Նախագահ Ալիեւի «կոմպլեմենտար» քաղաքականությունը ձախողվում է
Մարտի 28-ին իրանա-ադրբեջանական հարաբերություններում տեղի է ունեցել լուրջ միջադեպ, ինչը ենթադրել է տալիս, որ Թեհրան-Բաքու լարվածությունը թեւակոխում է նոր փուլ: Սկսած 1991թ., երբ հռչակվեց Ադրբեջանի Հանրապետությունը, իրանա-ադրբեջանական հարաբերությունները երբեք կառուցողական չեն եղել. դրանք կամ սառն են, կամՙ լարված, կամ էլՙ չափազանց լարված: Խելոք դիվանագետի համբավ վայելող Հեյդար Ալիեւը միշտ փորձել է միաժամանակ լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ Իրանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Վրաստանի հետ: Դիվանագիտության մեջ այդպես չի լինում. մի կողմից Ալիեւն իրեն համարում է իսկական շիա մահմեդականՙ Իրանին դուր գալու համար, մյուս կողմիցՙ պատրաստակամություն հայտնում երկրի տարածքում տեղաբաշխելու ՆԱՏՕ-ի զորքեր, ինչն անմիջապես արժանանում է Թեհրանի խիստ բացասական հակազդեցությանը: Կամՙ Ալիեւը փորձում է բարեկամություն անել միաժամանակ Մոսկվայի ու Վաշինգտոնի, Թեհրանի ու Թել Ավիվի հետ: Արդի դիվանագիտական պրակտիկայում արտաքին նման քաղաքականությունն անվանվում է «կոմպլեմենտար»:
Այժմՙ միջադեպի մասին: Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբոլա Բիթարաֆը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպելով նախագահ Հ. Ալիեւինՙ ասել է, թե իրանական կողմը ցանկություն ունի Արաքս գետի վրա Խուդաֆարինի անավարտ ջրամբարի կառուցումը վերջակետին հասցնել, ինչը չափազանց զայրացրել է 78-ամյա Ալիեւին: Խնդիրն այն է, որ Խուդաֆարինի անավարտ ջրամբարն այժմ գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ եւ դժվար է ասելՙ այդ տարածքները երբեւիցե հայկական կողմը կնվիրի՞ Ադբեջանին, թե՞ ոչ: Դատելով հայաստանյան քաղաքական ազդեցիկ ուժերի տրամադրություններից, կարելի է ասել, որ ազատագրված շրջանները մոտ ապագայում չեն հանձնվի հակառակորդին, թեեւ չափավորական ուժերը Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում պատրաստակամ են այս տարածքների ապագայի շուրջ բանակցելու: Իսկ Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից ոմանք, օրինակ, Ռազմիկ Վասիլյանն ափսոսում է, թե ինչո՞ւ չգրավեցին Բաքունՙ «չէ՞ որ դա բուն հայկական Բագավանն է»:
Իրանի էներգետիկայի նախարար Բիթարաֆը, ինչպես հաղորդում է ANS գործակալությունը, պնդել է, որ Խուդաֆարինի ջրամբարը պետք է կառուցվի, նշելով, թե «Հայաստանը շինարարական աշխատանքներին խոչընդոտներ չի ստեղծի եւ նման խոստում հայերը տվել են: Մենք չգիտենքՙ այդ տարածքները կազատագրվեն մե՞կ, թե՞ 15-20 տարի հետո: Չպետք է ժամանակ կորցնել»: Վերջին նախադասությունը հունից հանել է Հ. Ալիեւին. «Ո՞ւմ հետ եք կառուցելու ջրամբարը: Հայաստանի՞: Այդ տարածքները Հայաստանն է վերահսկում: Ես Ձեզ զգուշացնում եմՙ քանի դեռ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել եւ քանի դեռ չի լուծվել գրավյալ տարածքների խնդիրը, Խուդաֆարինի ամբարտակի կառուցման մասին խոսք լինել չի կարող: Ստացվում է, որ եթե այդ տարածքներն ազատագրված չեն, Դուք Հայաստանի հետ համագործակցում եք Ադրբեջանի տարածքում: Դա անհնար է»: Այսպես զայրացած Ալիեւը դադարեցրել է բանակցությունները եւ լքել դահլիճը:
Անհնար ոչինչ չի լինում: Օրինակ, «Էխո» պարբերականը հիշեցնում է, որ ադրբեջանական իշխանություններիՙ Իրանի հետ հարաբերությունները չսրելու ջանքերը, ինչպես նաեւ Իրանի կողմից տարվող հակաադրբեջանական գործողությունները հանգեցրել են նրան, որ «Թեհրանը ոչ միայն Ադրբեջանի հետաքրքրությունները, այլեւ ինքնիշխանությունը հաշվի չի առնում»: «Ինչքան ձգձգվի ԼՂ խնդրի լուծումը, այնքան շատ են նման հարցեր առաջանալու: Միգուցե այդ հողերում հայկական օկուպացիոն իշխանությունների հետ այլ «նախագծեր» են իրականացվելու», դառնանում է «Էխոն»:
Մինչդեռ, պետք չէ այդպես խանդով վերաբերվել հայ-իրանական համագործակցությանը: Օրինակ, պաշտոնական Երեւանը երբեք «ծուռ» աչքով չի նայում թուրք-ադրբեջանական համագործակցությանը, որը Էլչիբեյի իշխանության տարիներին ռազմավարականի վերածվելու միտումներ ուներ: Ո՞վ է մեղավոր վերջին երկու տարիների Բաքու-Թեհրան անընդհատ լարված հարաբերությունների համար: Կամ ինչո՞ւ են Նախիջեւան-Թեհրան կապերը կառուցողական: Ի դեպ, Ալիեւը Բիթարաֆին ասել է, թե ավելի լավ կլիներ Խուդաֆարինի փոխարեն Օրդուբադում կառուցել հիդրոէլեկտրակայան: Օրդուբադը եւս Արաքսի ափին է, բայց Նախիջեւանի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը, Իրանի էներգետիկայի նախարարն Ադրբեջանում Իրանի դեսպան Ահադ Ղազաեի ուղեկցությամբ Նախիջեւանում հանդիպել է Նախիջեւանի խորհրդարանի խոսնակ Վասեֆ Թալեբովի եւ վարչապետ Ալի Օսաթ Բախիովի հետ: Քննարկվել են նախիջեւանա-իրանական տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ