<20015902.jpg>
Լոնդոնում թուրք դեսպանի բողոքներին տեղի տալով աշխարհի ամենամեծ պատկերասրահներից մեկըՙ «Հալթոն Գեթթի»-ն վերջերս իր ինտերնետային ցանցից հանել է 1915 թ. հայկական ցեղասպանությանը վերաբերող երեք լուսանկար: Այս թեմային է անդրադարձել հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսքն «Ինդիփենդենտ» թերթի մարտի 12-ի համարում վերոհիշյալ վերնագրի ներքո տպագրած իր հոդվածում, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:
1915-ի Հայոց ցեղասպանության փաստի սոսկ ժխտումը բավարար չհամարելով, թուրք պաշտոնական այրերն այժմ փորձում են նսեմացնել Առաջին համաշխարհային պատերազմի օրերին մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը հաստատող լուսանկարային ապացույցների հավաստիությունը: Լոնդոնում թուրք դեսպանի բողոքի նամակից հետո «Հալթոն Գեթթի» պատկերասրահն իր ինտերնետային ցանցից հանել է սպանված հայերի երեք հայտնի լուսանկարներըՙ խոչընդոտելով դրանց օգտագործմանը զանգվածային լրատվամիջոցների կողմից:
Նկարներից մեկի հեղինակն Արմին Վեգներն է: Աղբակույտերի մեջ ընկած հայ աղջկա եւ երկու փոքրիկների անշնչացած դիակները պատկերող այդ հայտնի լուսանկարը տարիներ շարունակ «Հալթոնը» տրամադրել է տարբեր թերթերի: Վերջերս Լոնդոնի թուրքական դեսպանատան աշխատակիցներից մեկը, որը «Կորքմազհաքթամիր» էր ստորագրել, նամակ հղելով պատկերասրահին, առարկել էր լուսանկարի մակագրությանը, որը հստակ նշում էր, որ սպանվածները թուրքերի կազմակերպած կոտորածների զոհերն են: Ըստ նամակագրի, նրանք պարզապես «սովամահ» են եղել (եւ ոչ թե կոտորվել):
Այս «արտակարգ» թեզը, որը նաեւ ենթադրում է, որ Երկրորդ աշխարհամարտում նացիստների կողմից սովամահ եղած հրեաները չեն կարող Հոլոքոսթի զոհեր համարվել, այնքան էլ չի տպավորել «Հալթոնի» գլխավոր կառավարիչ Մաթիու Բաթսոնին: «Ինդիփենդենտն» ու «Թայմսն» այդ նկարը վերջերս օգտագործել են: Թուրքերի հիմնական առարկությունը մակագրության մեջ տեղ գտած «կոտորածներ» բառն է: Նման դեպքերում մենք սովորաբար վերստուգումներ ենք անցկացնում եւ ժամանակավորապես հանում նկարները մեր թղթապանակներից: Բայց հավատացած ենք, որ մեր մակագրությունը ճիշտ է, ասել է նա ավելացնելով, թուրքերի առաջ քաշած թեզը, որ սովամահ լինելը չի կարող կոտորածի մաս համարվել, ընդունելի չէ: Պարզապես, որովհետեւ դիմել են Եվրախորհրդին անդամակցելու, թուրքերը ցանկանում են իրենց պատմությունը մաքրել անցանկալի իրադարձություններից, բայց դա ընդունելի ձեւ չէ»:
Թուրքական կառավարությունը հետզհետե առավել մեծ գումարներ հատկացնելով ուժեղացնում է հայկական հոլոքոսթի փաստը ժխտելու քարոզարշավը: Ամերիկյան համալսարաններում ֆինանսավորում է ակադեմիական ամբիոններ, որտեղ պրոֆեսորները հարցականի տակ են դնում ցեղասպանության մանրամասները եւ տնտեսական բոյկոտներով սպառնում են եվրոպական երկրներին, որոնք համարձակվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երբ անցյալ ամիս նախագահ Ժակ Շիրակը որպես փաստ ընդունեց ցեղասպանությունը, Թուրքիան միլիոնավոր ֆունտ ստեռլինգ արժողությամբ պայմանագրեր չեղյալ համարեց:
Պնդելով, որ հայերը մահացել են «քաղաքացիական խժդժությունների» հետեւանքով եւ որ նրանք պաշտպանել են Թուրքիայի թշնամիներին Առաջին աշխարհամարտի օրերին, Թուրքիայի ներկա կառավարությունը հետեւողականորեն մերժել է ընդունել այդ ժամանակվա ականատեսների, այդ թվում նաեւ ամերիկացի դիվանագետների եւ միսիոներների վկայությունները, որ ցեղասպանությունը կազմակերպվել եւ իրագործվել է Օսմանյան Թուրքիայի կառավարիչների հատուկ հրամաններով: 20-րդ դարի երկրորդ հոլոքոսթը նախաձեռնելիս Հիտլերը հարցրել է իր գեներալներին. «Ո՞վ է այժմ հիշում Հայոց ցեղասպանությունը»:
Արտասահմանյան երկրներում տեղակայված թուրքական դեսպանատներն ամեն առիթ օգտագործել են ապացուցելու, որ Հիտլերի հարցը տեղին էր: Հազարավոր հայերի զանգվածային կոտորածները հրաձիգ ջոկատների կողմից, ինչպես նաեւ նույնքան կանանց եւ երեխաների սովամահ լինելը, բռնաբարությունն ու սպանդըՙ դեպի անապատներ զանգվածային բռնագաղթի ժամանակ, տեղ չունեն թուրքական պատմության գրքերում: Դրանք, ըստ թուրքերի, տեղ չունեն (չպետք է ունենան) նաեւ որեւէ այլ ազգի պատմության գրքերում:
Վերստուգումների ընթացքում «Հալթոնն», այնուամենայնիվ, նշել է, որ ի գին անձնական կյանքի Վեգների կողմից 1915-16 թթ. արված այդ երեք լուսանկարների հեղինակային իրավունքը պատկերասրահին չի պատկանում: Ըստ պրն Բաթսոնի, դրանք Գերմանիայում գտնվող պատմական մի արխիվի սեփականությունն են: Այս փաստը հաստատել է «Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության եւ վավերագրության բեռլինյան կենտրոնի» աշխատակիցներից Թեսա Հոֆմանը, որը վկայել է, որ երեքն էլ Վեգներն է լուսանկարել, եւ այնտեղ ներկայացվածներն իրոք Հայկական ցեղասպանության զոհեր են: «Լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է Մարբուխում (Գերմանիա) գտնվող Շիլլերի ազգային գրական արխիվին, ասել է նա, Վեգների ունեցվածքից որոշ նյութեր նրանք պահում են իրենց մոտ եւ մեզ են տվել Հայկական ցեղասպանությանն առնչվող լուսանկարները պատճենահանելու իրավունքն ի պատիվ Վեգների երկրորդ կնոջ, որը դեռ ողջ է եւ ապրում է Իսրայելում»:
Ըստ տկն Հոֆմանի, Վեգները, չնայած թուրքերից խիստ զգուշացվել է, լուսանկարել է կոտորված հայերին սիրիական անապատներում տեղադրված թուրքական համակենտրոնացման ճամբարներ կատարած իր այցելությունների ժամանակ: «Հաստատ չենք կարող ասել, թե երեք անշնչացած մարմինները մոր եւ երկու զավակներինն են, բայց ակնհայտ է, որ մի կին եւ երկու երեխաներ են դրանք: Իսկ որ լուսանկարներն իսկական ենՙ անառարկելի է: Իր օրագրում Արմինը գրանցել է այդ սովամահ եղած հայերին տեսած եւ լուսանկարած լինելը: Անշնչացած մարմիններից շատերը «քարացած եւ պնդացած էին», գրել է նա:
Ճակատագրի դառը հեգնանքն է, որ «Ինդիփենդենտի» զետեղած 3 հայերի այդ լուսանկարն առաջին անգամ տպագրվել է 1915 թ. հոկտեմբերի 18-ին դարձյալ «Ինդիփենդենտ» կոչվող ամերիկյան մի պարբերականում: Այդ ժամանակվա մակագրությունը եղել է. «Թուրքական վայրագության այս երեք զոհերը թափառումներից քշվածՙ ծայրահեղ սովածության եւ զրկանքների բաժին են դարձել անապատներում, որտեղ նրանց նման հազարավորներ կոտորվել են: Այստեղ պատկերված է անապատում գտնված մի մայր իր երկու զավակների հետ»: Լուսանկարին կից հրատարակված հոդվածի սկզբում կարդում ենք. «Աշխարհին հայտնի կրոնական հողի վրա կատարված կոտորածներից ամենալայնատարածն ու ամենագազանայինն այժմ իրականացվում է Թուրքիայում»:
Իրականում միայն Առաջին աշխարհամարտի ավարտին էր, որ պարզ դարձավ հայկական հոլոքոսթիՙ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից մինչեւ մեկուկես միլիոն սպանվածների ամբողջական տարողությունը:
Տկն Հոֆմանը հայտնում է, որ պատրաստ է իր համաձայնությունը տալ թերթերին, որպեսզի օգտագործեն Վեգների լուսանկարները (նրա էլեկտրոնային փոստի հասցեն էՙ tessahofmann@d-armenier-de):
Հավանաբար պրն Կորքմազհաքթամիրը նման մտադրություն չուներ, բայց «Հալթոնին» ուղղված նրա նամակն անկասկած էլ ավելի է խթանելու լուսանկարային այս թանկագին ապացույցների հետագա հրատարակումները: