Քաղաքացի Կառլեն Կարապետյանին վրդովեցրել էր մարտի 25-ին «Օրակարգ» ծրագրի եթերից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնած միտքը, թե քաղաքացին 80 հազար ԱՄՆ դոլար է պահանջում զինծառայողի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար: Նա հայտնել է, որ որդինՙ Գրիգոր Կարապետյանը, 1999 թ. իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կյանքի եւ առողջության համար վտանգավոր հրազենային վնասվածք է ստացել նույն զորամասի սպա Ա. Զախարբեկյանից:
Բուժաշխատանքային վերստուգիչ հանձնաժողովի եզրակացության համաձայն, Գ. Կարապետյանը ճանաչվել է 1-ին խմբի հաշմանդամ, անաշխատունակ, քանի որ նստանյարդի վնասվածք է ստացել: Հայրը հայտնում է, որ ՊՆ-ն որդուն բուժելու պարտավորությունը ստանձնեց միայն այն ժամանակ, երբ նա արդեն 3 անգամ վիրահատվել էր: Պարզվել էր, որ ՀՀ-ում բուժումն անօգուտ է եւհնարավոր է կազմակերպել Գերմանիայում:
Կ. Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ տեղի ընտրությունն իրենցը չէ: Ինքը մեկ տարի առաջ դիմել է ՊՆ-ինՙ օգնության ակնկալիքով: ՊՆ ուսումնաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Է. Նազարեթյանն իր հերթին դիմել է առողջապահության նախարարությանըՙ խնդրելով նրանց կարծիքն արտասահմանում բուժումը կազմակերպելու վերաբերյալՙ ո՞ր երկրում կարելի է կազմակերպել եւ ի՞նչ ծախսերի հետ է կապված:
Առողջապահության նախարարության միջազգային կապերի վարչության պետ Հայկ Գրիգորյանը պատասխան գրությամբ նրանց տեղեկացրել է, որ ՀՀ ԱՆ-ը հարցում է արել Գերմանիայի Բավարիա քաղաքի օրթոպեդիայի կլինիկական հիվանդանոցին, որտեղ պատրաստակամություն են հայտնել 40060 ԱՄՆ դոլարով չորս շաբաթում բուժել զինծառայողին:
Դրանից հետո ՊՆ-ն կազմակերպել է Գրիգոր Կարապետյանիՙ Հայաստանից դուրս բուժման անհրաժեշտությունը գնահատող կոնսիլիում, որը որոշել է, թե զինծառայողը հետվիրահատական շրջանում բուժման ինչ աստիճաններ պետք է անցնիՙ չխոսելով հիմնականիՙ նստանյարդի վնասվածքի մասին: Զինծառայողի հայրը եւ նրանց փաստաբան Կարեն Մեժլումյանը տեղեկացրին նաեւ, որ ՊՆ-ն բուժման պարտավորությունը ստանձնեց միայն դատարանի հարկադրանքից հետո, քանի որ ՀՀ օրենսդրությամբ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով քաղաքացուն պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը:
ՊՆ ներկայացուցիչները դատարանում առաջարկել են Գերմանիա բուժման ուղարկելու նպատակով զինծառայողի կողմից 40060 ԱՄՆ դոլար բռնագանձելու հայցապահանջը քննության չառնել, որովհետեւ արդեն ձեռնարկել են Գ. Կարապետյանի բուժումը ՀՀ-ում կազմակերպելու մի շարք միջոցառումներ: Փաստաբանի ասելով, իրենք ընդառաջել են ՊՆ-ին, եւ այդ մասով գործն անջատվել է բուժման ծախսերի հետ կապված հայցապահանջից: «Գ. Կարապետյանը դրանից հետո եւս մեկ վիրահատության է ենթարկվել, սակայնՙ անօգուտ, բժիշկները զգուշացնում են, որ նյարդը մահանում է, անհրաժեշտ է արագացնել բուժումը», հայտնեց զինծառայողի փաստաբանը:
Փաստաբանը հայտնեց նաեւ, որ զինծառայողի ներկայացրած գումարային ծախսերի հայցապահանջը երկար ժամանակ չարչրկվում է դատարաններում: Առաջին եւ վերաքննիչ դատարանների ապօրինի վճիռները վճռաբեկ դատարանը բեկանել է եւ գործն ուղարկել վերաքննիչ դատարանՙ նոր քննության: Շուտով կլրանա գործը նրանց հանձնելու 3-րդ ամիսը, սակայն քննությունը դեռ չի սկսվել: Փաստաբան Կարեն Մեժլումյանը հղում անելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 6-րդ հոդվածին, ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրենքով դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ քաղաքացիական օրենքով «ողջամիտ ժամկետը» համարվում է երկու ամիսը: Նա մտավախություն ունի, որ ձգձգումներից նյարդը կմահանա, եւ ՊՆ-ն հարցը փակված կհամարի:
Ս. Պ.