարվա երկրորդ եռամսյակում գյուղնախարարության հետ պետք է ներկայացվի գյուղատնտեսական ապրանքների ապահովագրության վերաբերյալ ծրագիր:
HSBC-ն գնաց, «Ռոսնոն» եկավ
Ինչ վերաբերում է Հայաստանում գործող երկու օտար ընկերություններիՙ HSBC-ի եւ «Լոնդոն-Գարանտիի» դաշտից դուրս գալու մասին հարցին, ապա ըստ պրն Գուլյանի, առաջինի դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել (եթե չհաշվենք մամուլի հրապարակումները-Գ. Մ.), երկրորդ ընկերության լիցենզիան կասեցվել էՙ վերջինիս կողմից հիմնադիր կապիտալը համալրելու պարտավորության չկատարման պատճառով: Ընդհանուր առմամբ պրն Գուլյանը խնդիրներ չի տեսնում ապահովագրական դաշտում, իսկ փոփոխությունները նորմալ է համարում, քանի որ ապահովագրությունը առաջին հերթին բիզնես է, ինչը եթե չի արդարացնում (անցյալ տարի HSBC-ն ստիպված է եղել փոխհատուցել մի ապահովադիրի մոտ 350 հազ. դոլար), դառնում է վնասաբեր, բնական է, որ ընկերությունը պետք է լքի դաշտըՙ ասպարեզը թողնելով մեկ ուրիշին: Այդպես մի խոշոր ընկերություն դուրս եկավ, բայց այս տարի մեկ ուրիշըՙ ռուսական առաջատար «Ռոսնո» ընկերությունը մտավ հայաստանյան շուկաՙ դառնալով «Պետապ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կեսի բաժնետերը:
«Պետապ Հայաստանի» սկիզբը խոստումնալից է»
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «պետական ապահովագրություն» ՓԲԸ-ի հիման վրա ստեղծվեց «Պետապ Հայաստան» ՓԲԸ կախյալ ընկերությունըՙ ռուսական «Ռոսնո» ԲԲԸ-ի մասնակցությամբ, որը բաժնետոմսերի 50 տոկոսի դիմաց պետք է ներդներ 30 մլն դրամ արժեքով հիմնական եւ շրջանառու միջոցներ: Պրն Գուլյանը տեղեկացրեց, որ «Ռոսնոյի» պարտավորությունները քայլ առ քայլ կատարվում են: Հիմնադիր կապիտալի համալրումից բացի «Ռոսնոն» ստանձնել էր նաեւ ժողովրդի (ապահովադիրների) նկատմամբ ժամկետանց պարտավորությունների կատարումը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, ապահովագրական տեխնոլոգիաների ներդրումը: Չորս կադր արդեն վերապատրաստվել է, մոտ 100 ապահովագրական տեխնոլոգիաներ ներդրվել ու ներդրվում են: «Պետապ Հայաստանն» ուներ մոտ 30 մլն դրամի դրամական պարտավորություն, որը բաժանվում է երկու մասիՙ մինչեւ 93 թ. նախկին Խորհրդային Միությունից մնացած ռուբլիներով (մոտ 7 մլն, որն անհնար է վճարել) եւ 93-ից հետոՙ դրամով, որը նախատեսված գրաֆիկով կհատուցվի բնակչությանը: Տեղեկացվեց, որ երկուշաբթի օրվանից նրանք, ովքեր ունեն պետական ապահովագրության համապատասխան պոլիսներ, կարող են ներկայանալ Երեւանի Ուլնեցու 31 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակ (հեռ.ՙ 249483) կամ մարզային մասնաճյուղեր ու ստանալ իրենց գումարները:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ